Մեկնաբանություն

18.12.2013 17:35


Ուկրաինայի ինքնիշխանության ավարտը

Ուկրաինայի ինքնիշխանության ավարտը

Մինչ մեր տնաբույծ «արևմտամետները» համացանցում իրենց հորթային հրճվանքն են ցուցադրում Կիևում տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ և բոցաշունչ ստատուսներ գրում Ուկրաինայի ինքնիշխանության թեմայով, Մայդանում ծվեն–ծվեն են արվում այդ պետության ինքնիշխանության վերջին կտորները։

«Ա լյա» Սերժ Սարգսյան իրականացրած արտաքին քաղաքականության և Յանուկովիչի՝ բոլորին «այո» ասելու «խասիաթի» հետևանքով Ուկրաինան վերածվել է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև պայքարի թատերաբեմի։ Արևմուտքից ու Արևելքից հիմա այնպիսի ուժով են քաշքշում, որ Ուկրաինան պարզապես կարող է վերանալ աշխարհի քաղաքական քարտեզի վրայից՝ բաժանվելով երկու մասի։

Ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք գնալ, երբ արևմտյան էմիսարները հայտնվում են իրադարձությունների կենտրոնում, երբ Լեհաստանի պատգամավորները վրան են խփում Մայդանում, երբ Յանուկովիչը կեղտոտ առևտուր է անում Մոսկվայի ու Բրյուսելի հետ։ Սա «սառը» պատերազմի «լայթ» տարբերակն է, ուրիշ ոչինչ։

Նկատենք, որ անկախ այն հանգամանքից, թե ինչով կավարտվի Մայդանի «ռասկաչկան», այլևս հին Ուկրաինան չի լինի այն առումով, որ, պատկերավոր ասած, այդ երկրի բանալիներն այլևս Վաշինգտոնի, Բրյուսելի ու Մոսկվայի ձեռքերում են։ Կիևին վերապահված է շոուի ապահովման գործը։

Արևմուտքը հիմա չի թաքցնում, որ ԵՄ ասոցացման գործընթացն իրականում հակառուսական նախագիծ է եղել։ Մոսկվան էլ իր հերթին շանտաժի է ենթարկում Կիևին ու հասկացնում, որ թույլ չի տա Ուկրաինայի տարածքով ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի Արևելք։ Արդյունքում՝ Ուկրաինայի քաղաքացիները վերածվել են մանրադրամի գերտերությունների ձեռքում։ Ահա թե ինչի կարող է հանգեցնել Յանուկովիչի աշխարհաքաղաքական բոմժությունը և թափառաշրջիկությունը։

Այս ամենի ֆոնին շատ ծիծաղելի վիճակում են հայտնվում բոլոր այն մարդիկ (այդ թվում՝ հայաստանյան «արևմտամետները»), ովքեր Արևմուտքի վասալ դառնալը չեն համարում պետության ինքնիշխանության կորուստ, իսկ ահա Ռուսաստանի տակ կքելը համարում են։ Վասալը մնում է վասալ, ի՞նչ տարբերություն, թե ում վասալն է։ Վասալի «արևմտամետն» ու «ռուսամետը» ո՞րն է։ Վասալը չի կարող որոշում կայացնել, էլ ուր մնաց, թե «միտվի» լինի։

Ուկրաինային, ըստ ամենայնի, սպասում է Սերբիայի ճակատագիրը (հիշենք, թե դրանից առաջ քանի մասի բաժանվեց Հարավսլավիան)։ Արևմուտքն այդ երկրից պոկեց Կոսովոն՝ Սերբիային խոստանալով ԵՄ–ի անդամություն։ Կոսովոն անկախացավ, բայց Սերբիան դեռ ԵՄ անդամ չի դարձել։

Ուկրաինայի համար լավագույնն, անշուշտ, կլիներ ԵՄ–ի հետ ասոցացումից և Մաքսային միություն մտնելուց հրաժարվելն ու սեփական ինքնիշխանությունը պահպանելը, բայց երբ վարվում է «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն, բանը բանից անցնում է։ Ուկրաինայի ճակատագիրն այլևս ուկրաինացիների ձեռքում չէ։ Նրանք ինքնիշխանությունը կորցրեցին Յանուկովիչի ձեռամբ։

Հայաստանի հետ զուգահեռներ անցկացնելով՝ պետք է նշել, որ առնվազն միամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե ճիշտ կլինի Ղարաբաղը հանձնելու գնով ԵՄ–ի հետ ասոցացվելը։ Մենք ո՛չ Սերբիայի, ո՛չ Մոլդովայի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի պես չենք կարող մեզ պահել, քանզի առանց Ղարաբաղ ՀՀ–ի անվտանգությունը պարզապես կվերանա, ու մենք պետություն կկորցնենք։ Լավ կլինի, որ այս ամենն ականջներին օղ անեն մերօրյա ղուկասղուկասյանները։

Հայաստանի համար լավագույնը Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հավասարապես լավ հարաբերություններ հաստատելն է։ ՄՄ–ին անդամագրվելով՝ մենք կորցնում ենք Արևմուտքը, իսկ ՌԴ–ի հետ էլ չենք բարեկամանում։ Բայց դե, «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը լրիվ այլ չափումների մեջ է ապրում։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը հայտնվել է Կրեմլի պատերի տակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը