Լրահոս

19.12.2013 10:14


Վահե Էնֆիաջյան. «Ուորլիքի հայտարարությունն ինքնին անհանգստության տեղիք պիտի տա»

Վահե Էնֆիաջյան. «Ուորլիքի հայտարարությունն ինքնին անհանգստության տեղիք պիտի տա»

Հարցազրույց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ

–Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր խաղալ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում:

–Հայտարարությունն ինքնին անհանգստության տեղիք պիտի տա, որովհետև ԵԱՀԿ ՄԽ-ն տարիներ շարունակ աշխատում է հստակ ձևաչափով: Ինքս չեմ կարծում, որ պրն. Ուորլիքի հայտարարությունը տեղին էր, առավել ևս՝ պետք է գիտակցել, որ Թուրքիայի հավանական մասնակցությունը Միսնկի խմբի աշխատանքներին լինելու է կողմնակալ և պաշտպանելու է ադրբեջանական դիրքորոշումը: Ամեն դեպքում, լավատեսությամբ լցված չեմ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահի արած արտահայտության հետ կապված, և կարծում եմ՝ անհրաժեշտ է սպասել գործողությունների ապագա զարգացումներին:

–Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված հենց ա՛յս օրերին նման հայտարարությամբ հանդես գալը։ Արդյոք դա Մաքսային միությանը միանալու և ԵՄ–ի հետ երկարատև բանակցություններից հետո ասոցացման համաձայնագիրը չստորագրելու ՀՀ իշխանության գործելաոճի ուղիղ հետևա՞նքը չէ։

–Առհասարակ, դիվանագիտության մեջ չկան հենց այնպես ասվող բառեր կամ արվող գործողություններ, իսկ հարցը ճիշտ կլիներ ուղղել անձամբ Ուորլիքին և ստանալ հիմնավորումներ:

–Բայց սա չի՞ խոսում Հայաստանի գործող իշխանության արտաքին և ներքին քաղաքականության ձախողման մասին:

–ՀՀ ներկայիս կառավարության կողմից իրականացվող անարդյունավետ քաղաքականությունը, կայացված որոշումներն ու դրանց տխրահռչակ զարգացումներն ակնհայտ են և տեսանելի բոլորին: Դա են վկայում խորհրդարանի և հենց կառավարության շենքի առջև իրականացվող բողոքի ցույցերը: Երկրում վարվող քաղաքականությունն, անկախ իր ուղղությունից, պետք է լինի պրոհայկական, այսինքն՝ յուրաքանչյուր իրականացվող քայլ, գործողություն պետք է լինի համընդհանուր շահ հետապնդող, իսկ քաղաքական ու հասարակական կայացվող յուրաքանչյուր որոշում լինի հեռանկարային՝ հիմնված փորձագետների, քաղաքագետների, ոլորտի մասնագետների և, իհարկե, հասարակության կողմից հավանություն ստացած փաստերի վրա:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը