Մեկնաբանություն

21.11.2013 00:40


Պարտադրանքն ընդդեմ պարտադրանքի. կենսաթոշակային «բարեշրջման» մասին

Պարտադրանքն ընդդեմ պարտադրանքի. կենսաթոշակային «բարեշրջման» մասին

Իշխանությունները շատ անհաջող կադր են ընտրել տխրահռչակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը PR անելու համար։

Սեփական տնտեսական ճգնաժամը հայ ժողովրդի հաշվին հաղթահարած և Էկոնոմիակայի նախարար եղած ժամանակ հեքիաթասացությամբ զբաղված Ներսես Երիցյանն է ներկայացնում կենսաթոշակային «բարեշրջումների» լավ կողմերը։

Այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը լավ կողմ ունի, ակնհայտ է։ Հարցն այն է, թե ում համար լավ։

Պարտադիր կենսաաթոշակային վճարներ գանձելը Երևանի ասֆալտների վրա կարմիր ներկ լցնելուց հետո պարտադիր փող կլպելու պես մի բան է. ոչինչ չեն տալիս դիմացը, բայց փողը հավաքում են։

«Սերժ Սարգսյան & Co»–ն այսօր լրացուցիչ փող է ուզում հավաքել՝ խոստանալով տասնամյակներ անց ապահով ծերություն։

Սերժ Սարգսյանը, որ իր երեկվա խոսքն է ֆռռացնում ու մոռանում երեկ չէ առաջին օրվա տված խոստումը, այսօր փորձում է փող հավաքել երկարաժամկետում վերադարձնելու պայմանով։

Իշխանությունների հանդեպ տոտալ անվստահության պայմաններում Սերժ և Տիգրան Սարգսյանները մեզ համոզում են, որ ճիշտը ներկայիս եկամուտների մի մասից բաժանվելն է՝ հանուն վաղվա պայծառ ապագայի։ Եվ այդ մասին խոսում է այն Տիգրան Սարգսյանը, ով պարբերաբար քարոզում էր, թե պետք է խնայողությունները պահել դրամով, բայց երբ ֆիքսված փոխարժեքային քաղաքականության շրջանակներում փոշիացրեց ՀՀ պահուստային դոլարները 700 միլիոն դոլարի չափով՝ դրանից հետո մեկ գիշերվա մեջ «լողացրեց» փոխարժեքն ու հայաստանցիների դրամական խնայողությունները թեթևացրեց 20-25 տոկոսով։

Կուտակային կենսաթոշակային համակարգը միայն կամավորության սկզբունքով կարող է կիրառվել Հայաստանում, քանզի պետական և ֆինանսական ինստիտուտները չունեն վստահության անհրաժեշտ պաշար։ Հակառակ պարագայում ստացվում է հարկային բեռի ավելացում, կամ այլ կերպ ասած՝ պետական «ռեկետ»։

Հետևաբար՝ պետք է իշխանություններին ճնշել և հետ պտտեցնել այդ «բարեշրջումը»։ Փորձը ցույց է տվել, որ սրանց նախաձեռնած ցանկացած քայլի արդյունքում տուժում են ՀՀ քաղաքացիները, իսկ իշխանության վերին օղակները ներկայացնողների անձնական եկամուտներն աճում են։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած պարտադրի «ապահով ծերություն», ապա նույն վերաբերմունքին նրան է պետք արժանացնել։

Պարտադիր կուտակային համակարգին դեմ արտահայտվող ՀՀ քաղաքացիները շահագրգիռ քաղաքական ուժերի հետ համատեղ պետք է պարտադիր կերպով կենսաթոշակի ուղարկեն գործող իշխանություններին։

Պարտադրանքի դեմ միայն պարտադրանքի լեզվով պետք է խոսել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը