Մեկնաբանություն

14.12.2013 16:24


«Արևմտամետի» ֆոտոռոբոտը

«Արևմտամետի» ֆոտոռոբոտը

Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական դաշտում կան բազմաթիվ «արևմտամետներ» (չշփոթել արևմտյան (համամարդկային) արժեքների իրական կրողների հետ)։

«Արևմտամետներն» ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնց միջոցով կարելի է կազմել նրանց, այսպես ասած, միասնական ֆոտոռոբոտը։

Եվ այսպես, «արևմտամետներին» ներհատուկ «դիմագծերն» են.

– «արևմտամետները» մինչև սեպտեմբերի 3–ը «գաղափարական» ու «սկզբունքային» դիրքերից աջակցում էին դեպի ԵՄ սլացող Սերժ Սարգսյանին ու պայքարում իբր ռուսամետ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ,

– «արևմտամետները» սեպտեմբերի 3–ից հետո քննադատում են Մաքսային միություն մտնելու սերժսարգսյանական որոշումը, սակայն պահանջում են ... Վլադիմիր Պուտինի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականները՝ չմոռանալով պայքարել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ և շարունակելով աջակցել Սերժ Սարգսյանին,

– «արևմտամետների» մեջ շատ են ռուսախոսները և էությամբ «գեղցիները»,

– «արևմտամետները» ռուսամետությունը համարում են «քըխ» բան, բայց արի ու տես, որ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տված Սերժ Սարգսյանից ավելի ռուսամետ են համարում ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին (բնականաբար՝ որևէ ռացիոնալ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու են ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը ռուսամետ) և դրանով են արդարացնում իրենց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու որոշումը (կրկին առաջ է քաշվում «Սերժը չարյաց փոքրագույնն է» «դհոլային» թեզը),

– «արևմտամետները» չեն ուզում նկատել, որ Գյուլիստանի պայմանագրի գովերգումից հետո «արևմտամետ» Սերժ Սարգսյանը ոչ թե վերածվել է «ռուսամետ», այլ՝ ռուսահպատա՛կ գործչի,

– «արևմտամետները» շատ «կրեածիվ» են և «գեոպոլիծիկայի» ռահվիրաներ,

– «արևմտամետները» համակարգչի առաջ նստած հիացական գնահատականներ են տալիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, բայց Հայաստանում փողոց դուրս չեն գալիս Սերժի դեմ այնպես, ինչպես Ուկրաինայի արևմտամետ ուժերն ընդդեմ Յանուկովիչի,

– «արևմտամետները» պայքարում են օլիգարխների դեմ և Սերժ Սարգսյանից ակնկալում հակաօլիգարխիկ պայքար՝ «մոռանալով», որ ՀՀ թիվ մեկ օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է,

– «արևմտամետները» Զորի Գայկովիչից տարբերվում են միայն ձևով, քանզի վերջինս ուղղակիորեն է ողջունում Մաքսային միություն մտնելու գաղափարը, իսկ ահա «արևմտամետները» Հայաստանը Մաքսային միություն մտցրեցին «չերեզ» ԵՄ–ի հետ ասոցացման գործընթաց, այսինքն՝ աջակցեցին ՄՄ մտնելու որոշումն իրենց մինչսեպտեմբերերեքյան պահվածքով,

– «արևմտամետների» վերջին նախավերջին հանգրվանը Բաղրամյան 26–ն է, իսկ վերջին հագրվանը՝ ռուսական գուբերնիան,

– և վերջապես, «արևմտամետները» ռուս բոլշևիկների հոգեզավակներն են՝ նեոբոլշևիկներ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Միջին վիճակագրական «արևմտամետի» արտաքին տվյալները ներկայացված են հոդվածին կից նկարում։

Այս խորագրի վերջին նյութերը