Մեկնաբանություն

02.12.2013 16:46


Որտեղ է վճռվում Հայաստանի ինքնիշխանության հարցը

Որտեղ է վճռվում Հայաստանի ինքնիշխանության հարցը

Սեպտեմբերի 3–ից հետո Հայաստանում սնկի պես աճել են Հայաստանի ինքնիշխանության ջատագովները։ Զարմանալի զուգադիպությամբ՝ բոլոր նրանք, ովքեր պաթետիկ ոճով կուրծք են ծեծում, հիմնականում պաշտպանում էին (այժմ էլ «տակից» են պաշտպանում) Սերժ Սարգսյանի «արևմտամետ» կուրսը։

Հիմա ՀՀ «անկախության ջատագովները» պայքարում են Մաքսային միության և Պուտինի դեմ, սակայն «մոռանում» են, թե ով է կայացրել ՄՄ մտնելու որոշումը։ Ի՞նչ է, եթե Սերժը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրեր, ապա մենք չէինք կորցնի ՀՀ ինքնիշխանությունը, իսկ ահա ՄՄ–ում կկորցնե՞նք։ Նկատենք, որ սա պայքարի թիրախների նենգափոխում է և նեոգեղամյանություն։

Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցնում է ոչ թե Բրյուսելի կամ Մոսկվայի հետ ինտեգրվելով, այլ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական նեղ թիմի վարած քաղաքականության արդյունքում։ Հետևաբար, «դհոլություն» կամ քաղաքական անմեղսունակություն է Հայաստանի ինքնիշխանության համար պայքար մղելու շրջանակներում պահանջել Պուտինի կամ Յանուկովիչի հրաժարականները (տնաբույծ «արևմտամետները» հենց այդպես էլ վարվում են)։

Հայաստանի ինքնիշխանության հարցը վճռվում է Երևանում։ Եթե մեր երկիրը տնտեսապես թուլանում է, մարդիկ արտագաղթում են, աղքատությունը դառնում է համատարած, և կոռուպցիան խժռում է հանրային ու պետական միջոցները, ապա ոչ մի ՀԱՊԿ, ՆԱՏՕ կամ Մաքսային միություն չի կարող ապահովել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը։

Մեկ կարևոր նկատառում. Հայաստանը չպետք է Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում «կամ, կամ»–ի առաջ կանգնի։ Վտանգավոր է ինչպես հակառուսական, այնպես էլ հակաարևմտյան քաղաքականությունը։ Սերժ Սարգսյանը չի կարողացել ապահովել հավասարակշռությունը աշխարհաքաղաքական կենտրոնների միջև և հանուն իր աթոռի պահպանման՝ գնացել է արկածախնդրության ՝ Հայաստանը դարձնելով առևտրի առարկա։ Սա լրացուցիչ փաստարկ է նրան հեռացնելու համար։

Մեր երկրի զարգացման ու անվտանգության ապահովման բանալիները մեր ձեռքում են։ Այդ բանալին տնօրինելու համար իշխանափոխությունը քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրն է։ Ով այս ամենը չի հասկանում, խաղում է Սերժ Սարգսյանի տիրույթում և նպաստում ՀՀ ինքնիշխանության կորստին։ Մնացածը դեմագոգիա է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը