Կարծիք

22.11.2013 15:53


Բա ես ո՞նց կարող եմ իմ փողերը վստահել ձեզ։

Բա ես ո՞նց կարող եմ իմ փողերը վստահել ձեզ։

Էսօր աչքովս լուր ընկավ, թե ՀԽ-ն պարտադիր կուտակայինից դժգոհ 2000-ից ավելի քաղաքացու բողոք է ստացել: Հա բա, և դեռ կստանաք ու կստանաք, բա մարդիկ էլ ի՞նչ պետք է անեն: Պարոնա՛յք, բա էլ ո՞նց էիք պատկերացնում էս հարցի շուրջ քննարկումները, եթե էս մի քանի տարվա ընթացքում դուք ամեն ինչ արել եք, որ մարդկանց մոտ ձեր` իշխանությունների նկատմամբ տոտալ անվստահության զգացմունք ձևավորեք:

Բա ես ո՞նց կարող եմ իմ փողերը վստահել ձեզ, եթե մի ժամանակ Տիգրան Սարգսյանը, ով քարոզում էր, թե մեր խնայողությունները պետք է դրամով պահել, 2009-ին մեկ գիշերվա ընթացքում «լողացող» փոխարժեքի «շնորհիվ» մոտ 25 տոկոսով դատարկեց մեր բոլորի գրպանները: Ո՞նց կարելի է վստահել մեր փողերն այս իշխանություններին, երբ Տիգրան Սարգսյանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ պնդում էր, որ այն մեր երկրի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի թողնի, մի հատ էլ մենք դրանից կշահենք, իսկ հետո սկսեց մեր երկրի բոլոր տնտեսական բացասական երևույթները բացատրել ճգնաժամի ազդեցությունով, իսկ իրեն հռչակեց մեր տնտեսության փրկիչ` ասելով, թե կարող էր էլ ավելի վատ լինել, բայց նա կանխեց էդ ամենը:

Հիշենք նաև օրենսդրական «բարեփոխումները», երբ նույն հարկային ոլորտում ինչ-որ փոփոխություն են անում, ինչից մի քանի հազար ձեռնարկություններ փակվում են, և կես տարի հետո վարչապետը կանգնում ու ասում է` «սխալվել ենք, սխալը ընդունել ենք, հարկը վերացնում ենք», բայց դե, արդեն ուշ է, մարդիկ իրենց բիզնեսը փակել, գնացել են «Հայկական աշխարհ» կառուցելու կամ, մեր լեզվով ասած, արտագաղթել են:

Էլ չեմ ասում, որ մեր իշխանություններն ապրում, շնչում և շարժվում են օրվա կուրսով, հակված են գիշերային որոշումներ կայացնելուն և տարբեր բլոկներին միանալուն` երեկ` ԵՄ-ին, էսօր` ՄՄ-ին, վաղը, գուցե, Արաբական երկրների լիգային միանալու ցանկություն հայտնեն և այլն:

Եվ նմանատիպ օրինակների շարքը կարելի է շարունակել ու շարունակել: Հիմա էս պայմաններում ես իմ փողերը ո՞նց վստահեմ սրանց, հատկապես որ էս իշխանությունները պարզապես ուզում են հերթական անգամ ժողովրդից փող պոկել, բայց քանի որ էլ հարկային տեսակ չմնաց, որի միջոցով դա կարելի է անել, իսկ կարմիր գծերն արդեն ոտից գլուխ փաթաթել են քաղաքը, սրանք որոշել են հիմա էլ «կենսաթոշակային բարեփոխումների» միջոցով մեր գրպանները դատարկել:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը