Քաղաքական

10.12.2013 16:30


Եզդիները Մանվել Բադեյանին էշ և զուգարանի թուղթ են նվեր տարել (ֆոտո, տեսանյութ)

Եզդիները Մանվել Բադեյանին էշ և զուգարանի թուղթ են նվեր տարել (ֆոտո, տեսանյութ)

Եզդի համայնքին խիստ վիրավորել են ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանի արտահայտությունները։ Ինչպես տեղեկացրել էինք, այսօր նա խորհրդարանում բորբոքվել էր «7օր»–ի հարցից և սկսել վիրավորել լրագրողներին։

–Արա՛, մի հատ բան եք տենում լավ, անպայման պիտի հարձակվեք։ Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հարց տա՞ք։ Իրոք ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա,–գոռգոռացել էր Մ. Բադեյանը։

Այս միջադեպից ժամեր անց խորհրդարան են գնացել ՀՀԿ–ական պատգամավորի խոսքերից վիրավորված եզդիները։ Նրանք իրենց հետ նկարած ավանակ և զուգարանի թուղթ են տարել՝ Մանվել Բադեյանին նվիրելու։

–Ինքը մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ ԱԺ պատգամավորին։ Չնայած ԱԺ 131 պատգամավորների մեծամասնությանը կարելի է Մանվել Բադեյանի այդ որակումը տալ՝ անմակարդակ և տակտ չունեցող,–ասել է «Սինջար» եզդիների ազգային միավորում հ/կ նախագահ Բորիս Թամոյանը։

Այսօր Եզդի երիտասարդների համաժողովն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հենց նրանք տեղեկացել էին ՀՀԿ–ական պատգամավորի անհարգալից արտահայտությունների մասին ու ինքնաբուխ գնացել են ԱԺ։

–Մեր ձեռքով նկարած ավանակ ենք բերել, և քանի որ պարոն Բադեյանը չի խոսում, մենք իր համար բերել ենք զուգարանի թուղթ։ Պարոն Բադեյանը չի խոսում, ինքն այլ գործողություն է անում, իսկ այդ այլ գործողությունից հետո պետք է գալիս զուգարանի թուղթ։ Խնդրում ենք, պարո՛ն Բադեյան, ձեր մարմնի այն հատվածը, որը նորմալ մարդկանց մոտ բերան է կոչվում, խոսելուց հետո անպայման սրբել այս թղթով։ 65 մետր է, ինձ թվում է՝ մինչև տարեվերջ իրեն կհերիքի,–ասել է եզդի երիտասարդը,–մենք այս թղթից շատ ունենք։ ՀՀԿ–ից եթե ցանկացողներ լինեն, կարող ենք տրամադրել։

Հնարավոր է՝ նրանք դիմեն նաև Էթիկայի հանձնաժողով։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը