Մեկնաբանություն

27.11.2013 23:42


Դրական դատարկախոսություն

Դրական դատարկախոսություն

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ ակնկալիքներ ունեք վիլնյուսյան գագաթաժողովից, ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, թե ոչ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Միայն դրական ակնկալիքներ ունենք, լցվեք համբերությամբ և կտեսնեք»:

Վերջապե՜ս, իշխանական ճամբարից մի «կոնկրետ» բան լսեցինք, թե չէ երկու օր է քաղաքական գործիչները «գիր-ղուշ» էին գցում՝ պարզելու թե ինչ փաստաթուղթ է ստորագրելու Հայսաստանը: Դա փաստաթո՞ւղթ է լինելու, արձանագրությո՞ւն, թե՞ դատարկ հայտարարություն կամ ձեւական հռչակագիր:

Մինչ այս պահը ոչ ոքի չէր հաջողվել լուծել այս գլուխկոտրուկը: Ահաեւ Տիգրան Սարգսյանը ասաց՝ հանգստացեք, մի օր էլ համբերեք, քանի որ «դրական ակնկալիքներ ունենք»:

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որ երեքուկես տարի բանակցվել էր՝ հայտնի է, թե ինչով ավարտվեց այդ գործընթացը: Այո՛, «դրական» վերջաբանով: Սերժ Սարգսյանը միանձնյա որոշմամբ սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ մտնում ենք Մաքսային միություն: Ի դեպ, այդպես էլ մինչ օրս ոչ ոք չի տեսել այդ փաստաթուղթը:

Մինչ այս պահը իշխանությունը «դրական ակնկալիքներով» գաղտնի է պահում եւ չի բացահայտում այն, թե Հայաստանը ինչ է ստորագրելու Վիլնյուսում:

Գաղտնապահությունը իշխանությանը «դրական ակնկալիքներ» է ներշնչում:

Եվ ամեն անգամ նման մասշտաբի հավաքներից առաջ այնպես են խոսում, ասես՝ տուն են վերադառնալու «դիվանագիտական հաղթանակով»:

Իսկ տուն են վերադառնում ինչպես միշտ: Կամ հանրության շրջանում շոկ առաջացնող որոշումներով:

Չլինի՞ Տիգրան Սարգսյանը «դրական ակնկալիքներ» ասելով մեզ հերթական շոկին է նախապատրաստում:

Ասենք, հիմա էլ Սերժ Սարգսյանը հրաժարվում է Մաքսային միությունից եւ ստորագրում է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

Պուտինի ականջը խուլ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը