Մեկնաբանություն

21.11.2013 17:35


Տիգրան Սարգսյանը րոպեներ անց

Տիգրան Սարգսյանը րոպեներ անց

Իշխանության որոշ ներկայացուցիչներ քոչել են։ Հայտնվել են «Twitter» սոցիալական ցանցում։ «Facebook»–ն ու «Livejournal»–ը դորդուբեշ արեցին։

Մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գրառումներն է անում այնտեղ և փորձում հասանելի պաշտոնյայի իմիջ ձևավորել։ Նա ներկայացնում է, թե ինչ է անելու րոպեներ անց, կամ ինչ է արել րոպեներ առաջ։

«Րոպեներ անց հանդիպելու եմ Ղազախստանի վարչապետին: Հանդիպման մասին մանրամասները կներկայացվեն կառավարության մամուլի հաղորդագրությունում»։ «Հաջորդ հանդիպումս Բելառուսի վարչապետի հետ է: Մանրամասները` կառավարության մամլո հաղորդագրության մեջ»։ Այսպիսի գրառումներ է նա թողնում «Twitter»–ում։

Անշո՛ւշտ, լավ է, որ պաշտոնյաները գործում են թափանցիկ ու փորձում են իրենց աշխատանքային գրաֆիկի մասին կիսվել բազմաչարչար հայ ժողովրդի հետ։ Բայց վատ է, որ նրանք մինչև վերջ անկեղծ ու թափանցիկ չեն իրենց գործողություններում։

Եթե Տ. Սարգսյանն այդքան բաց է գործում, ապա լավ կլիներ «Twitter»–ում ծանոթանալ նաև նրա այլ բնույթի աշխատանքներին ևս։

Օրինակ՝ լավ կլիներ, որ վարչապետը հանդես գար հետևյալ գրառումներով՝

«Րոպեներ անց Կիպրոսի օֆշորային գոտում կազմակերպություն ենք գրանցում Նավասարդ Կճոյանի հետ, որի արդյունքում մեր անձնական եկամուտներն աճելու են մի քանի միլիոն դոլարով։ Մանրամասների մասին կարող եք տեղեկանալ Փայլակ Հայրապետյանից»։

Կամ էլ՝ «Րոպեներ առաջ ստացա հերթական «ատկատը»։ Պատրաստվում եմ բիոզուգարանների նոր խմբաքանակի գնման գործընթացին։ Գործարքից գոհ եմ։ Մանրամասների մասին կարող եք տեղեկանալ տեղում՝ օգտվելով չաշխատող զուգարաններից»։

Է՛լ ավելի կողջունվեր «Րոպեներ առաջ Բաղրամյան 26–ի հետ համատեղ նոր հարկատեսակ մտածեցինք։ Շնորհավորում եմ բոլորիս, քանզի «Հայկական աշխարհը» կհամալրվի ևս մի քանի հազար նոր բնակիչներով» գրառումն ու անկեղծությունը։

Մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում Տիգրան Սարգսյանը «Twitter»–ում պետք է խոսեր, թե իր որ ընկերը ինչ «տենդեր» շահեց, ու ինչքան է կազմելու այդ գործարքից նրա եկամուտը։

Հայ ժողովրդի համար հետաքրքիր կլիներ իմանալ նաև, թե ինչպես փոշիացվեցին դրսից բերված միլիարդավոր վարկերը։

«Րոպեներ անց կպցնելու եմ հերթական վարկը։ Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ»,– կարող է գրել Տիգրանը։

Մի խոսքով, թափանցիկ աշխատանքը պետք է ամբողջական լինի։ Թե չէ, պաշտոնական լրահոսից մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ վարչապետն ու իր թիմակիցները առավոտից երեկո հալումաշ են լինում հանդիպումների ժամանակ, ու չեն հասցնում հաշվել Երևանի ասֆալտի վրա կարմիր կետագծեր անելու օգնությամբ գոյացած միլիոնները։

«Րոպեներ անց հրաժարական եմ տալիս ու գնում դատախազություն՝ օֆշորային մեքենայության թեմայով ինքնախոստովանական ցուցմունք տալու։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ դատախազության մամլո հաղորդագրության մեջ»։–Ահա՛ թե որը կլինի գործող վարչապետի ամենալավ գրառումը։ Հավաստիացնում եմ, որ այն բազմաթիվ «like»–եր կհավաքի։ Էլ չասած «share»–երի մասին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը