Քաղաքական

14.12.2013 11:45


Վլադիմիր Կարապետյան. «Ասոցացման համաձայնագրից հրաժարումը իշխանությունների հերթական ձախողումն էր»

Վլադիմիր Կարապետյան. «Ասոցացման համաձայնագրից հրաժարումը իշխանությունների հերթական ձախողումն էր»

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը «ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է.

–Երեքուկես տարի տևած բանակցություններից հետո ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումը գործող իշխանությունների արտաքին քաղաքական հերթական ձախողումն էր:

Նրա համոզմամբ՝ պատճառը իշխանությունների անհետևողական և անհաշվենկատ գործողություններն են, բանակցությունների կատարյալ գաղտնիությունը, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկերներից, ինչպես նաև անհատական և միանձնյա որոշումների կայացումը:

–Մինչ օրս Հայաստանի հասարակությունը չի ստացել բացատրություններ անսպասելի շրջադարձի պատճառների, շարժառիթների մասին, ժողովրդին չի ներկայացվել, թե Մաքսային միություն մտնելով և ասոցացման համաձայնագրից հրաժարվելով` ինչ օգուտներ կստանա մեր երկիրը: Նման իշխանությունների պարագայում, թերևս, այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞ որ այդ մարդիկ 2008թ. զավթել էին իշխանությունը մարտի 1-ի սպանդի, բանտերը քաղբանտարկյալներով լցնելու գնով: ՀՀԿ-ն տիրացել է իշխանությանը՝ կեղծելով ընտրությունները, հետևաբար, չունի ժողովրդի աջակցությունը բարեփոխումներ կատարելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, հասարակության մեջ առկա հուսալքությունը հաղթահարելու համար: Չի կարող վերից վար կոռումպացված իշխանական համակարգը առաջնորդել Հայաստանի եվրոպական ինտեգրացումը, և, ցավալիորեն, մեր եվրոպական գործընկերները մեծ ուշացումով հասկացան այս պարզ իրողությունները,–նշել է Վ. Կարապետյանը:

Նա նաև ավելացրել է, որ նրանք նույն մարդիկ են, նույն թիմը, որը ձախողեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, և, բնականաբար, չէին կարող չփչացնել նաև Հայաստանի եվրոպական ինտեգրացիան: Ասոցացման համաձայնագրի բանակցող խումբը և եվրոպական ինստիտուտներում Հայաստանի բարեկամներն այսօր, ըստ Վ. Կարապետյանի, թևաթափ են, հիասթափված, և դրա միակ պատճառը պաշտոնական Երևանի ոչ հետևողական քաղաքականությունն է:

–Այլևս ի՞նչ արժեք պետք է ունենա նրանց խոսքը, եթե տարիների գործը մեկ օրում սխալ է դուրս եկել: Էլ ո՞վ կհավատա այս մարդկանց որևէ հավաստիացմանը Հայաստանի, ՀՀ իշխանությունների բարի մտադրությունների վերաբերյալ,–ասել է նա՝ ավելացնելով, որ ՀԱԿ–ը Կոնգրեսը կարևորում է եվրոպական ինտեգրման գործընթացը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը