Լրահոս

20.12.2013 22:38


ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի ելույթը (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի ելույթը (տեսանյութ)

Եթե մենք քննարկելու լինենք միայն այս պայմանագիրը առանձին վերցրած, ապա այն բոլոր թերություններով հանդերձ, որոնց մասին շատ խոսեցին իմ գործընկերները, շատ քիչ բան կտա մեզ: Ուստի ես կխոսեմ այս պայմանգրի մասին հայ-ռուսական հարաբերությունների կոնտոստում: 2012թ ընթացքում մեզ ասում էին, որ գազը չի թանկացել, բանակցություններ են ընթանում, թանկանալու դեպքում` կառավարությունը կսուբսիդավորի:

Հիմա պարզվում է, որ կուտակվել 300 միլիոն դոլար պարտք, որի դիմաց ռուսական կողմին ենք փոխանցում ընկերության մեզ պատկանող քսան տոկոս բաժնեմասով: Կնքվել է մի պայմանագիր, որն իր էությամբ ամենեւին էլ շարքային եւ սովորոկան չի, այն իր մեջ պարունակում է ֆինանսական լուրջ գործարք, բայց կնքվել է առանց որեւէ քաղաքական քննարկման եւ առանց Ազգային Ժողովին մասնակից դարձնելու: Այսօր մենք չենք քննարկում ինչ անել, այլ քննարկում ենք փաստաթուղթը վավերացնելու հարցը: Հիմա ասում են եկեք վավերացնենք, որովհետեւ այլ ելք չկա: Այլ ելք գուցե եւ չկա, սա շատ նման է այն դեպքին, երբ մեկը փոխանակ աշխատի եւ գումար վաստակի, տան իրերն է ծախում, որպեսզի սնունդ ու վառելիք առնի: Ծախում է պահարանը, հեռուստացույցը, գազի բալոնը, իսկ հետո այդ նույն գազի բալոնը վարձում է, որ գազ առնի: Հերթական անգամ մեզ ասում են, որ ելք չկա: Կառավարության ծրագիր քննարկելու ժամանակ ասում են այլ ելք չկա, այլ բան իրատեսական չի, Մեր հնարավորություններն այսքան են:

Բյուջեն քննարկելիս ասում են` հնարավոր չի, մենք ստիպված ենք գնում այս քայլերին, որովհետեւ միայն սա է իրատեսական, իսկ դուք պոպուլիզմով եք զբաղվում: Կուտակային կենսաթոշակի խնդիրները քննարկելիս ասում են` ազգաբնակչությունը ծերանում է, եւ միայն այս համակարգով է հնարավոր թոշակներ վճարել: Այս թվարկումը կարելի է երկար շարունակել, իսկ հետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը այդ պահին ճիշտ են: Սակայն եկեք այլ տեսակետից նայենք. Իսկ ով է մեղավոր, որ տնտեսական սխալ քաղաքականության, հարկային տեռորի, հովանավորվող մենաշնորհների բացահայտ կոռուպցիայի պատճառով օր-օրի փակվում են աշխատող ձեռնարկություններ եւ օբյեկտներ, որի արդյունքում նվազում են բյուջեյի մուտքերը, աճում գործազրկությունը, աղքատությունը, արտքգաղթը: Ով է մեղավոր, որ աշխատունակ մարդկանց ահռելի չափերի հասնող արտագաղթի պատճառով ազգաբնակչությունը ծերանում է: Այդ ով անսխալական կեցվածքով եւ դեմքի ամեն ինչ իմացողի արտահայտությամբ երկիրը հասցրեց դինամիկ լճացման, որի արդյունքում այն աստիճանաբար ենթարկվում է կոլապսի:

Քաղաքական գործունեության մեջ ես ամբողջությամբ հարում եմ պրագմատիզմին: Ավելին, ես համարում եմ, որ ճիշտ քայլը եւ լավ արդյունքը, Որին պետք է ձգտել տվյալ պահին, այն չէ ինչ լավ է ընդհանրապես, Տեսականորեն, այլ այն, ինչին հնարավոր է հասնել այդ պահին ելնելով քո հնարավորություններից, նվազագույն կորուստներով: Արդյոք այն, ինչ մեզ այսօր դեմ են անում բանակցությունների լավ արդյունք է եւ տեղավորվում է այս դադողությունների մեջ: Կարծում եմ ոչ: Այնպես չէ, որ մենք միայն կնքել ենք վատ պայմանագիր, կամ միայն այս պայմանագիրն է վատը: Կոնկրետ բանակցողն էլ առանձնապես մեղավոր չի, լուրջ արդյունքի համար ուժեղ թիկունք է պետք: Փաստորեն մեզ ասում են, որ Ռուսաստանը դեմ է արել եւ պարտքն է ուզում, Մենք էլ տալիս ենք մեր ունեցած 20 տոկոս բաժնեմասը,այսինքն գազի բալոնը:

Իսկ ինչու է Ռուսաստանը այդպես վարվում մեր հետ: Արդյոք միայն ինքն էմեղավոր այս հարաբերությունների մեջ, թե մենք էլ ունենք մեր բաժինը, կամ մերն է հիմնական մեղավորությունը: Ռուսաստանը բազմաթիվ երկրներիզիջում է միլիարդավոր դոլարներ,կնքում է նաև դիմացինի համար արժանապատիվ պայմանագրեր, իսկ մեզնից վերցնում է դրանց համեմատ կոպեկներ:Եթե այս հարցի պատասխանը չգտնենք և անկեղծորեն չբարձրաձայնենք, ապա մշտապես հայտնվելու ենք նմանատիպ իրավիճակներում: Ես վստահ եմ Ռուսաստանին դա՜ չի պետք: Մի մակերեսային վեճ է գնում Հայաստանի քաղաքական դաշտում: Այն բաժանված է երկու ճամբարների` արևմտամետների և ռուսամետների /ի սկզբանե ասեմ, որ այսպիսի բաժանման մեջ ես իմ տեղը չեմ գտնում/: Մի մասը գտնում է, որ Ռուսաստանը վերցնում է ամեն ինչ` տնտեսական և այլ նշանակության լծակներ, կառույցներ և ձգտում է թուլացնել Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ մյուսը` որ Ռուսաստանը դա անում է հանուն Հայաստանի, որպեսզի Հայաստանը չապականվի եվրոպական վտանգավոր արժեհամակարգով: Ասեմ, որ երկու տեսակետներնել պարզունակ են և երկուսին էլ չեմ հավատում: Եվ ասեմ, նաև վստահ եմ, որ Ռուսաստանը կուզենար Հարավային Կովկասում տեսնել ուժեղ և ռազմավարական պայմանագրով ստանձնած պարտավորություններին հավատարիմ և կանխատեսելի Հայաստան:

Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և մի շարք այլ պայմանագրերի Ռուսաստանը շատ ավելի լուրջ է վերաբերվում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ռուսաստանի տեսակետը, կարծում եմ, շատ պարզ է: Կամ իր ռազմավարական գործընկերն է լինում ուժեղ, կանխատեսելի եւ պայմանագրային պարտավորություններին հավատարիմ, կամ այդ տարածքում ինքն է լինում ուժեղ: Այս բանաձևի մեջ մենք ընտրել ենք երկրորդը: Կարծում եմ այս դատողությունների շրջանակում հետաքրքրական է հիշել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ մենք չենք միանում մաքսային միությանը, որովհետև նախ սահման չունենք այդ երկրների հետ և երկրորդ` մաքսային միությանը միանալով կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, որ մենք ստորագրում ենք եվրոպական ասոցացման պայմանագիրը: Կարճ ժամանակ անց հայտարարվեց տրամագծորեն հակառակը, որ մենք միանում ենք մաքսային միությանը: Քաղաքական և տնտեսական գործընկերության համար շատ կարևոր է տվյալ երկրի կայուն տեսակետ ունենալը և կանխատեսելիությունը: Մենք և Եվրոպային և Ռուսաստանին ցույց տվեցինք, որ մենք այդպիսին չենք: Իսկ Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ներկայացված լինելը կենսական նշանակություն ունի:

Այստեղից պարզ երևում և հասկանալի է դառնում մեր հետ հարաբերություններում Ռուսաստանի քայլերի հետևողականությունը: Պայմանագիրը, որն այսօր ներկայացված է մեզ` վավերացման համար, ես նայում եմ այս ամբողջ շարադրանքի կոնտեկստում: Անիմաստ է առանձին վերցրած դրա մասին խոսել` լավն է այն, թե վատը: Այն ծնունդ է նախորդ տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների , որտեղ, գաղտնիք չէ, բազմաթիվ են կնճիռները, բազմաթիվ են խնդիները: Ես չեմ ուզում մասնակիցը լինել, այս փաստաթղթի վավերացման, որը ծնվել է ներքին և արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ կոպիտ սխալների արդյունքում և հռետորական հարց եմ ուզում հնչեցնել: Արտաքին աշխարհում երկրի այսպիսի իմիջով ուր ենք ուզում գնալ:

Այս խորագրի վերջին նյութերը