Մեկնաբանություն

01.08.2009 15:58


Բրայզայից մինչև Հայրիկյան

Բրայզայից մինչև Հայրիկյան

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երկու անգամ առիթ ունեցավ իր սիրելի Ադրբեջանի նախագահ Ալիևի բառերով աշխարհին փողհարելու, թե Արցախյան խնդրի կարգավորման համար Հայաստանը բառացիորեն պետք է Ադրբեջանին հանձնի ազատամարտի տարիներին ազերիներից ազատագրված 7 շրջանները։ Հայաստանում էլ  չմնաց մեկը, որ Բրայզային չուղարկեր Բաքվում դեսպան աշխատելու։ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը դրան շատ յուրօրինակ բացատրություն էր գտել.  «Իլհամ Ալիևը միջազգային հանրության շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծել, թե իր հասարակության հետ աշխատելու այնքան մեծ խնդիր ունի, որ կողքից օժանդակության ու օգնության կարիք ունի»։ Բնականաբար, այդ օժանդակությունը, հավանաբար՝  «ինքնագլուխ», ապահովում է հենց ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Հայաստանի իշխանություններն էլ բազմիցս կարծիք են արտահայտել, թե  Աղդամն իրենց հայրենիքը չէ, ինչի համար հասարակության հետ պակաս խնդիրներ չունեն, քան Ալիևը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում ես գլուխ էի կոտրում, թե ինչո՞ւ համանախագահներից մեկն էլ Սերժ Սարգսյանին չի օժանդակում։ Սակայն պատասխանը գտա բոլորովին ոչ այնտեղ, որտեղից սպասում էի։ Այսօր Ղարաբաղը տալու  և հանգիստ ապրելու կողմնակիցների պակաս Հայաստանում չկա։ Դրա մասին ակնարկում են անգամ ընդդիմության հանրահավաքներում, թեև իրավիճակի միակ պատասխանատու են համարում գործող իշխանությանը։ Բնականաբար, դա ողջ ընդդիմադիր դաշտի հաշվարկների մեջ չի տեղավորվում։ Նրանցից շատերը հասկանում են, որ Ղարաբաղը (տվյալ դեպքում ազատագրված տարածքները) «իրենց գրպանում չէ», որ տան ու հանգիստ ապրեն. իրենց չեն հասկանա ու հանրահավաքներում չեն ծափահարի...

Տեսեք՝ ի՞նչ է ասում ՀԱԿ անդամ Վահան Շիրխանյանը. «...այսօր ոչ միայն իշխանությունն է ասում, թե սա (Մադրիդյան սկզբունքները-խմբ.) շատ ավելի լավն է, այլ նաև ընդդիմության մարդիկ են ասում, որ սա ընդունելի է, սա շատ ավելի լավն է, և պետք է գնալ այդ ճանապարհով»։

Այս օրերին հետաքրքիր գործընթացներ են զարգանում նաև իշխանական դաշտում։ Մասնավորապես արցախյան «տուրնեից» հետո ակտիվացել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը, որն արդեն հայտարարել է Ղարաբաղի վերաբերյալ իր հայեցակարգի ձևավորման մասին, և որտեղ առանձնահատուկ նշանակություն են տալու ազատագրված տարածքների վերաբնակեցմանը։ Թերևս մշուշապատ է այն հեռանկարը, որ նախագահը պատրաստ է լսել Հանրային խորհրդի բոլոր առաջարկները (միջազգային հանրություն կա, ստացված ու դեռևս սպասվող վարկեր կան...), ավելին, հայտնի չէ, թե կոնկրետ որ տարածքների վերաբնակեցման խնդիր կդրվի՝ բոլոր 7 շրջանների՞նը, թե՞ միայն Հայաստանի հետ ցամաքային կապի տարածքը... Բայց քայլն արված է։ 

Անչափ հետաքրքիր էր իմանալ անորոշ կամ, իրականում, շատ որոշակի քաղաքական դիրքում գտնվողների կարծիքը։ Նրանք իրենց երկար սպասել չտվեցին։ Մասնավորապես ելույթ ունեցավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու հայտարարեց, թե բանակցել՝ նշանակում է ստանալ և զիջել (հուսով եմ՝ պարոն Հայրիկյանը կնշի նաև այդ բանաձևի սկզբնաղբյուրը)։ Անմիջապես  զարգացնելով միտքը՝ ԱԻՄ առաջնորդը  հայտնեց. «Նրանք, ովքեր կարծում են, թե ինչ-որ զիջումներ անելով՝ մենք ամեն ինչ կորցնելու ենք, մի քիչ չափազանցնում են»։ Բնականաբար, նաև հետևել է  հայոց վերջին հերոսամարտի, Հայաստանի անկախության ու էլի բազում ձեռքբերումների ակունքներում եղած (որոշ և առավելապես հենց Հայրիկյանի գնահատականներով՝ նաև հեգեմոն) քաղաքական գործչի «վերդիկտը».  «Բարեբախտաբար, մենք հիմա այն վիճակում ենք, որ նաև զիջելու ինչ-որ բան ունենք՝ ազատագրյալ տարածքները։ Վայ էն առևտրականին, որ տալու ոչինչ չունի, բայց ուզում է ստանալ»։

Տեսնես դրա մասին ի՞նչ կասեին ԱԻՄ-ի ջոկատի զոհված տղաները, այդ մասին ի՞նչ են մտածում նրանց ընտանիքների անդամները, Քաշաթաղում սփռված «Աիմավանների» մոլորված բնակիչները։ Ամերիկացի համանախագահն այսուհետ ազատագրված տարածքների ճակատագրին վերաբերող հարցերին կարող է պատասխանել պարոն Հայրիկյանի խոսքերով։ Չէ՞ որ մեր նախագահն էլ օժանդակության կարիք ունի։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը