Քաղաքական

09.12.2013 13:17


Երվանդ Բոզոյան. «Հայկական կողմը պետք է հստակ ձևակերպի սեփական դիրքորոշումները»

Երվանդ Բոզոյան. «Հայկական կողմը պետք է հստակ ձևակերպի սեփական դիրքորոշումները»

Այսօրվա ասուլիսում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` դեկտեմբերի 12-ին Հայաստան կատարելիք այցին, ինչպես նաև հայ–թուրքական հարաբերություններին` քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նախ նշել է հետևյալ երկու հարցերի կարևորությունը՝ ինչո՞ւ այսպես ստացվեց, և ի՞նչ պետք է անել։ Բանախոսի կարծիքով այսպես ստացվեց տխրահռչակ հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հետևանքով.

–Այն ժամանակ դեռ զգուշացնում էինք, որ այդ քաղաքականության հետևանքը լինելու է այն, որ Թուրքիան ծուղակի մեջ է ներքաշելու Հայաստանին։ Դեռ այն ժամանակ թուրքական կողմը չէր թաքցնում, որ իրենք շաղկապված են տեսնում հայ–թուրքական սահմանի բացումը և ԼՂ խնդիրը։ Միջազգային հանրության ճնշումները չէին կարող ազդել, որ Թուրքիան փոխզիջման գնար։

Քաղաքագետի խոսքերով՝ ստացվում է, որ ֆորմալ իմաստով կա հայ–թուրքական երկխոսություն, հետևապես, միջազգային հանրությունը չպետք է ճանաչի Ցեղասպանությունը, որովհետև այն խոչընդոտում է հայ–թուրքական երկխոսությանը։

–Եթե Թուրքիան շաղկապված է տեսնում սահմանի բացումը և արցախյան հիմնախնդիրը, ապա ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Հայկական կողմը, կապված Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցի հետ, չպետք է երկկողմանի բանակցություններ վարի։ Գալիս է Հայաստան, թող գա ՍԾՏՀ շրջանակներում և ոչ ավելին։

Ըստ նրա՝ Հայաստանի ցանկացած երկկողմանի հանդիպում կհամարվի թուրքական ջրաղացին ջուր լցնել. «Շատ կարևոր է, որ թուրքական կողմը միջազգային հանրությանը չկարողանա հրամցնել այն գաղափարը, որ այդ երկխոսությունը շարունակվում է, սա առաջինը։ Երկրորդ՝ ավելի ստրատեգիական խնդիր, որին ես անձամբ չեմ հավատում՝ հայկական կողմը պետք է հետ վերցնի արձանագրությունները խորհրդարանից և պաշտոնապես փակի, այսպես կոչված, երկխոսությունը։ Թուրքիան այդ «երկխոսությունը» կօգտագործի իր շահերի համար մինչ 2015–ը, երբ Ցեղասպանության հետ կապված այդ ալիքը կանցնի, հետո կշպրտի արձանագրությունները։ Հետագայում ավելի բացահայտ կսկսի առաջարկել միջազգային հանրությանը լուրջ զբաղվել ԼՂ խնդրով։ Սա է իրականությունը»։

Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի բաց և թափանցիկ հանդիպում անցկացնելուն, քաղաքագետը նշել է.

-Ես դա լուրջ չեմ համարում։ Կա՛մ հանդիպումը լինում է, կա՛մ չի լինում։ Եթե լինում է, թուրքական կողմին առիթ ենք տալիս՝ միջազգային հանրությանը ներկայացնելու, որ հանդիպում եղավ, ինչը «կարևոր» փուլ էր «երկխոսության» շրջանակներում և այլն։ Ես առաջարկում եմ սխալ քայլեր չանել, իսկ հետո դժգոհել. դա կոչվում է անմեղսունակություն։

Հայկական կողմը, ըստ նրա, պետք է հստակ ձևակերպի սեփական դիրքորոշումները. լղոզված դիրքորոշումներ միջազգային հանրությունը չի սիրում, և այդ տեսակետներն ավելի հեշտ են խեղաթյուրվում։

Անդրադառնալով Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը, Բոզոյանը նշել է, որ փոխլրացնող քաղաքականությունը լավագույնը կլիներ երկրի համար։ Այնուամենայնիվ, եթե ընտրել ենք ինտեգրման ուղին, ապա գործընթացը պետք է հասանելի լինի քաղաքացիներին։ Հայ ժողովուրդը չպետք է հանդես գա միայն դիտորդի դերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը