Մեկնաբանություն

27.12.2013 01:00


Պատվիրում ես «գաղջ»՝ դա էլ ստանում ես

Պատվիրում ես «գաղջ»՝ դա էլ ստանում ես

Երբ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանի համար «տոկոս էր խփվում»՝ ինչ-որ չեմ հիշում, որ որոշ լրատվամիջոցների լրագրողներն իրենց այն աստիճան «կոտորեին», ինչպես դա արեցին այսօր Տնտեսագիտական համալսարանում:

Կարծես, Ավարայրի ճակատամարտին էին մասնակցում: Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը հայրենիքի եւ ժողովրդի համար այդքան ճակատագրակա՞ն Է, որ պետք է անպայման եւ ամեն գնով ներկա լինել: Ենթադրենք ՀՀկ-ի «խուլիգանները» (որոնք արածը այլանդակություն է, իհարկե) չխոչընդոտեին, ի՞նչ էին անելու լրագրողները: Ներս էին մտնելու, լսելու էին ինչ-որ մեկի կողմից գրված Տարոն Մարգարյանի ատենախոսական ճառը եւ հեռանալու էին:

Ուրեմն, այդ ինչ մի կարեւոր իրադարձություն էր, որի շուրջ պետք էր անպայման այդքան աղմուկ բարձրացվեր: Մտնելու էիք սենյակ, որ ի՞նչ անեիք:

Փոխարենը լրագրողները նույն եռանդն ու ջանքը կարող էին թափել ու կանգնել այն 4 լրագրողների կողքին, ովքեր դեկտեմբերի 23-ին ակցիա իրականացրեցին ԱԺ դահլիճում՝ պաստառները վերպարզած կանգնելով ՀՀԿ-ական պատգամավորների դիմաց:

Ո՞րն Է ավելի կարեւոր. Տարոն Մարգարյանի պաշտպանությո՞ւնը, թե՞ գազային համաձայնագրի ընդունումը թույլ չտալը կամ ընդդեմ ԱԺ մեծամասնության ակցիա անելը: Այս ի՞նչ արտոնված հանրահավաք է Տնտեսագիտական համալսարանում։ Ակնհայտորեն՝ Սերժ Սարգսյանը որոշել է հերթական անգամ նվաստացնել Երևանում իրենից շատ «տոկոս խփած» Տարոն Մարգարյանին։

Անցած 20 տարիների ընթացքում Տարոն Մարգարյանի նման հազարավորներն են ատենախոսություն պաշտպանել: Ո՞ւմ համար է դա գաղտնիք: 2000-ականներին բազմաթիվ անգամ ներկա եմ եղել նման պաշտպանությունների: Եվ, ի դեպ, այն ժամանակ որեւէ մեկը չի խոչընդոտել, հանգիստ ներս եմ մտել եւ ամեն անգամ ոչ մի լրագրողի չեմ տեսել: Նույն տարոնանմաններն էլ (գուցե ավելի վատերը) հանգիստ «պաշտպանել» են, հանձնաժողովը դրական է գնահատել պաշտպանությունը, բանկետ են արել եւ դրանով ամեն ինչ ավարտվել է: Բայց կրկնում եմ, ոչ մի լրագրողի չեմ տեսել այդ պաշտպանությունների ժամանակ:

Երբ Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը դարձան բժշկական գիտությունների թեկնածուներ, ինչ է, նրանք արժանի՞ էին այդ գիտական կոչմանը:

Սակայն, այդ ժամանակ լրագրողներին ընդհանրապես չհետաքրքրեց այդ հարցը: Թե՞, կարծում էին, որ Աշոտյանն ու Ավագյանը իսկապես ապագա սկլիֆոսովսկիներ են դառնալու:

Թե ինչ են դարձել, ձեզ լավ հայտնի է: Բա նման մի աղմուկ էլ այն ժամանակ բարձրացնեիք:

Եվ ընդհանրապես, իշխանության մեջ լիքն են նման «գիտնականները», «դոկտորներն» ու «ակադեմիկոսները»: Երբ աղմուկ է բարձրացվում մեկի դեպքում, իսկ մնացածների մասով քար լռություն է պահպանվում, հասկանում ես, թե որտեղից է փչում քամին եւ ում հրահանգով են որոշ լրագրողներ հանկարծ որոշում «սրտացավություն» դրսեւորել գիտության ոլորտի նկատմամբ: Լրագրողներ, որոնք հայկական գիտության ներկա վիճակի մասին մի տող չեն գրել, երբեք Աշոտյանին չեն հարցրել՝ այդ ԲՈՀ կոչվածը իշխանության անձնական օգտագործման համար եք պահո՞ւմ, թե՞ փորձում եք վերահսկողություն իրականացնել, որ գիտական չափանիշները այն աստիճան գետնատարած չդառնան, ինչը թույլ է տալիս ձեր նմաններին գիտության վկայական ձեռք բերել որպես «օժիտ»:

Որքան կարելի է «սկանդալներ» ու «սենսացիաներ» փնտրել՝ չցանկանալով խորանալ խնդրի էության մեջ: Որքան կարելի է վերին հանձնարարականով խմբով վազել նույն ուղղությամբ՝ «չտեսնելու» տալով իրական հիմնախնդիրները:

Եվ այս ամենը կոչվում է լրագրություն: Սերժ Սարգսյանի համար նախընտրելի լրագրությունը հենց սա է, որ կա:

Մնում է զարմանալ, թե ինչու է նա բողոքում «գաղջ» մթնոլորտից: Չէ՞ որ գաղջի պատվիրատուն հենց ինքն է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը