Լրահոս

24.12.2013 14:42


ԱԺ 4 խմբակցությունները փակ խորհրդակցություն են անցկացրել

ԱԺ 4 խմբակցությունները փակ խորհրդակցություն են անցկացրել

Այսօր ՀՀ ԱԺ–ում տեղի է ունեցել ոչկոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» համատեղ փակ խորհրդակցությունը։ Քննարկվել են հետագա գործողությունների ծրագրերը։

Խորհրդակցությունից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ խորհրդակցությունը շատ արդյունավետ է եղել.

–Որոշեցինք պահպանել ՍԴ դիմելու օրակարգը, բայց մինչ այդ կան քայլեր, որոնք կարող ենք ԱԺ-ի մեր լիազորությունների շրջանակներում իրականացնել: Հենց այդ խնդիրների վերաբերյալ էլ նոր լուծումներ գտանք։ Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված մեր ներկայացուցիչներն այսօր՝ ժամը 17։00–ին, կհավաքվեն և ավելի կհստակեցնեն ստեղծված իրավիճակի ողջ աբսուրդն ու անօրինականությունը։

Նա ավելացրել է, որ ապացույցներ կներկայացնեն, որ քաղաքական մեծամասնությունը «գազային» համաձայնագիրը հաստատելիս չի պահպանել կարգը։

–Քվեարկությունն անօրինական էր, հետևաբար, վավերացում տեղի չի ունեցել,–ընդգծել է Ռուստամյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրել է՝ ավանդույթ է ձևավորվել, որ երբ իշխանությունը նեղն է ընկնում, դիմում են իրենց միջի եզակի ինտելեկտուալներից մեկին՝ Դավիթ Հարությունյանին։

–Դ. Հարությունյանը հայտնի է որպես մանիպուլյատոր։ Նա փորձում է բառախաղերով, խառնելով իրար բոլոր հոդվածները, փրկել կատարված անօրինականության դեմքը: Չի՛ հաջողվելու։ Ես շատ բարձր եմ գնահատում մանիպուլյացիա անելու Դ. Հարությունյանի բացառիկ ունակությունը, բայց կա՛ հստակ օրենք, կա՛ Սահմանադրություն, կա՛ ՍԴ-ի մասին օրենք, կա՛ ԱԺ-ի գործունեությունը կարգավորող օրենք,–նշել է Ն. Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է ձեռքերը բարձրացրած պատգամավորներին Հաշվիչ հանձնաժողովի կողմից հաշվելուն, նա նկատել է.

–Գիտեք՝ եթե ԱԺ-ում նստած պատգամավորների գլուխները հաշվում են գրիչներով, Հաշվիչ հանձնաժողովի անդամները կարող են ասել, որ ընդհանրապես դահլիճում ՀՀԿ պատգամավոր չի եղել։ Եղե՞լ է հաշվիչ հանձնաժողովի նիստ, չի՛ եղել: Հիմա ես էլ կարող եմ հայտարարել, որ բոլոր հանրապետականները քվեարկել են դեմ: Քանի՞ գլուխ է ներկա եղել, քանիսը՝ ոչ, պարզ չէ։ Սա այն ժամանակները չեն, որ ասեն՝ գավարիմ պարտիա, աբազնաչայեմ Լենին։

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորներն ամեն ինչ շատ լավ գիտակցում են, բայց կատարում են հանցագործությունը.

–Նման համաձայնագրի վավերացումն ուղղակի հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, ընդհանրապես հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին։ Այն «Գազպրոմ»–ին հռչակում է որպես պետություն պետության մեջ, որը վեր է ՀՀ օրենքներից:

Նա սուտ է որակել պնդումը, թե Հաշվիչ հանձնաժողովը հաշվել է «կողմ» քվեարկածներին։

«Հաշվիչ հանձնաժողով՝ որպես մարմին, այդ օրը գոյություն չի ունեցել դահլիճում»,–ընդգծել է Զուրաբյանը։

Նշենք, որ այսօր՝ ժամը 17։00–ին, ԱԺ 4 խմբակցությունների խորհրդակցության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիս տեղի կունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը