Մեկնաբանություն

01.12.2013 00:01


«Սհաթի» հուշարձանը

«Սհաթի» հուշարձանը

Սեպտեմբերի 3-ից հետո հայ հանրության մեծ մասը հեգնանքով ու քամահրանքով վերհիշեց «Օրհնվի էն սհաթը» աբովյանական մաղթանքը եւ շարունակում է ծաղրանքով արտաբերել այդ արտահայտությունը:

Մինչդեռ, պարզվում է իշխանությունները միանգամայն լրջորեն ձեռնարկել են մի գործ, ինչով այդ արտահայտությունը «միս ու արյուն» է ստանում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի պատվին արագ տեմպերով կառուցվել եւ արդեն ավարտին է հասցվել «Միացյալ խաչ» անվամբ հուշարձան, որի վրա գրված է. «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

Կայքերից մեկում տեղադրված տեսանյութում տեսնում ենք սպիտակ սավանով ծածկված հուշարձանը, որի կողքին նաեւ ժամանակավոր բեմ է կառուցվել, արդեն պատրաստ է կարմիր գորգը, որի վրայով պետք է անցնի Պուտինը:

Այն, որ Գյումրին բերվել է առաջին պատրաստության վիճակի, որ դեկտեմբերի 2-ին Երեւանը կենտրոնական փողոցների ու պողոտաների փակումով վերածվելու է մեռյալ քաղաքի՝ ակնհայտ է, բայց պարզվում է, Սերժ Սարգսյանի քծնանքը առ Պուտին սահմաններ չի ճանաչում: Պարտադիր պետք է նաեւ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը նվիրված նոր հուշարձան էլ բացվի: Հավանաբար, հենց Սերժ Սարգսյանն էլ Պուտինի համար կթարգմանի հուշարձանի փորագիր տեքստը՝ «Օրհնյալ է…»։

Սակայն ապշեցուցիչն այն է, որ այս հուշարձանը տեղադրվել է Նալբանդյան փողոցում հենց Միքայել Նալբանդյանի հայտնի արձանի դիմաց:

Մի կողմում ազատության երգիչն է, մյուս կողմում՝ «Միացյալ խաչի» տեսքով անազատությունը խորհրդանշող հուշարձանը:

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

Այսպես է ավարտվում Միքայել Նալբանդյանի հայտնի՝ «Ազատություն» բանաստեղծությունը, որի արձանի կողքով անցնելիս բոլորն են մտքում անգիր ասում այս տողերը:

Իսկ դեկտեմբերի 2-ից հետո Նալբանդյանի արձանի դիմաց տեսնելու ենք մի հուշարձան, որ ամեն վայրկյան մեզ հիշեցնելու է՝ «դու գուբերնիայի բնակիչ ես»:

Իսկ հետաքրքիր է, իշխանությունները մտադիր չե՞ն Ջերմուկից Երեւան բերել Իսրայել Օրու արձանը, ով, ինչպես նշված է ամենուր. «առաջինն էր, որ սկզբնավորեց հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը»:

Դե, քանի որ Պուտինը ժամանակ չունի Ջերմուկ հասնելու, իսկ իշխանությունը, ինչպես տեսնում ենք, ամեն ջանք գործադրում է ցույց տալու համար, թե որքան հավատարիմ է ավագ եղբորը:

Այլ բան հնարավոր էլ չէ սպասել Կրեմլի առջեւ խոնարհվող ստրկամիտ իշխանությունից եւ նրա ղեկավարից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը