Լրահոս

29.07.2009 19:36


Կարկուտը կրկին ավերել է Շիրակի ցանքատարածությունները

Երեկ ժամը 15-ից սկսած՝ ուժեղ կարկուտն ու անձրևը կրկին ավերվածություններ են գործել Շիրակի մարզի Ջրափի, Հայկաձոր, Ձորակապ, Քարաբերդ, Արակապ, Լանջիկ, Մարալիկ, Սարնաղբյուր համյանքներում։ Ըստ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության նախնական տվյալների՝ վերոհիշյալ համայնքներում տեղացած կարկուտն ցորենի և գարու բերքը 80-100%-ով ավերել է։ Կարկուտը որոշ համյանքներում եղել է ձվի մեծության, որի հետևանքով մեծ վնասներ են կրել ավտոմեքենաներն ու բնակելի տները։

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը նշել է. «Եթե նախորդ կարկտահարութունն ըդգրկել էր շուրջ 2000 հա ցանքատարածություն, ապա այս անգամ վնասի չափը, ըստ նախնական տվյալների, հասնում է շուրջ 4500 հա-ի։ Այսօրվանից մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը կաշխատի կարկտահարությունից տուժած հիշյալ համյանքներում՝ ճշտելու պատճառված վնասի չափերը»։

Մարզպետարանի գյուղվարչության մասնագետների կարծիքով՝ կարկտահարությունից պաշտպանվելու միակ տարբերակը հակակարկտային կայանքների տեղադրումն է մարզի՝ Թուրքիային սահմանակից շրջաններում, որտեղից կարկտակիր ամպերը ներխուժում են Հայաստանի տարածք։ Սակայն դրա համար անհրաժեշտ են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնց չեն տիրապետում ո՛չ պետական բյուջեն, ո՛չ էլ այդ հատվածում տեղակայված համայնքները։ Բացի այդ, հակակարկտային կայանքների արդյունավետ աշխատանքի համար մարզում անհրաժեշտ է տեղադրել ռադիոլոկացիոն կայանքներ, որոնք ևս հսկայական ֆինանասական միջոցներ են պահանջում։

Մասնագետների կարծիքով՝ հակակարկտային կայանքների տեղադրումը կարող է լուծել նաև գյուղացիների ցանքատարածությունների և տեխնիկայի ապահովագրության խնդիրը, քանի որ ներկայումս ապահովագրական ընկերությունները խուսափում են Շիրակի մարզի՝ մեծ ռիսկայնություն պարունակող շրջաններում գյուղացիների բերքն ապահովագրել։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը