Կարծիք

25.11.2013 12:23


Նինա Մարգարյան

Նինա Մարգարյան

Պետության հիմնական և անբաժանելի հատկանիշներից մեկն ինքնիշխանությունն է, որի բացակայության պարագայում պետությունը դադարում է լինել պետություն: Ինքնիշխանության ամենապարզունակ բացատրությունն անկախ որոշումներ կայացնելու հնարավորությունն է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Դա, կրկնում եմ, ամենապարզունակ բացատրությունն է: ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված է՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Այսինքն, մեր պետությունն անկախ է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական կյանքում որոշումներ կայացնելու մեջ: Այո՛, մենք, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները, անկախ ենք այս կամ այն որոշումը կայացնելու մեջ, այդ թվում՝արտաքին քաղաքականության դաշտում. դա իրենց պոտենցիալ հնարավորությունն է, որի անբաժանելի մասը պատասխանատվությունն է կայացրած որոշումների համար: Իսկ թե ինչ հետևանքների է բերում այս կամ այն որոշումը, արդեն այլ հարց է, և դա կարող է լինել նույնիսկ ինքնիշխանության և պետության կորուստ: Սակայն դա արդեն իշխանությունների այս կամ այլ քայլի հետևանքն է, և պատասխանատվությունը կրում են միայն ու միայն որոշումը կայացրած իշխանությունները:
Այս երկար նախաբանն այն պատճառով գրեցի, քանի որ այսօր մեր հասարակության որոշ զանգվածն ուղղորդված կամ ինքնակամ իր էներգիան ուղղում է Պուտինի դեմ պայքարի կոչերին՝ չգիտակցելով, որ դրանով կասկածի տակ է դնում Հայաստանի՝ պետություն լինելը: Իրականում պետք է պայքարել ոչ թե Պուտինի, այլ առանց որևէ հիմնավորման տարբեր միություններին անդամակցելու, օրվա կուրսով որոշումներ կայացնողի՝ Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ նա հանդիսանում է ինքնիշխան պետության ղեկավար, և ինքն է պատասխանատվություն կրում այս կամ այն որոշման համար: Հենց Սերժ Սարգսյանն է պատրաստակամություն հայտնել միանալ ՄՄ-ին, իսկ դրանից առաջ ԵՄ-ի հետ էր պատրաստվում ասոցացման պայմանագիր ստորագրել, վաղն էլ, գուցե, որոշի, որ Հայաստանը պետք է միանա Արաբական երկրների լիգային: Բայց դա չի նշանակում, որ հասարակությունն, իր բոլոր գործերը թողած, պետք է անդադար պայքարի այս կամ այն երկրորդ պետության ղեկավարների դեմ: Պայքարի թիրախները պետք է ճիշտ ընտրել, և հետևանքների փոխարեն պետք է պայքարել պատճառի դեմ: Դա ամենաարդյունավետը կլինի թե՛ հասարակության, թե՛ ամբողջ պետության համար:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը