Լրահոս

29.07.2009 15:03


Կարեն Բեքարյան. «Մոտավորապես 1–1,5 տարի Իլհամ Ալիևը բացահայտ սուտ էր ասում սեփական հասարակությանը»

Կարեն Բեքարյան. «Մոտավորապես 1–1,5 տարի Իլհամ Ալիևը բացահայտ սուտ էր ասում սեփական հասարակությանը»

-Մոտավորապես 1-1,5 տարի Իլհամ Ալիևը բացահայտ սուտ էր ասում սեփական հասարակությանը,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ համեմատելով մինչմադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը հայկական կողմի և Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունների հետ։ -Եթե մենք դնենք այսպիսի մի հարցադրում, թե կողմերից ո՞րն էր իր հասարակության հետ ավելի անկեղծ, պատասխանը տրիվիալ է։ Ադրբեջանական կողմը ներքին օգտագործման բոլոր հայտարարություններում աննկարագրելի ապակողմնորոշել է սեփական հասարակությանը։ Բերեմ մի օրինակ՝ Մադրիդյան սկզբունքներում հանրաքվեի կետը «պարտադիր կամարտահայտման հաշվի առմամբ»։ Դա որևէ կերպ ոչ մի կապ ու առնչություն չունի նրա հետ, ինչը հայտարարում էր Իլհամ Ալիևը։

Ըստ Կ. Բեքարյանի՝ Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումը մի քանի նպատակ ուներ.

-Առաջին՝ հերիք է՝ կողմերից որևէ մեկը հույս ունենա, որ եռանախագահողներն իրենց մեջ ունեն խնդիրներ, և բանակցային գործընթացի ոչ արդյունավետությունը բացատրվում է դրանով։ Երկրորդ՝ հերի՛ք է ստել սեփական հասարակություններին։ Մենք գնում ենք գաղտնազերծման, որպեսզի հասարակություններն իմանան այդ ձևաչափը, բանակցային գործընթացի հիմնարար կետերը և այլն։ Երրորդ՝ եթե փոխում ենք համանախագահներին, մենք նաև փորձում ենք ցույց տալ կողմերին, որ մենք բավարարված չենք աշխատանքով և գտնում ենք, որ արդեն ավելի կտրուկ միջոցառումների կարիք կա։

Թեև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխության մեջ Կ. Բեքարյանը նաև մարդկային գործոն է տեսնում։ Նա, օրինակ, հավատում է, որ Մերզլյակովն իսկապես թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես հոգնել է։

ԵԱՀԿ ՄԽ համանախագաների փոփոխությունն էլ, «եթե ֆորսմաժոր չլինի», ապա, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարի կարծիքով, որոշակի դադար կմտցնի բանակցային գործընթացի առաջընթացում։ Թեև չպետք է բացառել, որ այժմյան «պաուզային բերեց Թուրքիայի պահվածքը», որը փորձում էր ԼՂ-ի հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները միմյանց կապել, և ում ձեռքից եռանախագահների հայտարարությամբ այդ հնարավորությունը վերցրել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը