Մեկնաբանություն

17.12.2013 13:47


Առանց կրակ ծուխ չի լինում

Առանց կրակ ծուխ չի լինում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ ինչ-որ պահի Թուրքիան կարող է դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Արդեն երկրորդ օրն է, ինչ տարածվել է այս լուրը, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են ձկան պես լռել: Անգամ Շարմազանովն է «իջել ջրի հատակը»:

Մեկ-երկու տարի առաջ ՀՀ իշխանությունները, հերոսական կեցվածք ընդունելով, հայտարարում էին, թե թույլ չենք տա, որպեսզի ԵԽԽՎ-ում ստեղծվի ԼՂ հարցով հանձնաժողով այդ կառույցի շրջանակներում, ինչը նշանակում է հակամարտության կարգավորումը Մինսկի խմբից տեղափոխել ԵԽԽՎ: Այն ժամանակ Վեհաժողովի նախագահ Չավուշօղլուին էլ ամեն օր «սպառնում» էին հայաստանյան պատվիրակության անդամները:

Արդեն վեց տարի ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդը բացահայտ հայտարարում են, թե նախորդ շրջանում թույլ տրված «սխալը» պետք է ուղղել՝ ԼՂՀ-ն պետք է ներգրավվել բանակցություններում:

Իսկ հիմա, դատելով ամերիկացի համանախագահի հայտարարությանը որեւէ կերպ չարձագանքելու ՀՀ իշխանությունների կեցվածքից, պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը կողմ է կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավմանը:

Բավական էր, որ Դավութօղլուն դատապարտեր 1915-ի «տեղահանությունը» (Չավուշօղլուին, երեւի, այն ժամանակ թույլ չէր տրվում դա անել), ահա, ՀՀ իշխանությունների «սիրտը հալվեց» այդ «մարդասիրական քայլից»:

Եվ, թերեւս, ՀՀ իշխանությունները Ջեյմս Ուորլիքի միջոցով փորձում են հայ հանրությանը նախապատրաստել նման զարգացումների, թե հնարավոր է՝ Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացում:

Այդպես էլ է լինում. ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը շա՜տ էին ուզում բանակցային սեղանի շուրջ տեսնել ԼՂՀ-ին, բայց վերջինիս փոխարեն գերադասում են տեսնել Թուրքիային: Սա՛ է «ֆուտբոլային» դիվանագիտության իրական արդյունքը։

Ահա այսպիսի նախաձեռնողական երեսպաշտություն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը