Մեկնաբանություն

16.12.2013 17:45


Քաղաքական տեքստի կարևորության մասին

Քաղաքական տեքստի կարևորության մասին

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը սիրում է ամեն ինչի ապաքաղաքականը՝ ընդդիմության, քաղաքացու, կուսակցության, տեքստերի, միտինգների, կոչերի և այլն: Ահա այս ապաքաղաքականացումն է նրա ապօրինի իշխանության պահպանման հիմնական գրավականը:

Ակնհայտ է, որ այս ապաքաղաքականացումը, իսկ իրականում՝ հակատրամաբանականացումը, նրա քաղաքական քարոզչության հիմնական գաղափարն է:

Հարց է ծագում՝ որքանո՞վ է ազդել հայաստանյան հասարակության վրա իշխանական այս պարզունակ քարոզչությունը: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ-ում անցկացվել են բազմաթիվ ընդդիմադիր միջոցառումներ՝ հանրահավաքներ, ակցիաներ, երթեր, պիկետներ: Առիթները եղել են բազմազան՝ կեղծված ընտրություններից մինչև բնապահպանական հարցերի հետ կապված հանրային բողոքներ: Կազմակերպիչները ևս բազմազան են եղել՝ տարբեր կուսակացություններ, քաղաքացիական նախաձեռնություններ: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հրապարակային պայքարի միջոցով հասարակության լայն կոնսոլիդացիա և իշխանական դաշտի լուրջ ցնցումներ առաջացրել է միայն Կոնգրեսը: Այստեղից հարց է առաջանում, թե ինչի շնորհիվ է Կոնգրեսը կարողանում, ընդդիմադիր քաղաքական այլ ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների համեմատ՝ ավելի շատ քաղաքացիների բերել հրապարակ:

Կարելի է տեսական տարբեր եզրակացություններ անել, բայց նման դեպքերում ճիշտ է հենվել փաստերի և օրինակների վրա: Տևական ընդմիջումից հետո՝ դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապացությամբ, Կոնգրեսն անցկացրեց իր ավանդական երթը, որին մասնակցեց ՀՀ մի քանի հազար ակտիվ քաղաքացի: Քանի որ երթին մասնակցում էին նաև քաղաքացիական տարբեր խմբեր, երթի պաստառները և կոչերը բազմազան էին: Ես քայլում էի երթի վերջից, որտեղ հավաքված էին հիմնականում երիտասարդներ, ոմանք՝ սևազգեստ: Ձեռքներին քաղաքական տարբեր հոսանքների և գաղափարախոսությունների սիմվոլիկայով դրոշներ էին, հնչում էին քաղաքական և քաղաքացիական տարբեր պահանջ-կոչեր: Այստեղ կարելի էր լսել անգամ այսպիսիք՝ «Մենք թուրք չենք», «Հայաստանը մերն է» և այլն: Երթի այդ հատվածը ամենաաչքի ընկնողներից էր և ամենաձայնեղը: Սակայն ինձ համար ուշագրավ էր այն, որ երթին չմասնակցող և մայթերից ու ավտոմեքենաներից դրան հետևող քաղաքացիներն ուշադրություն էին դարձնում ո՛չ այնքան աչքի ընկող այդ հատվածին, որքան իմ պարզած՝ «Վերջ տալ հարկային տեռորին» կարգախոսով պաստառին:

Քաղաքացիների մեծ մասը, լուռ կարդալով պաստառի վրայի մակագրությունը, նույնքան լուռ և մտահոգ, ի նշան համաձայնության՝ գլխով էր անում: Այսպիսով՝ գոնե ինձ համար պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացին, ի դժբախտություն Սերժ Սարգսյանի, կարողանում է տարբերել հստակ քաղաքական պահանջը՝ կառնավալային կոչերից: Պարզ էր նաև այլ բան՝ որ Հայաստանում բոլորն են բողոքում, սակայն մեծ մասը, ցավոք, լուռ է բողոքում:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է քաջ գիտակցի, որ քաղաքական լուրջ պահանջներ, ինչպիսին է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, հնարավոր կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր բողոքները լինեն հստակ քաղաքական բովանդակությամբ, կոչերը՝ յուրաքանչյուրի սրտից բխող և յուրաքանչյուր քաղաքացու շահը ներկայացնող, այսինքն՝ օրակարգային: Իսկ փոփոխություն հնարավոր կլինի հասնել այն ժամանակ, երբ ընդդիմադիր բողոքներին տնից և մեքենայից լուռ հետևող բոլոր քաղաքացիները դուրս գան հրապարակ և լրացնեն բացակա շարքերը: Այս երկուսը փոխկապակցված են, հաղթելու համար հրապարակում երկու բաղադրիչ է անհրաժեշտ՝ ընդդիմադիր քաղաքական տեքստ և համաժողովրդական ընդվզում: Լայն համախմբման պարագայում Բաղրամյան 26–ում կտիրի ճամպրուկային տրամադրություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը