Լրահոս

29.07.2009 15:31


Ռուբեն Գալչյան. «Վերջին 20 տարում՝ անկախությունից հետո, Ադրբեջանի կառավարությունը Ալիև հիմնադրամի օժանդակությամբ միլիոններ է ծախսում հակահայ պրոպագանդան տարածելու համար»

-Ես զարմանում եմ՝ մեր իշխանություններն ինչո՞ւ Ադրբեջանի դեմ հայցով չեն դիմում միջազգային դատարան։ Որովհետև սա միջազգային օրենքի տեսանկյունից կեղծիք է, սրա դեմը պետք է առնել։ Եթե թողնենք, մեր պատմության վրայից կանցնենք,-«Հայացք» ակումբում խոսելով  ադրբեջանցիների կողմից պատմությունը խեղաթյուրելու փորձերի մասին՝ ասել է Լոնդոնում Հայաստանի նախկին Պատվո հյուպատոս, «Armenian institut»  կազմակերպության հիմնադիր Ռուբեն Գալչյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական մամուլում և գրականության մեջ անթիվ հակահայկական հերյուրանքներ են հնչել, որոնց, ցավոք սրտի, ոչ՛ նախկինում, ո՛չ էլ այսօր պատասխաններ չեն տրվում։

 -Վերջին 20 տարում՝ անկախությունից հետո, Ադրբեջանի  կառավարությունը Ալիև հիմնադրամի օժանդակությամբ միլիոններ է ծախսում հակահայ պրոպագանդան տարածելու համար՝ ամեն տարի տպագրելով անգլերեն ու ֆրանսերեն գրքեր և ցրելով աշխարհի գրադարաններում։ Եթե հակառակը չխոսենք, 20, 40, 60 տարի հետո  ով հետաքրքրված լինի պատմությամբ և գրադարաններին դիմի, միայն ադրբեջանական գրականություն կգտնի և, հետևաբար, նրանց ստերը կդառնան փաստեր,-ասել է նախկին հյուպատոսը։

Ռուբեն Գալչյանի խոսքերով՝ հակահայկական այդ քարոզչությունը տարվում է ոչ թե անհատների, այլ պետական կառույցների կողմից։

-«Պատերազմ ընդդեմ ադրբեջանի» գիրքը հրատարակել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, որը փաստում է, թե իբր հայերը ոչնչացրել են Ադրբեջանի տարածքում  գտնվող թուրքական և աղվանական հուշարձանները։  Իմ՝ «Ադրբեջանի հորինած պատմությունը. Ադրբեջան և Հայաստան, երևակայություններ և փաստեր» գրքում ես ներկայացրել եմ՝ դա սուտ է,-նշել է նա։

Ռուբեն Գալչյանը նշել է նաև, որ ինքը ցանկացել է այս հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, բայց նա ասել է, թե դրա ժամանակը չունի։

-Այդ նույն ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունում է այն փաստը, որ հրատարակվի «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրքը, որի մեջ Հայաստանի քարտեզի տակ գրված է՝ «Արևմտյան Ադրբեջան»,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը