Լրահոս

29.07.2009 11:32


Հայաստանի և Սերբիայի Նախագահների հանձնարարությամբ արտգործնախարարները կշարունակեն համագործակցության խորացման ուղղությամբ քայլերը

            Ս.թ. հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի արտգործնախարար Վուկ Յերեմիչին, որը  Երևանում է գտնվում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սերբական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավապայմանագրային դաշտի ձևւավորման,  արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Յերեմիչը նշեց, որ Հայաստանի Նախագահի հրավերով Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, և դա վկայում է, որ Սերբիայի Հանրապետությունը շահագրգիռ է էլ ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Յերեմիչը շարունակեցին ս.թ. հունիսին Մադրիդում սկսված երկխոսությունը Կովկասում և Բալկաններում վերջին զարգացումների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Վուկ Յերեմիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բելգրադ՝ Հայաստանի և Սերբիայի Նախագահների հանձնարարությամբ շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական երկխոսությունը:

Այս խորագրի վերջին նյութերը