Կարծիք

07.12.2013 10:17


Արեգ Գևորգյան.

Արեգ Գևորգյան.

Հասարակությանը մոլորեցնելու, հուսահատեցնելու իշխանահպատակ քարոզչակենտրոնների քաղաքականությունը հասկանալի է, բայց երբեմն «այս իշխանություններին այլընտրանք չկա…». փակուղային, կեղծ բանավեճի մեջ են հայտնվում մարդիկ, որոնք անկեղծորեն իրենց վրա են փորձում վերցնել Հայաստանը իրավական պետություն դարձնելու ծանր բեռի մի մասը: Ահա այս մարդիկ պետք է գիտակցեն, որ այսօրվա մեր խնդիրների հիմքը ոչ թե անձերն են, այլ իշխանության ղեկին նրանց հայտնվելու ձևը` նրանց ոչ օրինակարգությունը:
Այսինքն, երբ մենք ասում ենք իշխանափոխություն, խոսքը գնում է ոչ թե իշխանությունը թարմացնելու, այլ այն փոփոխական դարձնելու մասին: Ավելի պարզ ասած` եթե այլընտրանք չկա, ապա թող ընտրվի նույնը` վատը, բայց ընտրվի: Իսկ սրա համար Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր խմբավորումը պետք է հեռացվի իշխանության ղեկից: Եվ սա պետք է արվի ոչ թե ներկայիս իշխանություններին այլընտրանք գտնելուց, երկրի կառավարման նոր ձևեր «հորինելուց» հետո, այլ հենց այն պահից սկսած, երբ այս իշխանությունների լեգիտիմության բացակայությունը սկսեց սպառնալ մեր ազգային անվտանգությանը: Հեծանիվ հորինել պետք չէ: Ոչ թե իշխանության լավ կամ վատ լինելը, այլ հենց իշխանությունների փոփոխականության ապահովումն է հասարակական վերահսկողության մեխանիզմը իշխանությունների նկատմամբ և իրավական պետության կայացման հիմնական երաշխիքը:
Մենք պետք է պայքարենք ոչ թե լավ իշխանություն ձևավորելու, այլ վատին հեռացնելու հնարավորություն, ընտրության իրավունք ունենալու համար, անկախ նրանից՝ մենք այդ իշխանություններին այլընտրանք տեսնո՞ւմ ենք, թե ոչ:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը