Մեկնաբանություն

06.12.2013 17:25


Արկածախնդիր և ծայրահեղական «նախաձեռնողականություն»

Արկածախնդիր և ծայրահեղական «նախաձեռնողականություն»

Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական «նախեձեռնողականությունն» արկածախնդիր ու ծայրահեղական բնույթ է կրում։

Արկածախնդիր է այն, քանզի ՀՀԿ ղեկավարը խաղամոլի հոգեբանությամբ է գործում՝ կոնին դնելով Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։

Ծայրահեղական է Սարգսյանի արտաքին քաղաքական գիծը, քանզի մի ուղղություն ընտրելով՝ նա գնում է մինչև վերջ՝ խաչ քաշելով մյուս ուղղությունների վրա և ժամանակի ընթացքում կտրուկ շրջադարձեր կատարելով։

Հատկանշական է, որ ամեն մի նոր գիծ ընտրելով՝ «նախաձեռնողական» Սերժը փորձել է այդ գծի ամենամոլեռանդ ներկայացուցիչը դառնալ Հայաստանում և կտրուկ հակադրվել իր նախորդ գծին։

Այսպես. հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, ավելի թուրքամետ ու ադրբեջանամետ էր, քան Գեորգի Վանյանը։

Փորձելով «խաղաղության աղավնի» խաղալ՝ Սերժն այնքան էր տարվել իր «ֆուտբոլային» հովերով, որ Գյուլից ավելի բուռն նշեց մերոնց «կերած» գոլը Թուրքիա–Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ։

Հետո, իհարկե, եկավ «հայրենասիրության» փուլը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան ստացավ իր ուզածն ու չբացեց սահմանները՝ զուգահեռաբար Ղարաբաղի հողերը պահանջելով։ Սերժին այլ բան չէր մնում, քան խոսել հայկական Նյուրնբերգից ու ծաղիկներ դնել Վուդրո Վիլսոնի գերեզմանին։

«Ֆուտբոլային» դիվանագիտությանը հաջորդեց «ԵՄ–ի հետ ասոցացում» տրագիկոմեդիան։ Վերջին չորս տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն «անկախ» մամուլի կողմից հռչակվել էր Հայաստանում գործող արևմտամետների լիդեր, իսկ եվրաչինովնիկների կողմից՝ եվրագերազանցիկ։

Սերժ Սարգսյանն այնքան խորն էր մխրճվել ասոցացման գործընթացի մեջ, որ մտել էր հակառուսական կոալիցիայի մեջ՝ խրախուսելով հակառուսական հիստերիան Հայաստանում և անիրականանալի «այո»–ներ շռայլելով Արևմուտքին։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և ՌԴ–ի հետ ունի ռազամաքաղաքական պայմանագիր։

Սերժի «արևմտամետությունն» ի վերջո ավարտվեց Մաքսային միության մեջ մտնելու որոշմամբ։ ՀՀԿ ղեկավարն այժմ ավելի ռուսամետ է դարձել, քան պաթոլոգիկ ռուսամոլները միասին վերցրած. «արևմտամետությունից» հետք անգամ չի մնացել։

Ավելի ճիշտ կլինի ասել, որ Սերժ Սարգսյանն այժմ ռուսահպատակ է։ Նա Զորի Գայկովիչի շուրթերով քծնում է Կրեմլին՝ իր հավատարմության երդումը տալով Գյուլիստանի պայմանագրին։

Թե ինչի է հանգեցրել Սերժի արկածախնդիր քաղաքականությունը, բոլորն են տեսնում։ Վատացել են մեր հարաբերությունները ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Դե իսկ Թուրքիան շարունակում է օգտվել տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունից։

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է, որ ընդունում է պաշտոնական Երևանի հրավերն ու կգա մեզ մոտ։ Դա հնարավորություն կտա Թուրքիային լրացուցիչ դիվիդենտներ շահել և Հայոց ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ ցույց տալ, որ իրենք պատրաստ են հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Ինքնին հասկանալի է, որ ձեռքսեղմումներից բացի Սերժին այլ բան չի հետաքրքրում. նա շոուների սիրահար է։

Ահա այսպիսին է Սերժի «նախաձեռնողականությունը», որը սպառնալիք է ՀՀ–ի ու ԼՂՀ–ի անվտանգությանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը