Լրահոս

01.08.2009 13:30


Ալեքսան Հարությունյանը՝ Հանրային հեռուստատեսության ծրագրերի մասին

Ալեքսան Հարությունյանը՝ Հանրային հեռուստատեսության ծրագրերի մասին

-Հիմնական նորությունները, որ կլինեն Հ1-ի եթերում, նոր ֆիլմերն են։ Խոսքը ոչ միայն և ոչ այնքան այդ անվերջ հեռուստասերիալների մասին է, այլ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմերի, որոնք կլինեն  5-ից մինչև 20 սերիանոց,-«Ազդակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Ա. Հարությունյանը լրագորողներին տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում չեն ցուցադրվելու լատինաամերիկյան բազմասերիանոց սերիալներ։ Փոխարենը լինելու են նոր նկարահանված գեղարվեստական ֆիլմեր։

-Սկսել են նկարահանումները Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հիման վրա, սակայն գործողությունները տեղեփոխված են Հայաստան՝ մեր օրեր։ Օգոստոսի վերջին կսկսվեն Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Այս ֆիլմի մի մասն է միայն նկարահանվելու Հայաստանում, մնացածը՝ այլ երկրներում։

ՀՀՌ-ի ղեկավարն ասել է նաև, որ նոր եթերաշրջանում՝ սեպտեմբերից, որոշակի փոփոխություններ կլինեն նաև «Հայլուր» լրատվական ծրագրում.

-Հաջորդ տարվանից մի շարք երկրներում կբացենք մեր թղթակցական կետերը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում բոլորովին վերջերս հայտարարված «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությանը, ըստ որի Հ1-ն առաջին տեղն էր զբաղեցրել, Ա. Հարությունյանն ասել է.

-Այդ կազմակերպությունը և անձը չարժեն, որպեսզի ես և դուք իրենց  քննարկենք։ Կազմակերպություններ և անհատներ կան, որոնց ստեղծում, օգտագործում են, հետո մոռանում են դեն շպրտել, և դրանք երբեմն պատուհաս են դառնում հենց ստեղծողների գլխին։

Այս խորագրի վերջին նյութերը