Մեկնաբանություն

10.12.2013 13:55


Եթե կենսագրություններդ դնեք աճուրդի, ո՞վ կառնի

Եթե կենսագրություններդ դնեք աճուրդի, ո՞վ կառնի

Հետաքրքիր տողեր կարդացի՝ «Եթե կենսագրություններդ դնեք աճուրդի, ո՞վ կառնի»։

Անմիջապես ինքդ քեզ մի խուրձ հարցեր ես տալիս, բայց մի բան սփոփում է՝ ահագին առաջ ենք այսօրվա «էլիտայից»։ Վերցնենք քաղաքականը։ Տարիքային առաջին խումբ՝ կոմերիտմիության քարտուղար, շրջկոմի քարտուղար, ռայկոմի քարտուղար, լենինյան ուղու անմնացորդ նվիրյալ... մեկ էլ հանկարծ... ՀՀՇ, հետո սահուն մեկ այլ իշխող կամ իշխանությանը մերձավոր կուսակցության անդամ... Ու այս տաղտկալի շրջապտույտում մեծ հաշվով այդպես էլ մնացին ամեն պահի ձեռքները 90 աստիճանով վեր գցելուն միշտ պատրաստ պիոներները։

Տարիքային երկրորդ խումբ, մի բան կարելի է ասել՝ տղե՛րք դուք դեմք եք։ Գերազանցեցիք ձեր ավագ ընկերներին՝ կատարելագործության աստիճանի հասցնելով քծնանքն ու շողոքորթությունը, կորցնելով սեփական ամեն բան ու կրկին միշտ պատրաստ լինելով «միշտ պատրաստին»։ Ու ամենահետաքրքիրը՝ չեն պակասում ու չեն պակասում։ Պայթած մի «պրոյեկտից» հայտնվում են մյուսում՝ հաստատ իմանալով, որ դա էլ է փուչիկ։ Բայց դե, փոքրուց «ես էլ եմ ավտո ուզում» բարդույթը երևի այդպես էլ չհաղթահարվեց...

Մնացած «էլիտային» ևս կարելի էր դասակարգման նույն սկզբունքով անդրադառնալ, բայց իսկապես հավես ու ժամանակ չկա. արժանավորների կենսագրություն կա առջևում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը