Լրահոս

25.11.2013 08:34


Վերաօծվեց Ալաթումանի Սբ. Երրորդություն Եկեղեցին

Վերաօծվեց Ալաթումանի Սբ. Երրորդություն Եկեղեցին

Նոյեմբերի 23-ին ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվեց Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված Խաչքարը՝ մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի: Եկեղեցու վերաօծման կարգից անմիջապես հետո մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանն էր:
Ջավախքի և մասնավորպես Ալաթումանի ժողովրդին թեմի առաջնորդը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքը: Իր ողջյունն էր հղել ներկաներին նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում նշեց. «Այսօր կան մարդիկ, ովքեր, հիրավի, փնտրում են Աստծուն և այդ ճանապարհին գալիս ու խոնարհվում են Աստծո տաճարի առաջ: Հեռավոր հայոց այս գողտրիկ անկյունում ապրում է մի ժողովուրդ, ով քրտնաջան աշխատանքով վաստակում է իր հանապազօրյա հացը և այսքան ամուր կապված է իր եկեղեցուն»:
Սուրբ Երրորդություն Եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ռուսաստանաբնակ, ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ալաթուման գյուղի Եկեղեցու բակում կանգնեցվեց Խաչքար՝ ի հիշատակ Եկեղեցու բարերար Ալիկ Մակարյանի հոր:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը բարձր գնահատեց բարերարի իրականացրած աշխատանքը՝ փոխանցելով օրհնության գիր և Աստվածաշունչ մատյան:
«Ալաթումանցիները գրեթե մեկ դար սպասել էին այս երանելի օրվան: Երազել էին տեսնել Սուրբ Երրորդություն եկեղեցին բարեկարգ վիճակում, երազել էին եկեղեցու զանգերի ղողանջը լսել, մոմ վառել և աղոթել: Եվ ահա Ալիկ Մակարյան բարերարի շնորհիվ շատերի երազանքը իրականություն դարձավ»,- իր խոսքում նշեց Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը:
Ալաթուման գյուղը բազմամարդ էր, ինչպես երբևէ... Մարդկանց աչքերում ուրախության և ցնծության արցունքներ էին երևում: Վերջապես մեկդարյա լռությունից հետո այս գյուղի եկեղեցու զանգերը ևս ղողանջեցին՝ ավետելու, որ Ջավախքում այսօր հայը հոգևոր վերածնունդ է ապրում:
Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, տարածաշրջանի նահանգապետի տեղակալ Հարություն Հովհաննիսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Սուրբ Երրորդություն Եկեղեցու վերաօծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:
Տոնի կապակցությամբ Ալաթուման գյուղի եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել Մավր Մկրտչյանն ու ընկերները: Անկրկնելի ու հիասքանչ պարային կատարումներով հանդես եկավ «Կարին» երգի և պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Իրենց պարային կատարումներով ուրախացրին ներկաներին նաև Բարալեթ գյուղի ազգագրական մանկապատանեկան համույթի սաները:
Հավելենք, որ Ալաթուման գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1760-1790մ բարձրության վրա և սփռված է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Գյուղը երկու թաղերի է բաժանում Ախալքալաք-Տաբածղուր խճուղին:
Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել և վերաբնակվել 18-րդ դարից սկսած Կարնո նահանգի համանուն գավառի Գաղտառիճ գյուղից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Երորդություն Եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, այն քարաշեն, փայտածածկ տանիքով կառույց է: Եկեղեցու շենքը տուժել է 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ: Ներկայումս կանգուն է: Քարաշեն, փայտածածկ, արևմտյան ճակատում միակ մուտքով, նույն ճակտոնի գագաթին զանգակատնով ուղղանկյունաձև կառույց է: Բացի արևմտյան ճակատից և լուսամուտներից, որոնք սրբատաշ քարից են, մնացած հատվածները անմշակ քարից են:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը