Մեկնաբանություն

26.11.2013 13:27


Ուկրաինան ակամայից պատռեց Դավիթ Շահնազարյանի եւ Արամ Զավենի Սարգսյանի դիմակները

Ուկրաինան ակամայից պատռեց Դավիթ Շահնազարյանի եւ Արամ Զավենի Սարգսյանի դիմակները

Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, պետք է ուսանելի լինի նաեւ հայ հասարակության համար, քանի որ ուկրաինական երեւույթները յուրօրինակ կերպով բացահայտում են այն իրական պատկերը, որն առկա է ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում:

Եվ այսպես, փորձենք համադրել փաստերը. եւ՛ Հայաստանը, եւ՛ Ուկրաինան վերջին 3-4 տարիների ընթացքում պաշտոնապես հռչակել էին իրենց եվրաինտեգրացման ուղին: Եվ սույն փաստը հաշվի առնելով` Հայաստանի եւ Ուկրաինայի արեւմտամետ զանգվածի զգալի մասը աջակցում էր իշխանություններին` պատճառաբանելով, որ ազգային պետական շահը, ըստ իրենց պատկերացման, եվրոպական ուղիով շատ ավելի բարձր է, քան նեղ անձնական «ռազբոռկաները»:

Ուկրաինայում այն դրսեւորվել էր նրանով, որ Յուլյա Տիմոշենկոյին գրեթե բոլորը մոռացել էին, եւ միայն եվրոպական շրջանակներն էին, որ պարբերաբար հիշեցնում էին նախագահ Յանուկովիչին: Հայաստանում այս պատկերն ավելի գռեհիկ բնույթ ուներ, քանի որ հայ «արեւմտամետները», աջակցելով Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, եվրաինտեգրացիայի ուղուն, իրենց ողջ ռեսուրսներով պայքարում էին «ռուսական իմպերիալիզմի» եւ Հայաստանում իբր ռուսամետ համբավ ունեցող ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի դեմ: Ընդ որում, սույն արեւմտյան ճամբարի առաջնորդներն էին համարվում Դավիթ Շահնազարյանն ու նրա գործընկեր Արամ Զավենի Սարգսյանը, որոնց կողքից աջակցում էին «Ազատ դեմոկրատները», «Ժառանգության» ներկայացուցիչները եւ տարատեսակ խայտաբղետ «արեւմտամետ» ակտիվիստները: Սույն պատկերն այնքան իդեալական էր թվում Սերժ Սարգսյանի համար, որ, կարծես, նա հայտնվել էր հայտնի հեքիաթի մեջ, որտեղ որքան շատ էին քանդվում մարդկանց ճակատագրերը, որքան շատ էին փլուզումները տնտեսական եւ սոցիալական կյանքում, այնքան մեծանում էր նրա աջակցությունը եւ ուժգնանում Պուտինի եւ «ռուսական իմպերիալիզմի» հրաժարականների պահանջը:

Սույն պատկերը նաեւ այնքան զարմանալի էր, որ, կարծես թե, շատերը կանխատեսում էին, որ Հայաստանում կրկնվելու է վրացական մոդելը, սակայն առանց ցնցումների եւ հեղափոխության: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ շատերի համար անսպասելիորեն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարվեց եվրաինտեգրացիայի իր ուղուց, այլեւ հայտարարեց, որ հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը: Իր այս քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանն այնքան հետեւողական դարձավ, որ Զորի Բալայանի շուրթերով հիշեց նաեւ Գյուլիստանի պայմանագիրը, ինչը պարզապես շոկի մեջ էր գցել Հայաստանի ողջ «արեւմտյան» ընկերակցությանը:

Ինչպես հայտնի է, օրեր առաջ եվրաինտեգրացիայի ուղու ժամանակավոր դադարի մասին հայտարարեցին նաեւ Ուկրաինայի իշխանությունները, սակայն ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ նրանք չհայտարարեցին, որ Ուկրաինան միանում է Մաքսային միությանը, եւ դեռ ավելին` չհիշեցին իրենց «Գյուլիստանի պայմանագիրը», սակայն նույնիսկ այդ պարագայում այսօր Կիեւը ալեկոծվում է, հարյուրհազարավոր քաղաքացիներ, իրենց քաղաքական լիդերների հետ միասին, պահանջում են Յանուկովիչից չհրաժարվել եվրաինտեգրացիոն ուղուց: Իսկ հակառակ դեպքում, պահանջում են հրաժարական տալ եւ անցկացնել նոր ընտրություններ:

Կրկին ուշադրություն դարձնենք հետեւյալ հանգամանքին` Յանուկովիչի թիմը հայտարարել է եվրաինտեգրացիոն ուղու ժամանակավոր դադարի մասին եւ չի հայտարարել Մաքսային միությանը միանալու մասին: Մինչդեռ, ի տարբերություն ուկրաինացի արեւմտամետ շրջանակների, հայ «արեւմտամետները» իրենց բողոքն են հայտնում մամուլի ասուլիսներում, ֆեյսբուքներում եւ խոհանոցներում: Իսկ իրենց քաղաքական լիդերները, շփոթված լինելով այս հանգամանքեից, էլ ավելի են ուժգնացնում իրենց պահանջներն ընդդեմ Պուտինի, սակայն ոչ մի խոսք չեն ասում Սերժ Սարգսյանի մասին:

Նույնիսկ «ազնիվ քյարփինջներն» ու վերջացած անմեղսունակներն են հասկանում, որ եթե Հայաստանի «արեւմտամետներն» իսկապես անկեղծ լինեին, ապա սեպտեմբերի 3-ից հետո Ազատության հրապարակից պետք է դուրս չգային: Իսկ այնպիսի թունդ արեւմտամետներ, ինչպիսիք են` Արամ Զավենի Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը, Աղասի Ենոքյանը, Դավիթ Շահնազարյանը, պետք է, որ այդ կապակցությամբ անժամկետ հացադուլ անեին, իսկ հիմա արձանագրենք, թե որտեղ են նրանք այսօր:

Արամ Զավենի Սարգսյանն իր Դավալու գյուղից դուրս չի գալիս, Դավիթ Շահնազարյանը դռնեդուռ ընկած համոզում է, որ չի կարելի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, Տիգրան Սարգսյանն ու Շավարշ Քոչարյանը կոորդինացնում են Մաքսային միություն մտնելու աշխատանքները, իսկ Պուտինի եւ «սերժանտացման» դեմ հայտնի պայքարող Աղասի Ենոքյանը պաշտոնապես մտել է կառավարության կազմի մեջ եւ ակտիվորեն մասնակցում է նույն Մաքսային միությանը միանալու գործընթացին: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներին» եւ «Ժառանագությանը», ապա վերջիններս ծնողներ կորցրած զավակների պես հայտնվել են կոտրած տաշտակի առաջ եւ շարունակում են պայքարել Պուտինի ու «ռուսական իմպերիալիզմի» դեմ:

Բնականաբար, այս պատկերը թերի կլիներ առանց Պարույր Հայրիկյանի, եւ չի բացառվում, որ Պուտինի այցից առաջ Սերժ Սարգսյանը «կամանդիրովկա» ուղարկի հայտնի այլախոհին, որպեսզի նա Բաղրամյան 26-ի պատերի տակ շարունակի «արեւմտամետների» սուրբ գործը` պահանջելով Պուտինի հրաժարականը:

Կարծում ենք` ուկրաինական հայտնի դեպքերը ակամայից բացահայտեցին եւ կազմաքանդեցին գործող նախագահի ողջ ծրագրերը արեւմտամետների մասով, քանի որ Հայաստանում այլեւս «homo sapiens»-ին պատկանող կենդանի չի մնացել, որը չհասկանա, թե ովքեր էին իրականում «արեւմտամետները» եւ ում շահերն էին մինչ այսօր սպասարկում նրանք:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/17454.html

Այս խորագրի վերջին նյութերը