Մեկնաբանություն

16.12.2013 18:48


«Ծեծված» Սուրենը, արդարացված Լիսկան, Սաշիկի որդու արկածներն ու «անկախ» մամուլը

«Ծեծված» Սուրենը, արդարացված Լիսկան, Սաշիկի որդու արկածներն ու «անկախ» մամուլը

Երեկ գեբելսյան քարոզչամեքենան «լուր» տարածեց այն մասին, որ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Կարապետյանը ծեծի է ենթարկել Սուրեն Սուրենյանցին։ Մեկը տպեց «լուրը», մյուսները տարածեցին, երրորդները՝ «լայքեցին» ու բոլորը համատեղ ուժերով «շեյր» արեցին։ Կիրակի օրով «Հարա՜յ, հասե՜ք, քաղաքագետին են ծեծել այդ չար ԲՀԿ–ականները» թեմայով «մուտիտն» արդեն պատրաստ էր և «կաշը» գնա՜ց։

Ուշագրավն այն է, որ ոստիկանությունը կայծակնային արագությամբ արձագանքեց այդ հույժ «հավաստի» լուրին և «միջադեպին» ընթացք տվեց։ Ուշագրավ է այս ամենն այն պատճառով, որ Սուրենյանցը պնդում է, որ որևէ խնդիր չկա, որ ինքը բողոք չունի, որ Կարապետյանն իր մտերիմն է, և որ անհասկանալի է, թե ով է նման ահազանգ տվել։

Պարզից էլ պարզ է, որ էժանագին «մուտիտին» ոստիկանության օպերատիվ արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կարապետյանը ԲՀԿ–ական է և մշտապես ՀՀԿ–ի քթից բերել է ընտրությունների ժամանակ՝ Երևանի Աջափնյակ համայնքում։ Սա շատ լուրջ հիմք է օրինականություն խաղալու և դեմագոգիայով զբաղվելու համար։

Անշու՛շտ, լավ է, որ իշխանությունները և մասնավորապես՝ ոստիկանությունը արագ են արձագանքում մամուլի հրապարակումներին, բայց վատ է, որ օրինակ՝ Լիսկայի, Սաշիկի կամ «Հարսնաքարի» դեպքերի ժամանակ այսօրինակ վարքագիծ չկար։ Եվ դա այն դեպքում, երբ ԲՀԿ–ական Կարապետյանի մասնակցությամբ միջադեպ չի եղել, իսկ նշածս դեպքերում՝ եղել է։

Եթե հիշում եք, Լիսկան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ապտակել էր գործարար Սիլվային ու նաև ոտքով հարվածել, բայց դատախազությունից պարզաբանեցին, որ ապտակը քրեորեն հետապնդելի բռնության կիրառման տեսակ չէ։

Ոստիկանությունն ու «անկախ» մամուլը ծպտուն չհանեցին այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդին իր ընկերների հետ ծեծկռտուքային պատմության մեջ էին հայտնվել, որի արդյունքում ոտքից վիրավորվել էր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին ղեկավար Սուրեն Սիրունյանի եղբայրը՝ Միսիկը։ Ոստիկանության «սվոդկաներում» անգամ չգրանցվեց այդ միջադեպը, մինչդեռ եղել էին կրակոցներ, կային վիրավորներ և այլ տուժածներ։ Դեպքն էլ եղել էր «Բելաջիո» ռեստորանում՝ շատերի ներկայությամբ։

Իսկ ահա Սուրեն Սուրենյանցին «անկախ» մամուլն ու ոստիկանությունը «վիզ դրած» համոզում են, որ ինքը բռնության է ենթարկվել ԲՀԿ–ականի կողմից և պետք է քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերի և գնա դատաբժշկի մոտ։ Ահա այսպիսի բաներ։ Իսկ դուք ասում եք, թե Սերժ Սարգսյանը օրինականության ջատագով չէ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը