Մեկնաբանություն

05.12.2013 17:12


«Սերժիզմ-տիգրանիզմի» ոճական ուղղությունը մեր իրականության մեջ

«Սերժիզմ-տիգրանիզմի» ոճական ուղղությունը մեր իրականության մեջ

Վերջին երկու օրերին մի քանի հեռուստաընկերություններ, որպես փրկության ազդանշան պարբերաբար, տեղեկացնում են, որ «Դեկտեմբերի 4-ից սկսվել է կենսաթոշակների բաժանման գործընթացը»:

Ասենք, ինչպես 1920-ականների վերջին եւ 1930-ականներին՝ կոլեկտիվացման շրջանում բրիգադիրները շրջում էին գյուղերում եւ գյուղացիներին տեղեկացնում, որ այդ օրը աշխօր բաժանելու օրն է:

Սա՛ է Սերժ Սարգսյանի ձեռքբերումը՝ թոշակառուներին թոշակ ենք տալի՜ս, իմացե՜ք (ոնց որ «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում, գյուղացիները աչքալուսանքի պես իրար ասում էին՝ «Հարեւաններին ջուր են տալի՜ս»):

Ու էս պայմաններում սրանք խոսում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին, արդարացնում իրենց օրենքը եւ ընդունում՝ արհամարհելով թե՛ ժողովրդին եւ թե՛ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների առաջարկը՝ պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին:

Երբ փառապանծ կառավարության որոշմամբ նախկինում կենսաթոշակների վճարման օրը «սահուն» կերպով հետաձգվում է՝ ամսի 2-ը դառնում է ամսի 4, եւ այդ մասին տարփողվում է հետուստաալիքներով, ապա հասկանում ես, որ սա վերջն է: Թեկուզ միայն այն առումով, որ այս իշխանության, կառավարության նկատմամբ այլեւս ոչ մի հավատ չկա: Հետեւաբար, ինչու պետք է 1974-ից հետո ծնվածները պարտադիր 5 տոկոս վճարեն իրենց աղքատավարձից: Եթե կառավարությունն այսօր թոշակների վճարումը հետաձգում է երկու օրով եւ ավելի քան պարզ է թե ինչի համար (այդ նպատակով տրամադրված գումարը երկու օր ի շահ իրեն «ֆռռացնելու» համար), ապա հասկանում ես, որ կուտակայինը «ֆռռացնելու» են միշտ եւ դրանից երբեք չի՛ շահելու քաղաքացին:

Այլեւս մեր իրականությունը չգիտենք ինչ «իզմ»-ով բնութագրել: Սյուրռեալիզմը հաստատ այն չէ… Երեւի՝ «սերժիզմ» եւ «տիգրանիզմ»:

Անսպասելին ու անսովորն արդեն չեն զարմացնում: Զարմացնում են նշված ուղղությունները, որոնց հիմնադիրները ամեն օր իրենց գործունեությամբ «կվալտով» խփում են շարքային քաղաքացիների գլխին:

Երեկ չէ առաջին օրը շարքային քաղաքացին արթնացավ եւ իմացավ, որ «Հայռուսգազարդին» Հայաստանի պարտքը կազմում է 155 միլիոն դոլար: Իսկ երեկ արթնացավ ու իմացավ, որ դա սխալ է՝ պարտք է 300 միլիոն դոլար: Պարտքի մի մասը՝ 155 միլիոն դոլար փակեցին՝ «Հայռուսգազարդի» 20 տոկոսը ռուսական կողմին նվիրելու միջոցով, իսկ մյուս կեսը փակելու համար պարզ է, թե ինչ մեթոդի են դիմելու գործող իշխանությունները: Ավելի շատ են քերթելու շարքային քաղաքացիներին: Որոնք, ի դեպ, մինչեւ երեկ տեղյակ չէին այդ պարտքի մասին: Այն դեպքում, երբ նշվում է, որ պարտքը առկա է եղել 2011 թվականից:

Ով կարող է այս հանելուկը լուծել: Եղել է 300 միլիոն դոլարի պարտք, բայց մինչ այդ՝ 2009-ին Ռուսաստանը մեզ 500 միլիոն դոլարի վարկ է տրամադրել: Ինչի՞ վրա է ծախսվել այդ 500 միլիոնը: Կառավարությունը այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի տալիս, որ իմանանք՝ 500 միլիոնը որքանով է օգտակար եղել ՀՀ շարքային քաղաքացիների համար:

Գոնե հստակ պարզաբանեն՝ «մեր մաշկի վրա զգանք» էլի: Թեկուզ հետին թվով:

Եվ հիմա խոսում են 300 միլիոն դոլարի պարտքի մասին:

2011-ից հետո ինչու չի վճարվել այդ պարտքը, թեկուզ՝ մաս-մաս: Դե, պարզ է, առջեւում 2012-ի խորհրդարանական ընտրություններն էին, հետո՝ նախագահականը: Առաջինի վրա թե որքան գումար է ծախսել իշխող ուժը՝ «տոկոս խփելու» համար, մինչ օրս չեն ասում: Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին «հաղթեցնելու» եւ «տոկոս խփելու» գինը, ինչպես արդեն լրատվամիջոցները գրել են՝ արժեցել է 25 միլիոն դոլար:

Չենք խոսում արդեն Տիգրան Սարգսյանի թանկարժեք թռիչքների, բիոզուգարանների արժեքի, գերատեսչությունների միջոցառումների համար տրամադրված ահռելի գումարների, նախագահականում եւ ԱԳՆ-ում ամեն ամիս հազարավոր դոլարներով ձեռք բերված կոնյակի քանակության, զորիբալայանների տուրիզմի վրա վատնած հարյուրավոր միլիոնների, նունեեսայաններին հատկացված միլիոնավոր դրամների, տարոնական «էրեբունի-Երեւան»–ների վրա մսխված 200 միլիոնների, ԵՄ-ի հետ ավելի քան 3 տարի տեւած բանակցությունների վրա շռայլված հսկայական գումարների, հայրիկյանների «վիրավոր ուսի» վրա դրած միլիոնների եւ այլ՝ անտրամաբանական եւ անհեթեթ ծախսերի մասին, որոնք արվել են պետբյուջեից: «Ատկատների» մասին էլ չենք խոսում, չենք խոսում նաեւ նախագահականի անիմաստ դրամաշնորհների մասին, որոնք տրամադրվել են յուրային Հ/Կ-ներին եւ այդ գումարները, որ կազմում են հարյուրավոր միլիոններ՝ հաջողությամբ լափվել են, քանզի նման կազմակերպություններ բնության մեջ չեն եղել:

Է՛հ, այս ամենը չանեիք եւ վճարեիք 300 միլիոն դոլար պարտքը:

Իրոք, որ մեր իրականությունը այլ կերպ, քան «սերժիզմ» եւ «տիգրանիզմ»՝ չեն անվանի:

Գործելակերպի նոր ոճական ուղղություն, որ երկրին ու ժողովրդին բացարձակապես պետք չէ, քանզի ահավոր վնասակար եւ հետադիմական ուղղություն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը