Լրահոս

29.07.2009 16:31


Կ. Բեքարյան. «Մոտակա ամիսներին հայ–թուրքական հարաբերությունների թեման դառնալու է գերակա»

Կ. Բեքարյան. «Մոտակա ամիսներին հայ–թուրքական հարաբերությունների թեման դառնալու է գերակա»

Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի առաջարկն այն մասին, թե մինչև Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա այցը, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվի կրոնական արարողությունների համար և գմբեթին խաչ տեղադրվի, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն անվանել է իմիտացիա։ Իսկ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնչած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղը դիտելու կմեկնի միայն այն ժամանակ, երբ «արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին», Կ. Բեքարյանը որակում է որպես Թուրքիային ուղղված հաղորդագրություն, հայաստանյան կողմը տարբերակում է իմիտացիոն կամ ֆոնային քայլերն իրական գործընթացից.

-Հայկական կողմից բավականին հստակ է դրվում, որ այդ կիսախաբուսիկ, կիսամիջավայրային, կիսաֆոնային, կիսաագիտացիոն, կիսապրոպագանդիստական, կիսաիմիտացիոն քայլերից որևէ մեկը չի կարող փոխարինել իրական գործընթացին,- ասել է Կ. Բեքարյանը՝ հավելելով, որ Թուրքիայի կողմից նմանատիպ իմիտացիոն քայլեր դեռ շատ կտեսնենք, քանի որ այդ երկիրն այժմ բավականին դժվար կացության մեջ է և դեռ չի կողնորոշվել։

Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիային անհրաժեշտ է ոչ պակաս, քան Հայաստանին, և եվրաինտեգրման ճանապահին այդ երկրի համար քրդական կամ կիպրական հարցը շատ ավելի բարդ է կարգավորել, քան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային տերություն դառնալ, և ճնշումներ կան ԱՄՆ-ից։ Սակայն, մյուս կողմից, իր երկրի ներսում արմատական ուժերից Թուրքիան բավականին մեծ հակազդեցություն է ունենում և չի ցանկանում կորցնել Ադրբեջանը։ Կ. Բեքարյանի խոսքերով՝ նման պայմաններում Թուրքիան պետք է անի հետևյալը.

-Հույս ունենալ ժամանակ շահել իմիտացիոն գործընթացներով, մյուս կողմից ստեղծել որոշակի իներցիա, որի ներքո մի կողմից կզարգացնի հարաբերությունները՝ ապահովելով այն դրականը, որը Թուրքիային պետք է, մյուս կողմից էլ այդ ժամանակի մեջ ավելի հանգիստ իրավիճակում սեփական հասարակությանը պատրաստել՝ վտանգ չզգալով կամ փորձելով մինիմազացնել վտանգը սեփական արմատական դրսևորումներից։

Կ. Բեքարյանի համազոմամբ, ՀՀ նախագահը նաև ցույց է տվել, որ Թուրքիայի մտածելու ժամկետը հավերժ չէ։

Այսպիսով, ըստ նրա, մոտակա ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների թեման դառնալու է գերակա՝ հաշվի առնելով նաև Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ստեղծված դադարը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարի խոսքերով, նախ փակ սահմաններն անբնական են, ու դրանք պետք է բացվեն, և հետո դա կօգնի Հայաստանին՝ նվազեցնելու Թուրքիայի դերակատարումը ղարաբաղյան հարցում։

-Իսկ եթե Թուրքիան ոչ մի կառուցողական քայլի չգնա, և գործընթացը մտնի գերեզման, դրա տակից դուրս գալը Թուրքիայի համար լինելու է բավականին բարդ։ Հայաստանն ունենալու է նույն իրավիճակը, որն ուներ մինչև գործընթացի սկսվելը, գումարած մեկ շատ հետաքրքիր շտրիխ՝ Հայաստանը ցույց է տվել աշխարհին, որ, անկախ բոլոր տեսակի խնդիրներից, ինքը գնում է բնականոն հարաբերությունների զարգացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը