Մեկնաբանություն

27.11.2013 00:53


Աղքատությունն ու խեղկատակությունը

Աղքատությունն ու խեղկատակությունը

ԱՎԾ-ն հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցը, որում ներկայացված է 2008-2012 թվականներին Հայաստանի աղքատության պատկերը:

Թվերի խառնաշփոթից եւ զեկույցի հեղինակների հայտարարությունից միայն այն հասկացանք, որ իբր աղքատությունը նվազել է: Իրականում, սակայն, 2008-ի համեմատ 2012-ին աղքատության մակարդակը աճել է եւ այսօր, փաստորեն, ամեն երրորդ մարդն աղքատ է:

Աղքատության մակարդակի աճը ԱՎԾ-ում պայմանավորում են տնտեսության խորը` 14,4 տոկոսանոց անկմամբ:

Ինչպես գիտեք, տարիներ շարունակ իշխանությունը տնտեսական անկումը պայմանավորում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Թեպետ, այլեւս չեն խոսում համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, բայց տնտեսության վիճակը մնում է աղետալի, իսկ աղքատության մակարդակն էլ նույնը:

Չնայած այդ ճգնաժամը ամենեւին չազդեց իշխանավորների կենսամարկարդակի վրա, ավելին՝ որքան համաշխարհային ճգնաժամը խորացավ, այնքան իշխանավորների հարստությունն ու կարողությունն ավելացավ:

Որ երկրում աղքատության մակարդակը նման զեկույցներով չի որոշվում՝ հասկանում են բոլորը: Աղքատների եւ ծայրահեղ աղքատների թիվը շատ ավելին է, քան նշված է հիշյալ զեկույցում:

Իսկ կառավարությունը ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել: Ավելի ճիշտ, աղքատության նվազման ուղղությամբ ամեն տարի միայն ինչ-ինչ միջոցառումների ծրագրեր է մշակում, այդ ծրագրերի վրա ծախսելով ահռելի գումարներ եւ մշակված ծրագրերը մնում ն թղթի վրա:

Փոխարենը ծխախոտի դեմ պայքար է սկսում եւ մի քանի ծիծաղելի ակցիաներ է իրականացնում, ընդ որում՝ այդ «պայքարի» արդյունավետության համար բյուջեից հատկացվում են տասնյակ միլիոնավոր դրամներ:

Սոցիալական խոցելի խմբերն ու հազարավոր անապահով ընտանիքներն էլ կարող են դիտել այդ թամաշաները եւ երեւակայել, որ իրենք ապրում են «ապահով Հայաստանում»:

Սակայն, աղքատներին զբաղեցնելու եւ «հուսադրելու» համար ինշխանությունները միայն ծխախոտային արշավներով չեն սահմանափակվում: Մեյդան են գցում անիզախարյաններին, որոնք բողոքի «ակցիաներ» են կազմակերպում եւ մեգաֆոնից ճղճղում են ՝«Սերժ Սարգսյանի հարցը ես վերցնում եմ իմ վրա»: Մի քանի թշվառների շուրջն հավաքած տիկինը խրոխտ բլբլացնում է, թե ստորագրահավաք են սկսում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, հետո վիճակախաղ ենք կազմակերպելու, «մեկ ու կես միլիոն մարդկանցից եթե ամեն մեկը 100 դրամ գցի կասսան, դա կլինի 150 միլիոն, ով կհանի էդ, ամբողջ գումարը իրան կտանք»: Անմիջապես զգացվում է իշխանամետ սցենարիստների ձեռագիրը՝ շահումով խաղեր կազմակերպելու առումով։ Իսկ հետո՞: Հետոն այլեւս կարեւոր չէ, առավելեւս՝ կարեւոր չէ, թե երբ են պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կարեւորը՝ վիճակախաղն է: Էականը՝ գավրոշներին գայթակղելը:

Այսպիսի ծաղրածուներին միայն իշխանությունները կարող են ասպարեզ նետել: Տիկինը նախ վճռական է հրաժարականի հարցում, իսկ վերջում մանրամասնում է վիճակախաղի պայմանները:

Իրոք, գնալով սա խեղկատակների երկիր է դառնում:

Դրանցից մեկն էլ այսօր իր խմբով նստացույց էր անում նախագահականի մոտ:

Մինչ լրատվամիջոցները տեղ կհասնեին, Պարույր Հայրիկյանն ուրախությամբ հայտարարեց, որ ավարտվում է իր նստացույցը, որ անցկացվում էր «Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով:

Վիլնյուսյան գագաթաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցելու մասին Եվրախորհրդարանի տեղեկությունը իսկական փրկօղակ դարձավ Հայրիկյանի համար: «Դե, արդեն գնում է, էլի, վե՛րջ, էլ ուր եմ նրա հրաժարականը պահանջում»: Մոտավորապես, այս պատճառաբանությամբ դադարեցրեց իր նստացույցը եւ հանգիստ գնաց տուն՝ մինչ հաջորդ խեղկատակություն:

Փառք Աստծո, Շանթի նման չբռեցին տարան բանտ, հետո էլ հոգեբուժարան:

Այնպես, որ ամեն ինչ նորմալ է, իշխանությունները շարունակում են փիլիսոփայորեն նայել աղքատության թե՛ աճին եւ թե՛ «նվազմանը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը