Քաղաքական

07.12.2013 11:36


Լ. Զուրաբյանը չի բացառում՝ «կուտակայինի» պայքարը հանգի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին

Լ. Զուրաբյանը չի բացառում՝ «կուտակայինի» պայքարը հանգի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին

ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է՝ եթե ժողովուրդը համախմբված՝ 4 խմբակցությունների հետ միասին, քայլեր մշակի և հետևողական շարունակի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարը, հաջողության կհասնի։

–Մասնավորապես, գիտեք, որ ՀԱԿ–ը դեկտեմբերի 10–ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, երթ է կազմակերպում։ Կարծում ենք, որ կուտակային կենսաթոշակայինի դեպքում էլ կոնկրետ մարդու իրավունքի հարց է, և մեր օրակարգը պատրաստ ենք հարստացնել նաև այդ հարցով։ Շատ լավ և ճիշտ կլիներ, այս կառավարությանը ուժի ցուցադրում կլիներ, եթե կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին դեմ քաղաքացիները նույնպես գային և մասնակցեին մարդու իրավունքներին նվիրված ավանդական երթին,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Լ. Զուրաբյանը։

Նրանից նաև հետաքրքրվել ենք՝ հիմա այս նախաձեռնության անդամները կոնկրետ մեկ հարցի դեմ են հանդես գալիս, բայց հնարավո՞ր է, որ քաղաքական մեծամասնության մերժողական դիրքորոշումից հետո օրակարգն ընդլայնվի, և նրանք սկսեն արդեն պահանջել կառավարության և Սերժ Սարգսյանի հրաժարականը։

–Հայաստանում շատ մարդիկ անցել են այդ էվոլյուցիան. սկսել են փոքր հարցից, հետո տեսել են՝ դա այս մի կառույցում չի լուծվում, կառավարության կողմից մերժվում է, իշխող մեծամասնության կողմից չի լուծվում, և հասունանում են՝ հասկանալով, որ բոլոր դռները փակ են, ու պետք է համակարգային փոփոխություն։ Մեկը շուտ է հասնում դրան, մյուսը երկար է հասնում, բայց բոլորն, ի վերջո, այդ ճանապարհն անցնելու են,–պատասխանել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը