Մեկնաբանություն

06.12.2013 11:07


Եկավ, տեսավ, գնաց (տեսանյութ)

Եկավ, տեսավ, գնաց (տեսանյութ)

Սերժ Սարգսյանին հաջողվեց «նախաձեռնողական» քաղաքականության միջոցով փչացնել հայ–ռուսական հարաբերությունները։ Պուտինի այցն ասվածի վառ ապացույցն է. ավելի նվաստացուցիչ բան դժվար էր պատկերացնել։

ՌԴ նախագահը եկավ Գյումրի, տեսավ սեփական ռազմաբազաները և գնաց՝ թույլ չտալով Սարգսյանին «ջիգյարով» ողջագուրվել իր հետ (կից տեսանյութը կհիշեցնի մեզ այդ պահը)։ «Արևմտամետ» Սարգսյանի աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունն այլ կերպ չէր էլ կարող ավարտվել։

Հիմա մենք արտաքին քաղաքական գործընկերներ չունենք։ Արևմուտքը խիստ նյարդայնացած է և ծրագրեր է մշակում Ս. Սարգսյանի դեմ Հայաստանում շարժում սկսելու համար։ Ռուսաստանն էլ տեսնելով, որ գործ ունի «քցողի» հետ, վարվում է համապատասխան ձևով։ Արդյունքում տուժում է Հայաստանը, քանզի երկու հզորներ պատրաստվում են քաշքշել մեր երկիրը դեպի իրենց կողմը։ Իսկ քաշքշելուց, ինչպես հայտնի է, պատռվածքներ են առաջանում։

Սարգսյանի «այո»–ների քաղաքականությունը բերել է այն բանին, որ բացվել է Արևմուտքի ախորժակը Կովկասում արմատական փոփոխությունների հասնելու հարցում։ Սարգսյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք–Ռուսաստան հակամարտության թատերաբեմ։ Երկու խոշոր խաղացողներն էլ չեն ուզում զիջել։

Արևմուտքին թվացել էր, թե արդեն հասել է իր ուզածին, սակայն Մաքսային միություն մտնելու սարգսյանական որոշումը սառը ջուր էր ընտրակեղծիքները հովանավորած եվրաչինովնիկների համար։ Պուտինն էլ իր հերթին հայտարարեց, որ ՌԴ–ն չի պատրաստվում հեռանալ այստեղից։ Նրա այցը, թերևս, այս նախադասությունն արտասանելու համար էր։ Այսինքն, սպասվում է խոշորների կոշտ դիմակայություն, որի «ավարը» Հայաստանն ու Ղարաբաղն են լինելու և Կովկասը։

Արևմուտքը հիմա շանս է տեսնում Ղարաբաղի հարցը լուծելու (բնականաբար, Ադրբեջանի օգտին, քանզի այս պահին ցանկացած լուծում և ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Ադրբեջանի է լինելու) և աշխարհաքաղաքական փոփոխության հասնելու համար։

Ռուսաստանը կողմ է Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի պահպանմանը, բայց ամեն ինչ, ի վերջո, որոշվում է Երևանում. եթե Հայաստանը տնտեսապես թուլանա և զրկվի բնակչության քանակից, ապա ո՛չ ՀԱՊԿ–ը, ո՛չ ՄՄ–ն, ո՛չ էլ, առավել ևս, ՆԱՏՕ–ն, չի ապահովի մեր անվտանգությունը։

Արևմուտքն ու Ռուսաստանը «դուրս են գրել» Սերժ Սարգսյանին և կուզենային փոխել այստեղ իշխանությունը, բայց ՀՀ քաղաքացիների շահերից բխում է սեփական ուժերով իշխանափոխություն անելը, այլ ոչ թե այս կամ այն ուժային կենտրոնի դրածո ղեկավար ունենալը։

Հետևաբար, պետք է վերջ տալ դատարկ «գեոպոլիծիկային» և զբաղվել ներքին կյանքի օրակարգային թիվ մեկ խնդրով՝ իշխանափոխությամբ։ Դրանից հետո արդեն հնարավոր կլինի բարելավել հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ։ Այլ տարբերակ չկա, քանզի մեզ համար վտանգավոր է և՛ Արևմուտքի հետ միասին հակառուսական կոալիցիայի մեջ մտնելը, և՛ ՌԴ–ի վասալային կցորդ դառնալն ու Արևմուտքի հետ թարսվելը։

Սերժ Սարգսյանը ձախողակ գործիչ է և պետք է հեռանա։

Ի դեպ, հեռանալու ձևի ընտրությունն իրենն է։ Եթե խելքը գլուխը հավաքի, ապա ապահով ծերություն կունենա։ Իսկ եթե մինչև վերջին փամփուշտը դիմադրի, ապա հազիվ թե ապահով ծերության հնարավորություն ունենա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը