Մեկնաբանություն

23.12.2013 15:48


Կրկնակի ապօրինություն

Կրկնակի ապօրինություն

Եվ այսպես, ԱԺ–ն 77 ձայնով ապօրինաբար հաստատեց «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի և իշխանությունների խաբեության արդյունքում ՀՀ–ի կուտակած պարտքի հետ կապված փաստաթղթերը։ Խորհրդարանական մեծամասնությունը, պիոներիկների պես ձեռքերը վեր պարզած, մասնակից դարձավ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի կնքած ապօրինի գործարքին։

Մոսկվա մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանին պետք էր ցույց տալ, որ ինքը տիրապետում է իրավիճակին, և որ խորհրդարանը կդակի իր ուղարկած ցանկացած փաստաթուղթ։ Նկատենք, սակայն, որ ՀՀԿ ղեկավարի այդ նպատակը չիրականացավ, քանզի ԱԺ–ն ապօրինաբար է վավերացրել փաստաթուղթը։

Ինչպես ԱԺ չորս խմբակցությունների (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») հայտարարության մեջ է ներկայացված՝ հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

Խնդիրն այն է, որ հաշվիչ հանձնաժողովում քվորում չի ապահովվել, քանզի ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները չեն մասնակցել Հաշվիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովում կա 7 անդամ։ Ասել է թե՝ երեք հոգով հանձնաժողովը չէր կարող որոշում ընդունել և ընդունված համարել համաձայնագիրը։ Հետևաբար, «գազային» համաձայնագիրն ընդունված չէ։ Հակառակը պնդողները կրկնակի ապօրինություն են գործում։

Այնպես որ, Սերժ Սարգսյանը «պռավալի» ենթարկվեց։ Նա ուզում է հիմա ամեն կերպ քծնել ռուսներին ու «Գյուլիստան» օպերացիային միս ու արյուն տալ, սակայն խիարը պարբերաբար թարս է բուսնում։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Իշխանություններն իրենց ձեռքի տակ եղած «դիշովկեքին» հիմա քսի են տալիս ԱԺ–ում ներկայացված ոչ իշխանական ուժերի դեմ, որպեսզի «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ը ներսից պառակտեն, բայց դե, դրանով իսկ պայթացնում են իրենց «ականներին»։ Ուրիշ ոչինչ։

Այս խորագրի վերջին նյութերը