Քաղաքական

10.12.2013 13:23


«Արա՛, հո դուք գի՞ժ չեք». ՀՀԿ–ական պատգամավորը վիրավորել է լրագրողներին

«Արա՛, հո դուք գի՞ժ չեք». ՀՀԿ–ական պատգամավորը վիրավորել է լրագրողներին

Ինչպես տեղեկացրել էինք, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համար 12 մլն դրամ հատկացվեց։ Սա հանրության վրդովմունքն առաջացրեց, ինչպես նաև այն, որ այդ նախագիծը հայկական հեռուստաալիքով հեռարձակվում է ռուսերենով։

Պարզվում է՝ այս արձագանքն իր սրտին բավականին մոտ է ընդունում ՀՀԿ–ական պատգամավոր, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հեռուստադիտողների շահերից հանդես եկող և հովանավոր Մանվել Բադեյանը։

«7օր»–ի թղթակիցը նրան հարցրել է՝ արդյոք օրենքի խախտո՞ւմ չէ, որ հայկական հեռուստաալիքով հաղորդումը հեռարձակվում է ռուսերեն։

Մանվել Բադեյանը նախ հայտարարել է՝ մարդու իրավունքների ոտնահարում է, որ ասում են՝ դու պիտի հայերեն խոսես։

–Ես եմ՝ ուզում եմ պորտուգալերեն խոսեմ, իրավունք ունե՞մ, թե չէ։ Էն, ով մտածում ա, որ պտի սահմանափակի մարդու իրավունքները որևէ լեզվով խոսելու, էդ ա սահմանափակում մարդու իրավունքները։ Էդ հաղորդման ֆորմատը ռուսերեն ա։ Ոնց որ ասես՝ եկեք, ֆուտբոլը անգլերեն բառ ա, անգլիական խաղ ա, եկեք ֆուտբոլ չխաղանք, որովհետև դա անգլիական ա։ Սա էլ ա ընդամենը խաղ, որի աշխատանքային լեզուն ռուսերենն ա,–նշել է նա։

Իսկ երբ պատգամավորին հիշեցրել ենք օրենքի կետը, որ միայն ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հաղորդումը կարող է հեռարձակվել օտար լեզվով, Մ. Բադեյանը բորբոքվել է ու ձայնի տոնայնությունը բարձրացրել.

–Ո՞վ ա ըտենց բան ասում։ Ազգային փոքրամասնություն չե՞ն ստեղի ռուսները։ Չխաղա՞ն։ Հլը մի հատ անջատի, ախպոր նման, եթե չես հասկանում էդքան բանը, եթե դու տալիս ես էն հարցերը, որոնք պատասխանի արժանի չեն...։

Այսպես բորբոքված էլ նա մտել է ՀՀԿ խմբակցություն, բայց թերևս չհանգստանալով՝ նորից դուրս է եկել ու արդեն կռվի բռնվել միջանցքում կանգնած լրագրողների հետ.

–Արա՛, մի հատ բան եք տենում լավ, անպայման պիտի հարձակվեք։ Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հարց տա՞ք։ Իրոք ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա։

Իսկ երբ լրագրողները պահանջել են պատգամավորից «արա»–ով չխոսել և չվիրավորել, նա հայտարարել է.

–«Արա»–ն բացականչություն ա, ձեզ չի վերաբերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը