Մեկնաբանություն

16.12.2013 11:50


Հայկական բիզնեսն ու «Հայկական աշխարհը»

Հայկական բիզնեսն ու «Հայկական աշխարհը»

Տնտեսաքաղաքական թեմայով լրահոսում երկու ուշագրավ բան աչքովս ընկավ։ Մեկով հաղորդվում էր այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն աչք ունի «Կիլիկիա» գարեջրի գործարանի վրա և ցանկանում է գնել այն։

Մյուս լուրը վերաբերում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Պարզվում է, որ մի քանի խոշոր սեփականատերեր («Վիվասելի» Ռալֆ Յիրիկյանից մինչև «Երևան սիթիի» Սամվել Ալեքսանյան) պատրաստակամություն են հայտնել իրենց մոտ աշխատողների փոխարեն վճարել կուտակայինի համար պահանջվող 5 տոկոսը։

Նկատենք, որ այս երկու լուրերի մեջ էլ էական սխալ կա։

Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե ցանկանում է գնել «Կիլիկիան», այլ արդեն գնել է այն։ Եվ ոչ միայն «Կիլիկիան»։

Տիգրան Սարգսյանն իր շեֆ Սերժ Սարգսյանի հետ միասին վաղուց փայ է մտել Հայաստանի բոլոր բիզնեսների մեջ կամ ամբողջությամբ տիրացել է այդ բիզնեսներին։

Սարգսյանները գործում են ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու հայտնի սկզբունքով, ըստ որի՝ պետք է սեփականաշնորհել ոչ թե բիզնեսը, այլ այդ բիզնեսի ֆինանսական հոսքերը։ Տիգրանն այդ հոսքերի կազմակերպման գործիքն է։ Այդ գործիքով է կառուցվում «մեկ օլիգարխի տնտեսությունը»։

Հայաստանյան բիզնես դաշտը (փոքրից մինչև խոշոր) կրկնակի ճնման տակ է՝ հարկ է վճարում և բանկերի տոկոսներն է փակում։ Հարկ ու վարկ վճարում են ամբողջ աշխարհում, բայց մեզանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ դրանք վճարելուց հետո գործարարը կա՛մ «մինուսով» է դուրս գալիս, կա՛մ, լավագույն դեպքում, «զրոյով»։ Ստացվում է, որ նրանց ֆինանսական հոսքերը վերջնարդյունքում հայտնվում են Սերժ և Տիգրան Սարգսյանների ձեռքում, քանզի պետական բյուջեն ու բանկային փողերը նրանց վերահսկողության տակ են։ Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե ում անունով է գրանցված այս կամ այն գործարանը, միևնույն է, դրանք պատկանում են Սերժ և Տիգրան Սարգսյաններին, քանզի ֆինանսական հասույթը տնօրինում են նրանք՝ բյուջետային «ատկատների», պետգնումների, կեղծ «տենդերների» և այլ մեքենայությունների օգնությամբ։

Այս ամենը հաշվի առնելով՝ միամտություն է կարծելը, թե Տիգրան Սարգսյանը կամ մյուս Սարգսյանը կուզենան գնել այս կամ այն բիզնես–կազմակերպությունը։ Գնեն, որ ի՞նչ անեն։ Որ աշխատեցնե՞ն։ Դա նրանց պետք չէ։ Նրանց պետք է հիմնարկի հասույթը, ինչը հեշտությամբ կարելի է ստանալ՝ հարկային տեռորի և բանկային վարկերի տակ թողնելով բիզնեսին։ Դրանով էլ զբաղված են։

Հիմա շատերն են վնասով աշխատում կամ էլ մի կերպ են փակում վարկի տոկոսներն ու կատարում հարկային պարտավորությունները։ Չստացվե՞ց, որ «Կիլիկիան» ու մյուս ֆիրմաները ոչ թե ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանինն ու մյուսներինն են, այլ Սերժ և Տիգրան Սարգսյաններինը։ Իհա՛րկե ստացվեց։ Այդ իսկ պատճառով էլ պնդում եմ, որ «Կիլիկիայի» վրա Տիգրանն աչք չունի, նա վաղուց է այն գնել։

Ինչ վերաբերում է խոշոր սեփականատերերի կողմից պարտադիր կուտակայինի վճարները կատարելու որոշմանը, ապա սխալն այդ լուրի մեջ այն է, որ ոչ թե նրանք են որոշել, այլ նրանց փոխարեն որոշել են իշխանությունները։ Դա շատ էական տարբերություն է։

Նպատակը շատ պարզ է՝ փորձել մարել սպասվող բողոքի ալիքը և ներդնել թալանչիական համակարգը։

Սերժանպաստ հայտարարությամբ հանդես եկած գործարարները ցույց տվեցին ոչ թե իրենց մարդասեր դեմքը, այլ անուղղակիորեն հայտարարեցին իրենց ստրկական վիճակի մասին։

Նայե՛ք, թե ովքեր են խոսում իրենց աշխատողների փոխարեն Սերժի կուտակայինին փող փոխանցելու մասին, և հեշտությամբ կարող եք համապատասխան եզրահանգումների գալ։

Մի խոսքով, «Հայկական աշխարհի» կառուցումը շարունակվում է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը