Մեկնաբանություն

08.12.2013 00:05


Ահմեդական

Ահմեդական

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին մասնակցելու համար պաշտոնական Երեւանի հրավերը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունեց պոչ խաղացնելուց հետո միայն: Այսինքն՝ եթե շա՜տ եք խնդրում, կգամ:

Ու քանի որ հայկական կողմի հրավերին թուրք դիվանագետն իր համաձայնություն տալը մատուցեց «ծանր տեղս թեթեւացնում՝ գալիս եմ»-ի պես, հայ հանրությունը անմիջապես հիշեց 2009-ին Սերժ Սարգսյանի հրավերով Գյուլի երեւանյան այցը, երբ ՀՀ իշխանությունները մեջտեղից երկուկես եղան, որպեսզի գոհացնեն Թուրքիայի հանրապետության նախագահին:

Ով կարող է բացառել, որ հայկական կողմը հիմա էլ նույն կերպ իրեն չի դրսեւորի Դավութօղլույի այցի ժամանակ: Մանավանդ որ Սերժ Սարգսյանն այլ երկրի պաշտոնյաների պաշտոնյաների հանդեպ առանձնահատուկ սեր ունի։

Եթե Գյուլի այցի ժամանակ Սերժ Սարգսյանի հրահանգով Ծիծեռնակաբերդի լույսերն անջատեցին եւ քիչ էր մնում նաեւ անմար կրակը մարեին, եթե այն ժամանակ մեր ազգային հավաքականի մարզաշապիկների վրայից հանեցին Արարատ լեռան պատկերը, ապա ինչ երաշխիք, որ Դավութօղլուի այցի պատվին նույնը չեն կրկնի: Ով գիտե գուցե այս անգամ որոշեն փակել Արարատ լեռան համայնապատկերը, որ Ահմեդը հանկարծ դիսկոմֆորտ չզգա:

Հայկական իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Կապ չունի, որ հիմա Սերժ Սարգսյանը միջազգային ամբիոններից բողոքում է սահմանը չբացելու թուրքական կառավարության համառության դեմ:

Ազգային արժանապատվության նշույլ ունեցող երկրի ղեկավարի գլխում անգամ «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի եւ Գյուլի այցի ժամանակ նման միտք չէր կարող ծնվել, որ պետք է անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը կամ մարզաշապիկներից ջնջել Արարատի պատկերը:

Այնպես, որ թշնամու առջեւ ստորանալու, թշնամուն հաճոյանալու եւ նրան քծնելու հատկանիշներով օժշտված մարդը չի փոխվում երբեք: Ինչպես ասում են՝ «մասնագիտական ա»՝ Կեվորկովի ժամանակներից մնացած: Իսկ օգուտը՝ զրոյական: Ինչպես միշտ: Մնում է ահավոր տհաճ նստվածքը, թե ինչպես է հնարավոր այդչափ ստորաքարշություն ցուցադրել:

Այն, որ Դավութօղլուն Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի սիրուն աչքերի (թեկուզ՝ փակ, քնած) կամ թշիկների համար չի գալիս Երեւան, կարծես թե, հասկանում են բոլորը: Առջեւում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ ակնհայտորեն թուրքերը սույն «բարիդրացիական» քայլով հստակ ուղերձ են հղում միջազգային հանրությանը:

2008-ից այս կողմ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, հայտնի է՝ դադարեցվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: 100-րդ տարելիցին ընդառաջ Երեւանում Թուրքիային արտգործնախարարի ներկայությունը ճանաչման գործընթացի վերջնական արգելակմանը միտված հստակ քայլ է:

Համենայն դեպս, նման կանխատեսումներ արվում են, եւ իհարկե, այդ մասին կռահելը դժվար չէ:

Բայց դե ՀՀ իշխանությունների ափիբերան շողոքորթ հյուրընկալության ծանոթ ենք, որոնք պատրաստ են թուրք բարձրաստիճաններից թաքցնել անգամ այն, որ Երեւանում կա Կոմիտաս, Սիամանթո, Վարուժան, Ռուբեն Սեւակ անուններով փողոցներ:

Սակայն տեսեք, թե երեւանյան այցից առաջ ինչպիսի հաթաթայով է հանդես եկել Դավութօղլուն:

Նա հայտարարել է, որ տարածաշրջանում ամուր կապեր են հաստատվել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, իսկ Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ: Եվ կրկին շեշտել է, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է «օկուպացված տարածքների» ազատման հետ։

«Պաշտոնական Անկարան նման իրադրության կողմնակից չէ, սակայն, եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ գոյություն ունեցող մեկուսացումից, ապա պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները», - նշել է Դավութօղլուն:

Հետաքրքիր է, երբ նա դեկտեմբերի 12-ին հասնի Երեւան, այստեղ մեկնումեկը պետական ապարատից նրան կհամարձակվի հարցնել՝ «Ահմեդ, էս ինչե՞ր ես դուրս տալիս»: Թե՞ էլի միասին ուրախ-զվարթ «ֆուտբոլ կնայեն»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը