Լրահոս

14.12.2013 13:30


ՀՀԿ–ական պատգամավոր. «Այսօրվա իրավիճակը լավ չէ ժողովրդի համար, սա փա՛ստ է»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Այսօրվա իրավիճակը լավ չէ ժողովրդի համար, սա փա՛ստ է»

Հարցազրույց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ

–Ի՞նչն է խանգարում քաղաքական մեծամասնությանը՝ հանրության ստվար հատվածի ձայնը լսել և գոնե մեկ տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի կիրառումը։

–Խնդիրը պետք է բաժանել երկու մասի՝ գոհ և դժգոհ հասարակություն։ Ցանկացած ռեֆորմ երբ անում ես, հասարակությունում լինում է դժգոհ խավ։ Իսկ մենք էլ շատ գոհ ենք, որ բողոքում են բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները, որոնց համար այդ գումարները շատ ավելի քիչ նշանակություն ունեն, քան այն քաղաքացիները, ովքեր քիչ աշխատավարձ են ստանում։

–Իսկ ինչո՞ւ է այդպես։

–Դա քաղաքական խնդիր է, ռեֆորմի հետ կապ չունի։

–Այսի՞նքն։

–Ռեֆորմը շատ ավելի կարևոր է այն քաղաքացիների համար, ովքեր աղքատ են, որպեսզի նրանց վաղվա օրը աղքատությունից հեռու մնա։ Իսկ այն քաղաքացիները, որոնք այսօր եկամուտ ունեն, այս կամ այն կերպ կարող են, մեր իսկ օրենքներով, լրացուցիչ երաշխավորում ունենալ իրենց վաղվա օրվա համար։ Բարձր աշխատավարձ ունեցողների բողոքը ես չեմ կապում ռեֆորմի և իրականության հետ։

–Ուզում եք ասել՝ նրանք իրենց կամքո՞վ ոտքի չեն ելել։

–Նման արտահայտություններ ես չեմ ուզում անել, որովհետև մենք սոցիալական խնդիր ենք քննարկում, չեմ ուզում քաղաքական դաշտ մտնել։ Մենք այսօր ունենք 32% աղքատություն...

–Ի շնորհիվ Հանրապետականի՛։

–Ի շնորհիվ ստեղծված իրավիճակի։

–Որը ստեղծել է ՀՀԿ–ն։

–Մենք ունենք 32% աղքատություն, և տնտեսության զարգացումը, որը աղքատության նվազեցման հիմնական նախապայմանն է, առաջիկա 20-30 տարում աշխարհի ոչ մի զարգացած երկրում 7%–ից չի իջնելու։ Այսինքն, մենք այսօր կարող ենք 30 տարվա վրա՝ մեր ամենալավ զարգացման պայմաններում, հույս ունենալ, որ մեր աղքատությունը կդառնա 20%։

–Այդքան դժվար էլ դիմակայենք։ Ինչևէ, անգամ եթե ընդունենք, որ լավ բան եք անում, բայց դուք ինքներդ էլ խոստովանեցիք, որ հասարակությունը ոչ թե բուն օրենքին է դեմ, այլ գործող իշխանությանը։ Բայց դրանում ձեր մեղքը չե՞ք տեսնում, դա ձեզ մտորելու հիմք չի՞ տալիս։

–Այո՛, ես ասել եմ՝ մենք ունենք խնդիրներ, բոլորն էլ հասկանում են, որ այդ խնդիրը կա։ Բայց խնդիրը հասկանալը մեկ է, խնդրի մասին հայտարարելը երկուս է, խնդիրը լուծելը երեք է։ Հիմա երրորդ գործողությունն է՝ լուծումը։

–Բայց այդ անվստահությունը հենց դրանից է գալիս, որ ՀՀԿ–ն ստեղծում է խնդիրը և չի էլ կարողանում լուծել։ Գուցե հեռանաք, և հնարավորություն ստեղծվի՝ այն մարդիկ գան իշխանության, ովքեր կկարողանան լուծել ձեր ստեղծած խնդիրները։

–Էդպես չի, որ չենք կարողանում լուծել, բացարձա՛կ։ Այդ երրորդ խնդրի լուծումը մենք շատ լավ գիտակցում ենք և փորձում ենք ամեն ինչ անել, որ կրճատենք աղքատությունն ու նպաստենք ժողովրդի լավ ապրելուն։

–Եթե օրուգիշեր այդքան մտածում եք ժողովրդի մասին, բա ինչո՞ւ ձեզ չեն վստահում։

–Կա մեկ փաստ՝ ժողովուրդն ապրում է այսօրվա իրավիճակով։ Այսօրվա իրավիճակը լավ չէ ժողովրդի համար, սա փա՛ստ է։ Մենք չունենք շուկա դուրս տալու ճանապարհ, ապրանք...այնքա՜ն թվարկումներ կան պատճառների։ Ցանկացած կառավարում, եթե չունի անհրաժեշտ գործիքներ տնտեսություն զարգացնելու համար, չի՛ կարող զարգացնել։

–Մինչև 2008թ. ձեր ասած պատճառները չկայի՞ն, որ տնտեսությունը զարգանում էր։

–Թռիչքների հարաբերակցությամբ՝ 2003-2008թթ. մենք գտնվել ենք ա՛յլ տնտեսական հարաբերության մեջ։ Մեր բազան ցածր էր, և զարգացումը շատ արագ էր գնում։ Հիմա մեր բազան բավական բարձր է՝ գումարած դրան 2009թ. ճգնաժամը։

–Գուցե խնդիրը ոչ թե գործիքներ չունենալն է, այլ եղած թեկուզ չնչին գործիքները կիրառել չկարողանա՞լը։

–Բացարձակ այդպես չէ։ Կիրառումը շատ կարևոր է, օրենքի առկայությունն անհրաժեշտ է, և արդյունքին հետևելը՝ նույնպես։ Ցանկացած օրենք իրական կիրառության մեջ մտնում է մեկ տարի հետո, երկու տարի օրենքի սխալներն ենք վերցնում։ Ցանկացած օրենք մարդու իրավունքների սահմանափակում է, և յուրաքանչյուր քաղաքացի մտածում է այդ սահմանափակումները շրջանցելու մասին։ Սա ոչ միայն հային է վերաբերում, այլ բոլոր ժողովուրդներին։

–Լավ, եթե անգամ իշխանությունն այս պահին հրաժարական չի տալիս, բայց փաստ է, որ 2018թ. Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Ըստ Ձեզ՝ ո՞վ նրան կփոխարինի։

–Բարդ հարց։ Ինձ հետաքրքրում է մինչև 2018թ. երևի փետրվարը հանգիստ ապրելը, ապրել աշխատելով, ապրել ստեղծելով, ապրել իմ հայրենիքում, ապրել իմ հայրենիքի համար, իսկ երբ կգա ընտրության ժամանակը, և քարոզարշավը կսկսվի, նոր կանդրադառնանք այդ հարցին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը