Մեկնաբանություն

02.12.2013 11:21


Կիևի Մայդանը և «արևմտամետների» մեյդանը

Կիևի Մայդանը և «արևմտամետների» մեյդանը

Մինչև սեպտեմբերի 3–ը հայաստանյան «արևմտամետների» կյանքը ուրախ էր, իսկ ապրուստը՝ ձրի։ Նրանք հնարավորություն էին ստացել հա՛մ իրենց բուն գործով զբաղվելու (պաշտպանել Սերժ Սարգսյանին ու պայքարել ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի դեմ), հա՛մ սկզբունքային երևալու։ Այդպիսի հնարավորություն տալիս էր ՀՀԿ ղեկավարի «արևմտամետ» կուրսը։

Սերժի՝ Մաքսային միություն մտնելու որոշումից հետո «արևմտամետները» մոլորյալ գառնուկի պես չգիտեն, թե ինչ անել։ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տված Սերժ Սարգսյանի դեմ պայքարել չէին կարող (կաթիկները կկտրվեր), բայց մյուս կողմից էլ լրիվ «խուրդվում» էին։

Եվ ահա, այս պայմաններում տնաբույծ «արևմտամետները» իրենց համար ելք են գտել։ Պայքարում են ... Պուտինի դեմ։ Շատ անշառ ու անվնաս գործ է. ո՛չ Պուտինն է նեղանում (քանզի տեղյակ չէ, որ այստեղ իր հրաժարականն են պահանջում), ո՛չ էլ Սարգսյանը։ Ինչպես ասում են՝ և՛ գայլերն են կուշտ մնում, և՛ ոչխարները՝ ողջ։

Ախր շա՜տ մասշտաբային են «արևմտամետները»։ Պուտինի հրաժարականը պահանջելուց ու նրա երևանյան այցի դեմ «դհոլություն» անելուց բացի՝ աջակցում են Ուկրաինայի ցուցարարներին, դատապարտում Կիևում ոստիկանական բիրտ ուժի կիրառումը, քննադատում Յանուկովիչին և աշխարհին կոչ անում՝ աջակցելու Եվրամայդանին։

Բա հո Սերժ Սարգսյանի դե՞մ չէին պայքարելու։ Չէ՞ որ իրենք մասշտաբային գործիչներ են և միայն գլոբալ գործընթացների են արձագանքում։ Նրանց «կակոյ նիբուձ» Սերժ Սարգսյան կամ ՀՀ քաղաքացիներ չեն հետաքրքրում։ Միայն «գեոպոլիծիկ» հարցեր և միայն Հայաստանից դուրս։ Քանզի ներսում Սերժի դեմ պայքարելը վնասակար է ստամոքսին։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Կիևի Մայդանը «մեյդան» հանեց հայաստանյան «արևմտամետներին»։ Հիմա բոլորը տեսան, որ իրենք իրենց «թունդ արևմտամետներ» հռչակած դավիթշահնազարյաններն ու տարատեսակ «պայքարիստները» ընդամենը Բաղրամյան 26–ի «էլիտար» հաճախորդներն են։

Անշուշտ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր անկեղծորեն ուզում են ասոցացվել ԵՄ–ի հետ ու պայքարել ՄՄ–ի դեմ։ Խոսքս, բնականաբար, նրանց մասին չէ։ Խոսքս վերաբերում է այն քաղաքական ու քաղաքացիական կոչված շրջանակներին, ովքեր երեկ Սերժին էին աջակցում, քանզի նա, իբր, ԵՄ էր տանում Հայաստանը, իսկ այսօր կրկին Սերժին են աջակցում, քանզի նա ... ՄՄ է տանում Հայաստանը։ Ահա այսպիսի մազալու բաներ։

Այս խորագրի վերջին նյութերը