Մեկնաբանություն

22.11.2013 00:36


Էս ինչ անտերություն է

Էս ինչ անտերություն է

Թվում է, երկրում իշխանություն չկա, կառավարություն՝ երբեք էլ չի եղել:

Միայն այսօր կարելի է հաշվել մի քանի բողոքի ակցիաներ, որ տեղի ունեցան հրապարակում, կառավարության շենքի դիմաց եւ այլուր:

Ինչպես անցած երեք ամիսներին, երեկ էլ Ազատության հրապարակում բողոքի ցույց էին անում ազատամարտիկները՝ նորից ու նորից արձանագրելով, որ երկրում համակարգային ճգնաժամ է եւ դիմելով իշխանություններին հայտարարեցին՝ եթե չեք կարողանում երկիրը դուրս բերել ճգնաժամաից, ապա՝ հեռացե՛ք:

Մյուս կողմից էլ «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նորաստեղծ քաղաքացիական նախաձեռնության անդամներին էին հավաքվել կառավարության շենքի մոտ եւ բողոքում էին ռեկետային համակարգի ներդրման դեմ:

Այստեղ էին նաեւ «Նաիրիտի» աշխատակիցները, ովքեր ավելի քան մեկ տարի աշխատավարձ չեն ստացել ու զայրացած բողոքում ու անիծում էին ապիկար կառավարությանը:

Ոտքի են ելել նաեւ «ՀԷՑ»-ի 41 աշխատակիցները, որոնց գործազրկություն է սպառնում:

Փոքրիկ երկրի համար մեկ օրում այսքան «թեժ կետեր» տեսնելը, կարծես թե, պետք է անհանգստացնի եւ մտահոգի իշխանություններին ընդհանրապես, կառավարությանը՝ մասնավորապես:

Այնինչ սրանք «անդարդ Հասանի» պես ոչ մի կողմ չեն նայում, մի կեցվածք են որդեգրել, բացահայտ ասում են՝ թքել ենք բոլորիդ վրա, ինչ ուզում եք արեք, որքան ուզում եք հայհոյեք ու անիծեք, «ով եք դուք վաբշե»:

Ոչ միայն երկրում կուտակված հին խնդիրները չեն փորձում լուծել, այլեւ՝ արհամարհում եւ անտեսում են նորերը:

Հասկանալի է, որ այդ բոլոր խնդիրները իշխանությունների անգործության կամ այլ բնույթի գործունեության, նույն է թե՝ վատ կառավարման հետեւանքով են առաջացել: Եվ եթե, նրանք չեն կարողանում, ավելին՝ չեն էլ ցանկանում ինչ-որ քայլեր ձեռնարկել կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ, ապա ինչի՞ համար են նստել իրենց ճոխ կաբինետներում:

Որ միայն պատուհաններից դիտեն բողոքավոր քաղաքացիներին եւ թաքնվե՞ն նրանցից:

Իշխող ուժի եւ կառավարության անտաբեր եւ ցինիկ վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ կենսաձեւ դարձրած այդ պորտաբույծներին որեւէ ժողովուրդ հազիվ թե հանդուրժեր:

Ներքին կյանքում կուտակված բազում խնդիրները մի կողմ բրախած՝ սրանք «հավսար-զգաստ» գերկարգապահությամբ լծվել են արտաքին խնդիրները դրստելու գործով:

Ողջ իշխանությունը, կառավարությունը «մարաթոնյան վազք» են կազմակերպել, որպեսզի հասցնեն մինչեւ դեկտեմբերի 5-ը քննություն հանձնել Մաքսային միության ղեկավարությանը: Կառավարական արտակարգ «զորակոչ» է հայտարարվել, որպեսզի նշված օրը տեղի ունենալիք ՄՄ աշխատանքային խմբի առաջին նիստում կարողանան պատրաստված ներկայանալ «Ճանապարհային քարտեզի» «շնորհանդեսին»:

Իշխանական, կառավարական բոլոր օղակներում արտակարգ դրություն է հայտարարվել նաեւ ՌԴ նախագահի հայաստանյան այցի առիթով:

Կարծես՝ փրկչի են սպասում: Գուցե այդպես էլ կա՞:

Ա՛յ, կգա Պուտինը եւ իրենց փոխարեն կլուծի ՀՀ-ում կուտակված բոլոր խնդիրները:

Դատելով ամենից, հատկապես՝ ներքին խնդիրները լուծելու անկարողությունից, իշխանությունները, հավանաբար, երկիրն ամբողջությամբ հանձնել է Պուտինին՝ վերջինիս մոտ նազիր-վեզիր աշխատելու պայմանով:

Այդ մասին, երեւի, գիտեին բոլոր նրանք, ովքեր սեպտեմբերի 3-ից այս կողմ՝ Սերժ Սարգսյանին թողած շարունակում են պահանջել Պուտինի հրաժարականը:

Դե, հասկանում եք, երկրում տիրող այս ահավոր վիճակի համար մեղավոր են բոլորը, բացի Սերժ եւ Տիգրան Սարգսյաններից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը