Կարծիք

06.12.2013 11:02


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Յուրաքանչյուր քաղաքական էլիտա/լիդեր, գալով իշխանության և վերցնելով այն, բախվում է մի կարևորագույն հարցի՝ ինչպե՞ս անվտանգ կառավարել, եթե ոչ երկրի ու ժողովրդի, ապա գոնե սեփական անձի անվտանգության համար։ Սրա մասին, օրինակ, պալատական քաղաքագետներն ու խորհրդատուները պետք է ոչ միայն բազմիցս ասած լինեին երկրի «տիրակալին», այլ նաև կիրառական քայլեր ձեռնարկեին։ Այսպես, առաջինն, ինչի մասին պետք է խոսեին պալատականները, լեգիտիմությունն է, որն անհրաժեշտ, բայց ոչ բավարար է անվտանգ կառավարելու համար։ Երկրորդը՝ խոսել կառավարման մեթոդների մասին՝ ուժային, թե համոզիչ։ Մեր «տիրակալը» ընտրել է ուժայինը (համոզիչը չի դիտակվում, քանզի միանձնյա որոշումների ու օրենսդիր մարմնում 50+1 պարագայում խոսել այս մեթոդի մասին ցնորքների շարքից է), որը իր կարծիքով լավագույնն է, ու սխալվում է։ Պարզաբանեմ՝ ինչու։

Երկրում ուժգնացող սոցիալ–տնտեսական լարվածությունը, որը քաղաքականի վերաճելու բավականին մեծ միտում ունի, ստեղծում է այնպիսի մի իրավիճակ, որ մշտապես դիմել ուժի կիրառմանը ժամանակի ընթացքում անարդյունավետ, ռեսուրսատար ու անիմաստ է դառնում, այն էլ իրեն ժողովրդավար հռչակած երկրում։ Այսպես, եթե կոպիտ վերցնենք, կառավարության վարած քաղաքականության հետևանքով ստեղծվել են տասնյակից ավել թեժ շարժումներ՝ կապված կառավարության տարբեր ոլորտների ու որոշումների հետ, որոնք չեն բխում քաղաքացիների շահերից։ Քաղաքացիները դուրս են գալիս փողոց, բողոքում են, ներկայացնում են սեփական պահանջները, վախեցած ու տագնապած իշխանությունը շտապում է դիմել ուժի։ Ուժը կիրառվում է մեկ կոնկրետ վերցրած դեպքում, հետո մեկ այլ, ու այդպես շարունակ, բայց խնդիրներն ու դժգոհ քաղաքացիները մնում են։ Բողոքի ցույցերը տարբեր հարցերի վերաբերյալ համակում են ողջ քաղաքը, ուժային ռեսուրսները դառնում են անբավարար ու անարդյունավետ, իսկ դա պետք է որ «տիրակալին» ու «տիրացուին» անպայման մտահոգի, եթե դեռ ադեկվատության ու սեփական անձի անվտանգությունն ընկալելի են իրենց համար։ Այսպիսով, «կամ, կամ»–ի խնդիր է առաջ քաշվում Սարգսյանների համար. կա՛մ հեռանում են (իհարկե, ոչ առանց պատասխանատվության երկիրն այս օրը գցելու համար), կա՛մ հեռացվելու են ավելի վատ ճանապարհով։ Դա ես չեմ ասում, այլ քաղաքագիտության մեջ առկա համաշխարհային փորձն է ապացուցում։

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը