Լրահոս

02.12.2013 16:30


Նաիրա Զոհրաբյան. «Խոսել այս իշխանության և կառավարության հանդեպ հավատի մասին իլյուզիա է»

Նաիրա Զոհրաբյան. «Խոսել այս իշխանության և կառավարության հանդեպ հավատի մասին իլյուզիա է»

ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկած՝ արտահերթ ռեժիմով հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է՝ ընդհանուր առմամբ, կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարին իրենք դեմ չեն, սակայն դա պետք է լինի կամավոր սկզբունքով։

–Քաղաքացին ի՛նքը պիտի բացարձակապես կամավորության սկզբունքով որոշի՝ հավատո՞ւմ է այս իշխանության, այս կառավարության բարեփոխումների տեմպին։ Եվ պետք չէ մեզ անընդհատ հիշեցնել 2010 թվականը։ Մենք ամեն ինչ հրաշալի հիում ենք, բայց մենք՝ որպես քաղաքական ուժ, չէինք կարող կանխատեսել, թե այս կառավարությունը 2010 թվականից առ այսօր ինչ սոցիալական և տնտեսական աղետի եզրին կհասցնի երկիրը։ Եվ այսօր խոսել այս իշխանության և կառավարության հանդեպ հավատի մասին առնվազն ամենամեծ իլյուզիան է։ Այո՛, 2010 թվականին մենք չէինք կարող կանխատեսել, որ 2014թ. նախաշեմին մենք ունենալու ենք կործանված տնտեսություն, արտագաղթի խայտառակ տեմպ։ Այո՛, 2010 թվականին մենք չէինք կարող կանխատեսել այնպիսի կառավարություն, որի իսկ հարցումներով՝ բնակչության 75%–ը չի վստահում նրան,–ԱԺ ամբիոնից ասել է Ն. Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նաև պնդել է, որ օրենքից պարտադիր բաղադրիչը պետք է միանշանակ հանվի, և քաղաքացին ի՛նքը որոշի՝ հավատո՞ւմ է բարեփոխիչ Տիգրան Սարգսյանի բարեփոխուներին, թե՞ ոչ.

–Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը բոլորիս համար միանշանակ է։ Այդ «բարեփոխումների» արդյունքը անցած ողջ տարիների ընթացքում մենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ միասին մեր մաշկի վրա զգացել ենք։ Այդ «բարեփոխումների» արդյունքներն են կատաստրոֆիկ արտագաղթը, աղքատությունը, գործազրկության աճը, օտարերկրյա ներդրումների բացարձակ նվազումը և, որ ամենասարսափելին է՝ հույսի և հավատի կորուստը։ Այս կառավարությունը կարողացավ իր գործունեության արդյունքում հասնել նրան, որ տեղի ունեցավ ամենավտանգավորը՝ ՀՀ քաղաքացին կորցրեց իր հույսը և հավատը։ Եվ այո՛, նա չի հավատում այս ներդրվող համակարգին, այո՛, նա չի հավատում, որ տասնյակ տարիներ անց ինքը կարողանալու է իր մասնահանած գումարներով ապահովել իր արժանապատիվ ծերությունը։ Ունի՞ իրավունք քաղաքացին չհավատալու, միանշանակ ո՛ւնի։

Ն. Զոհրաբյանը ընդգծել է, որ այժմ ՀՀ–ում աղքատության ցուցանիշը շատ ավելի է, քան պաշտոնապես հայտարարվող 32,2%–ը, ինչը զարմանալի չէ, քանի որ, նրա խոսքերով, այս կառավարությունը տնտեսագիտական տարբեր թվային մանիպուլյացիների մեծ մասնագետ է։

–Հանրության համար կենսական նշանակության ունեցող հարցերը պետք է դրվեն հանրաքվեի։ Երկրում տեղի ունեցավ ասոցացման պայմանագրի երկարատև էպոպեան, հարցվե՞ց հանրությանը կարծիքը, թե ոչ։ Սեպտեմբերի 3–ին ՄՄ–ին անդամակցելու որոշում տեղի ունեցավ, հարցվե՞ց հանրությանը կարծիքը։ Դրանք գերակա կարևոր հարցեր էին, և պետք է դրվեին պլեբեսցիտի։

Հիմա Ն. Զոհրաբյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կիրառման օրենքի կապակցությամբ քաղաքացիներին հարցնել՝ հավատո՞ւմ եք բարեփոխիչ այս կառավարությանը։

–Եթե կստանանք պատասխան, որ իրենք հավատում են, ԲՀԿ–ն կպաշտպանի՛ բարեփոխիչ Տիգրան Սարգսյանի ներդրած հերթական տնտեսական և ֆինանսական ավանտյուրան։ Իսկ հիմա ԲՀԿ–ն կոչ է անում խորհրդարանական մեծամասնությանը՝ չտապալել այս նախաձեռնությունը, չենթարկվել կառավարության ճնշումներին, նրանց մանիպուլյացիաներին և թույլ տալ՝ նախագիծը հետաձգվի մեկ տարով, հիմնավոր քննարկենք։ Միգուցե դուք կբերեք այնպիսի երկաթյա հակափաստարկներ, որ կկարողանաք համոզել թե՛ մեզ, թե՛ այս պահին Բաղրամյանի մուտքի մոտ ցույց անող քաղաքացիներին, որոնց այլ ճանապարհ չի մնացել, քան ուղղակիորեն համալրել Հայաստանից մազապուրծ փախչողների բանակը,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը