Մեկնաբանություն

20.12.2013 00:49


«Հայե՛ր, մեղք է մեր ապագային. խղճանք վրան»

«Հայե՛ր, մեղք է մեր ապագային. խղճանք վրան»

Տարին ավարտվում է, հետ ես նայում ու ոչինչ չես տեսնում: Մեկ էլ հանկարծ հիշում ես Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական ծրագիրը:

Մտածում ես՝ կարելի է մի հատ աչքի անցկացնել, ինչ իմանաս, կարող է այնտեղ ինչ-որ բաներ կան, որոնք իրականություն են դարձել անցած մեկ տարվա ընթացքում ու մենք, որ «սեւ ակնոցով» ենք նայում իրականությանը՝ չկամությամբ չենք ուզում տեսնել 2013-ի «ձեռքբերումները»։ Մանավանդ, երբ հունվարին Սերժ Սարգսյանը հրապարակեց իր ծրագիրը, մարդիկ առանձնապես լուրջ չընդունեցին այն:

Բայց դե, մեկ տարի է անցել, մարդ ես, էլի՝ կարող է շռայլորեն տված խոստումներից գոնե մեկը կատարել է:

Եվ ինչ եմ հայտնաբերում այդ տեքստում, այն էլ, ինչպես ասում են «էս նախատոնական ազիզ օրով»։

Ահա.

Ապահով հայրենիք

Ապահով հայրենիքի թիվ մեկ գրավականը. Հայոց բանակ

Արտաքին քաղաքականությունը դեպի ապահով Հայաստան ճանապարհին

Լեռնային ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է

Ապահով կարող է լինել միայն արդար Հայաստանը

Ազատ Հայաստանն է ապահով Հայաստանը

Ապահովված ընտանիքներ

Ապահովված գյուղ, արդյունավետ գյուղատնտեսություն

Համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում

Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ

Առողջ ընտանիքներ:

Գրեթե բոլոր ենթավերնագրերում կա «ապահով» բառը:

Երեւի, մոռացել է նշել միայն «ապահով Ամանոր»-ը:

Ի դեպ, ծրագրում ոչ ժամկետներ են նշված, ոչ թվեր եւ ոչ էլ տոկոսներ:

Մարդն իրեն լավ էլ «ապահով»ագրել է: Այսինքն՝ հանգիստ կարող է արդարանալ. «Էկել ես ստեղ, դժգոհում ես, որ մի տարում բան չենք արել, որ ի՞նչ անես»:

Դե, չենք ասում ընդհանրապես ոչինչ չի արվել:

«Արտաքին քաղաքականությունը դեպի ապահով Հայաստան ճանապարհին»:

Այս կետն, օրինակ, կատարվել է: Ճիշտ է, մի քիչ անհասկանալի ձեւով, բայց կատարվել է՝ «Արտաքին քաղաքականությունը «չերեզ» ԵՄ դեպի Մաքսային միություն ու այնտեղից էլ՝ Գյուլիստան»:

Մնացած կետերն էլ «ապահով ընտանիքները» կարող են դնել իրենց սեղաններին եւ Նոր տարի անել:

Բայց հարգելի՛ «ապահով ընտանիքներ», այդ կարգախոսները «համտեսելու» արանքում չմոռանաք հիշել նաեւ Հակոբ Պարոնյանին.

- Ազգային գործերնիս ասկեց տարի մը առաջ ինչ վիճակի մեջ էին նե նույն վիճակին մեջ են նաև այսօր, պիտի ըլլան նաև վաղը, մյուս օրը, գալ շաբաթ, գալ ամիս, գալ տարի և այլն:

- Հայե՛ր, մեղք է մեր ապագային. խղճանք վրան:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը