Մեկնաբանություն

29.11.2013 12:51


«Արևմտամետների» հիստերիկ պահվածքի մասին

«Արևմտամետների» հիստերիկ պահվածքի մասին

Հայաստանյան «արևմտամետները» միշտ են աչքի ընկել հիստերիկ պահվածքով և իռացիոնալ վարքագծով, բայց սեպտեմբերի 3–ից հետո նրանց վիճակը շատ ավելի է վատացել։

Մինչև սեպտեմբերի 3-ը դավիթշահնազարյանները, արամսարգսյանները, «Lragir.am»–ները, «1in.am»–ները գովերգում էին Սերժ Սարգսյանի «ասոցացման» գիծն ու պայքարում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

«Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում է ԵՄ–ի ուղղությամբ, իսկ ռուսամետ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը խանգարում են նրան։ Դա է պատճառը, որ մենք պայքարում ենք այդ երկու քաղաքական ուժերի դեմ»,– դհոլացմանը «գաղափարական» տեսք էին փորձում տալ տնաբույծ «արևմտամետները»։

Մազալուն այն է, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելու և Մաքսային միություն մտնելու մասին, սակայն «արևմտամետները» կրկին շարունակում են պաշտպանել Սերժ Սարգսյանին ու պայքարել ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի դեմ։

Սրանք հիմա մուննաթ են գալիս, թե ինչու Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը չեն պայքարում Մաքսային միության որոշման դեմ։

Աղավնյակնե՛րս, բա ասում էիք, թե ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը ռուսամետ են, իսկ Սերժը պուպուշ արևմտամետ է։ Հիմա ինչո՞ւ եք ձեր չսիրած ԲՀԿ–ից ու ՀԱԿ–ից կառչել։ Թե՞ պետպատվերն է այդպիսին։ Ինչևէ։

Զուգահեռաբար նաև այլ կոդ են առաջ տանում հիստերիկացած «արևմտամետները»։

«Ճիշտ է, Սերժ Սարգսյանը գիշերային որոշմամբ Հայաստանը մտցրեց Մաքսային միություն, բայց չարժե նրա հրաժարականը պահանջել ու հասնել դրան, քանզի այդ դեպքում իշխանության կգան ավելի՛ ռուսամետ ուժեր՝ ի դեմս ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի»,– իրենց հաճախորդացումը «քաղաքական» ու «սկզբունքային» բանաձևման են փորձում ենթարկել հայտնի շրջանակները։

Նկատենք, որ այս բանաձևը կատարյալ դեմագոգիա է։ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տված Սերժ Սարգսյանից ավելի ռուսահպատակ ուժ Հայաստանում չկա։ Հետևաբար, եթե ոմանց համար այս կամ այն գործչի հանդեպ քաղաքական համակրանքն ու հակակրանքը ձևավորվում է ռուսական «ինդիկատորով», ապա «արևմտամետները» պետք է Շանթ Հարությունյանի հետ միասին, մարգանցովկա–բրոնզը գրպաններում և սրած փայտերը ձեռքները, բարձրանային Բաղրամյան 26՝ Սերժի հետ Գյուլիստանի պայմանագրի դետալները «քննարկելու»։ Սակայն մենք հակառակ բանի ականատեսն ենք դառնում։

«Արևմտամետները» հասկանում են, որ արդեն մինչսեպտեմբերերեքյան «ատմազկայով» չեն կարող Սերժին ծառայել ու խայտառակ ձևով «պալիտ» են եղել անգամ քաղաքականապես անմեղսունակների շրջանում։ Հասկանում են և այդ իսկ պատճառով էլ հիստերիկայի մեջ են ընկել։

Այս երկրում քանի՞ հատ հավի ուղեղով մարդ է մնացել, որ ընդունի այն գաղափարը, թե եկեք Սերժի դեմ չպայքարենք, քանզի իշխանության կգան ավելի ռուսամետ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։ Առնվազն Դավիթ Շահնազարյան պետք է լինել նման մտքեր հայտնելու համար։

Մի խոսքով, «արևմտամետների» հիստերիկությունն անհիմն չի։ Ո՞վ լիներ իրենց փոխարեն, որ չհիստերիկանար։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ «Արևմտամետների» համար փրկություն է նաև Պուտինը։ Նրա դեմ պայքարն անշառ է. հա՛մ քեզ բան չի լինում, հա՛մ սկզբունքային ես երևում, հա՛մ էլ շարունակում ես Սերժին ծառայել։

Այս խորագրի վերջին նյութերը