Լրահոս

30.07.2009 10:18


Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը քննության առնելով երկրում և նրա շուրջ ընթացող ներկա քաղաքական ու հասարակական գործընթացները, այսօր ևս վերահաստատում է նախկինում Վրաստանի պետական կառուցաձևի վերաբերյալ ընդունած իր տեսակետն ու համոզմունքը, այն է՝ Վրաստանի պետության բարգավաճման, հզորացման ու զարգացման ապագան' ուղղակիորեն կապված է լինելու դաշնային կառուցաձև ունենալու հետ:

Դաշնային համակարգով Վրաստանը վերակազմավորելու հիմքում դրվելու են երկրում ազգային համախումբ և ավանդաբար ապրող ազգությունների առկայությունը, որոնց ազգային, մշակութային և քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության հիմնական երաշխիք կարող են դառնալ դաշնության սուբյեկտները՝ ինքնավարութունները: Այդպիսի կարգավիճակի անհետաձգելի պահանջ է զգացվում նաև մեր տարածաշրջանում ապրող հայերիս համար:

Վրաստանի դաշնային, ժողովրրդավարական կառուցաձև ունենալու անհրաժեշտության մասին իրենց դրական կարծիքներն են հայտնել տարբեր երկրների, այդ թվում նաև Վրաստանի բազում առաջադեմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպություն­ների, միավորումների, ոչ կառավարական կազմակերպություններ ներկա­յա­ցու­ցիչներ:

Այդպիսի գաղափար առաջ քաշվեց նաև հուլիսի 23-ին Վրաստանի պարլամենտում ելույթ ունեցող, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կողմից. «Վերահամարկման պատերազմական տարբերակ գոյություն չունի, միայն խաղաղ և բարգավաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջակա­նությունը վերականգնելու ապագա ունենալ, Աբխազիային և Հարավային Օսեթիային ցույց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ և որտեղ իրենց բնակչությունը կարող է բարգավաճել, որտեղ նրանք կարող են օգտվել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարությունից...»:

 Մենք ողջունում ենք պարոն Բայդենի դաշնային Վրաստան ստեղծելու առաջարկը, որը, համոզված ենք, ԱՄՆ-ի ադմինիստրացիայի կարծիքի արտահայտությունն է: Սակայն նրա ելույթում արհեստականորեն մոռա­ցության մատնվեցին Վրաստանում ապրող այն ազգային փոքրամասնու­թյունները, որոնք ոչ պակաս իրավունքներ ունեն դաշնության անդամ ինքնավարություններ ձևավորելու խնդրում:

 

Պարոն Ջո Բայդենի և ԱՄՆ-ի ադմինիսդրացիայի վերոնշյալ գնահատա­կանը մեկ անգամ ևս հաստատում է դեռեւս քսաներրորդ դարի վերջերից սկսած մեր կողմից Վրաստանի դաշնային կառուցաձև ունենալու անհրա­ժեշտության վերաբերյալ առաջարկությունների նպատակահարմա­րու­թյունը:

Մեր ընտրած քաղաքական պայքարի ճանապարհով մենք ակտիվ մասնակցություն ենք բերելու Վրաստանին դաշնային կառուցաձեւով օժտելու և Ջավախքը այդ դաշնության լիիրավ միավոր դարձնելուն ուղղված գործընթացներին:

Մեր ընտրած ուղին արդար է և ուղղված է Վրաստանը ժողովրդա­վարական, բարգավաճ, հզոր երկիր ձևավորելուն:

Համոզված ենք, որ ազգամիջյան փոխհանդուրժողականությունը պարտա­դիր պահանջ է լինելու Վրաստանի բոլոր ազգությունների քաղաքացիներիս համար:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

Ք.Ախալքալաք

 29. 07. 2009 թ.

Այս խորագրի վերջին նյութերը