Մեկնաբանություն

03.12.2013 00:42


Պուտինապատում

Պուտինապատում

Դեկտեմբերի 2–ի առավոտվանից երկիրը վերածվեց մի մեծ գժանոցի: ՌԴ նախագահի ինքնաթիռից ինջնելու պահից մինչեւ ուշ երեկո հանրապետությունը եռում էր: Վլադիմիր Պուտինի պետական այցի հանրային արձագանքներն ու տպավորությունները այնքան խայտաբղետ ու հակասական են, որ մարդ անգամ կորցնում է սեւեռումը:

Պուտինն, իհարկե, մեր երկիր մուտք գործեց տիրոջ կեցվածքով եւ օրվա ընթացքում տեղի ունեցած բոլոր միջացառումներին պահպանեց տեր ու տիրականի իր դիրքը:

Սակայն ուշագրավն այն է, որ հանրությունը, սոցիալական ցանցերի օգտատերերի մեծ մասը այցի առաջին իսկ պահից սկսած կենտրոնացավ հյուընկալող կողմի՝ Սերժ Սարգսյանի վարքագծի վրա:

Երկիրը որպես մի խոշոր աչք դիտում ու ակտիվորեն քննարկում էր Սերժ Սարգսյանի պահվածքը: Մարդն անմիջապես նետվեց առաջ, որ համբուրեր Պուտինին, ավաղ, վերջինս ընդգծված կերպով «դիստանցիա» պահեց՝ հետ մղելով Սարգսյանի ջերմագույն խանդաղատանքով «հարձակումը» իր ուղղությամբ:

Տեսարանն, իրոք, դիտարժան էր: Ամոթալի: Տանտերը Սերժ Սարգսյանը չէ, Պուտինն է, ով էլ ինչպես ցանկանա, այդպես էլ «կողջագուրվի»:

Հավանաբար, նույն տանտիրոջ՝ Պուտինի ցանկությունը կատարելու մղումով էր առաջնորդվել Սարգսյանը, ով Գյումրիի միջտարածաշրջանային համաժողովում ռուսերենով ելույթ ունեցավ: Ընդամենը օրեր առաջ վիլնյուսյան գագաթաժողովում Սարգսյանին կրնկակոխ հետեւում էր նրա թարգմանիչը՝ Արտաշես Էմինը: Միթե հնարավոր չէր Գյումրիում էլ հանդես գալ հայերեն ելույթով՝ համաժամանակյա թարգմանությամբ (մանավանդ, որ Սարգսյանի ռուսերեն խոսքի հնչերանգը ականջ է սղոցում):

Ի դեպ, ավելի վաղ, Տիգրան Սարգսյանն էլ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը նվիրված հուշարձանի բացման առիթով դարձյալ ռուսերեն լեզվով ելույթ ունեցավ: Իսկ Աշոտյանը արդեն 10 օր է, ՖԲ-ում գրառումը գրառումի հետևից է անում՝ փորձելով բոլորիս համոզել, թե մեր երկրում ռուսաց լեզվի կարգավիճակը չի գերազանցի մայրենի լեզվին:

Ավելի բարձր կարգավիճակ կա՞, երբ երկրի առաջին եւ երրորդ դեմքերը սեփական երկրում ռուսերենով են ելույթներ ունենում: Ողջ օրվա ընթացքում, բոլոր միջոցառումների ու արարողությունների ժամանակ:

Ի դեպ, որտեղ էր իշխող ուժը, խորհրդարանը: Սերժ Սարգսյանը բոլորին լիկվիդացրել էր եւ գրեթե միայնակ էր ընդունում, բանակցում եւ շրջում Պուտինի հետ:

Նախագահականում փաստաթղթերի ստորագրման արարողությունը ուղիղ եթերով հեռարձակող «Արմյուզի» հաղորդումը կատարյալ զավեշտ էր. ոչ միայն այն առումով, որ ներկաների խոսքը չէր հասկացվում, այլեւ եթերը այնպես էր «լողում» ասես «Թաքնված տեսախցիկ» էինք նայում:

Ինչեւէ, թույլ չտվեցին մեռելներին Գյումրիում թաղել, երթեւեկությունը կաթվածահար եղավ, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները հավեսով իրենց դրսեւորեցին փողոցներում (ասում են, նաեւ միասեռականներ էլ են եղել), ահագին հերոսացան, քանի որ պահանջում էին Պուտինի հրաժարականը: Մի երկու տասնյակի չափ ակտիվիստների տարան ոստիկանության բաժիններ, հետո բաց թողեցին: Այստեղ են ասել՝ դուրս եք եկել փողոց, որ ի՞նչ անեք: Սեպտեմբերի 3-ից հետո, երբ իմացաք, որ Սերժ Սարգսյանը մեզ տանում է Մաքսային միություն, ինչո՞ւ անցած անցած երեք ամիսներին «Արժանապատիվ Հայաստանի» մասին չէիք մտածում: Ով էր ձեզ խանգարում երեք ամիս առաջ «գրոհել» Բաղրամյան 26-ի ուղղությամբ եւ Սերժ Սարգսյանից պահանջել վերադարձնել «Արժանապատիվ Հայաստանը»: Եթե ոչ՝ հրաժարական տալ:

Երեւի, այն ժամանակ «քաղաքացիական հասարակության» անդամները դեռ «ծիածան» դրոշ չէին ճարել կամ էլ երեք ամիս էր պետք նրանց, որպեսզի սեւ պաստառի վրա գրեն «Ինքնիշխան»:

Ամենակարեւորը չմոռանաք ասել: Սեպտեմբերի 3-ից հետո բոլորը սպասում էին Սերժ Սարգսյանի բացատրության, թե ինչու միանձնյա որոշում կայացրեց մեր երկիրը ՄՄ-ին անդամակցության մասին: Բայց նա համառորեն լռում էր:

Պարզվում է, ոչ թե ինքը պետք է հիմնավորեր եւ նշեր այն, թե ինչ առավելություներ կունենա Հայաստանը ՄՄ մտնելու դեպքում, այլ՝ այդ մասին պետք է հայ ժողովրդին ասեր Պուտինը:

Եկավ եւ ասաց: Գյումրիի համաժողովում ունեցած իր ելույթում Պուտինը ընդգծեց այն տնտեսական առավելությունները, որ կստանա Հայաստանը Մաքսային միությանն անդամակցության շնորհիվ:

ՌԴ նախագահը հայտարարեց նաեւ, որ սա հայ ժողովրդի եւ Հայաստանի ղեկավարության սուվերեն ընտրությունն է: Պուտինն, ակնհայտորեն հումորի զգացում ունի, կամ էլ փորձել է քաղաքավարության շրջանակներում մնալ։

Զարմանալի է, հայ ժողովուրդը ինչի՞ց Է խաբար, կամ նույն Հայաստանի ղեկավարությունը: Մեկ մարդ է որոշել եւ այդ ընտրությունը կատարել է մեկ մարդ, որի ստորաքարշ եւ շողոքորթ վերաբերմունքը Պուտինի նկատամամբ հիմա բոլորս տեսնում ենք։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը