Մեկնաբանություն

20.11.2013 16:19


Այդ «անփոխարինելի» Տիգրան Սարգսյանը

Այդ «անփոխարինելի» Տիգրան Սարգսյանը

Ցանկացած նորմալ պետության մեջ Տիգրան Սարգսյանի պես վարչապետին հիսուն անգամ հրաժարականի ուղարկած կլինեին։ Դա լավագույն դեպքում։ Բայց մերն ուրիշ է։

Հայաստանում արձանագրվել է ռեկորդային տնտեսական անկում, մեր երկիրը հայտնվել է աշխարհի տասը վատագույն տնտեսություններ ունեցողների շարքում, բյուջեն «ատկատահան» է արվում, դոլար–դրամ փոխարժեքով մտան ՀՀ քաղաքացիների գրապանն ու 2009թ. մարտի 3–ին արժեզրկեցին բոլորի դրամական միջոցները 20–25 տոկոսով, դասախասությունների վրա միլիոնավոր դոլարներ է վատնվում, արտաքին պարտքը հատել է թույլատրելի սահմանագիծը, արտագաղթը վերածվել է մարդկանց տարհանման, հարկերով խեղդում են բիզնեսի բոլոր շերտերին, սակայն Տիգրան Սարգսյանը մնում է իր աթոռին։

Վարչապետի հրաժարականի համար բավարար կլիներ անգամ բիոզուգարանային պատմությունը։ Դե իսկ օֆշորային մեքենայության համար լացում է քրեական օրենսգիրքը, և Տիգրանի գլուխը պետք է թռչեր «Հետք»–ի առաջին հրապարակումից հետո։ Բայց Տիգրան Սարգսյանը «կանգուն» է ինչպես հնդկական դիցաբանության «ատրիբուտը»։

Պատճառները երկուսն են։ Ավելի ճիշտ՝ շատ պատճառներ ունի Սերժ Սարգսյանը Տիգրանին չհեռացնելու համար, բայց հիմնականները երկուսն են։

Պատճառ 1–ին

Հայտնի խոսք կա. ոչինչ չի միավորում մարդկանց այնպես ինչպես համատեղ գործած հանցանքը։

Սիամական երկվորյակների վերածված Սերժ և Տիգրան Սարգսյանները համատեղ են գործում և այնպես չէ, որ վարչապետն ինքնագլուխ է Հայաստանի տնտեսության «սոկերը» քամում։ Նա գործում է «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու հայեցակարգային դրույթներին համահունչ։

Ս. Սարգսյանի լռությունը, օրինակ, օֆշորային թեմայով գալիս է հաստատելու այն թեզը, որ առնվազն նրա իմացությամբ է «աշխարհիկ» Սարգսյանը «հոգևոր» Կճոյանի հետ միասին «քցել» գործարար Փայլակ Հայրապետյանին։

Միահեծան իշխանական համակարգի կողմնակից Սերժ Սարգսյանն, անշուշտ, տեղյակ է եղել նաև դոլար–դրամ փոխարժեքային «աֆյորայից» և շատ լավ գիտեր, որ Տիգրան Սարգսյանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին դրամով պահել խնայողությունները լրիվ այլ նպատակով։

Ս. Սարգսյանը դժգոհեց իր «սիամ» Տիգրանից նախագահական ընտրություններից առաջ՝ հայտարարելով, որ չորս տարի է կառավարությունը չի կարողանում գնումների ոլորտում կարգ ու կանոն հաստատել, կանխել «ատկատները» և կեղծ «տենդերներ» չկազմակերպել։ Բայց երբ ընտրական տոկոսները «խփվեցին», Սերժը վերանշանակեց Տիգրանին վարչապետի պաշտոնում, իսկ Վերահսկիչ պալատին էլ հանձնարարեց ափռ–ցփռ չխոսել բյուջետային թալանի թեմայով։

Մի խոսքով, «բարի Սերժը և չար Տիգրանը» հեքիաթը մանկամիտների համար է։ Մենք գործ ունենք խմբակային գործունեության հետ։ Տիգրանը, հետևաբար, կմնա այնքան որքան կմնա Սերժը։

Պատճառ 2–րդ

Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին պետք է նաև քաղաքական նպատակներով։ Գործող վարչապետը, պատկերավոր ասած, մինչև ականջները բիոզուգարանի մեջ է, այսինքն՝ վարկաբեկված։ Նրան չեն ընդունում ինչպես աղքատները, այնպես էլ հարուստները։ Քաղքենիների շրջանում էլ նա այլևս չունի «ուսյալ, կրթյալի» համբավ. բոլորն էլ տեսան, որ Տիգրանն ընդամենը ցինիկ է և դեմագոգիայով է զբաղված։

Տիգրան Սարգսյանը իրական հենարան չունի նաև խորհրդարանում։ ՀՀԿ–ական անդեմ մեծամասնությունը դակում է կառավարության ներկայացրած օրինագծերը Բաղրամյան 26–ի թելադրանքով, այլ ոչ թե Տիգրանի ցանկությամբ։

Խորհրդարանից դուրս էլ Տ. Սարգսյանը աջակիցներ չունի։ Նրա բոլոր փորձերն այդ ուղղությամբ տապալվել են։ ՀՌԱԿ–ի նախագիծը չստացվեց, հնչակների պոկված թևը չձգեց, ԱԺՄ–ի բեկորները ոչ մի կերպ հավաքել չի լինում, իսկ կոոպերատիվ ՀՀՇ–ն էլ «խուրդվեց» Արարատ Զուրաբյանի ծննդյան սեղանի շուրջ։

Թող զարմանալի չթվա. այս ամենն անփոխարինելի են դարձնում նրան Սերժի համար։ Տիգրան Սարգսյանը պարզապես գտածո է։ Բաղրամյան 26–ում հիացած են նրանով, քանզի նրա ֆոնին Սերժ Սարգսյանի գրեթե զրոյական վարկանիշը բարձր է թվում։

Բացի այդ՝ չունենալով հենարան ԱԺ–ում և հանրության մոտ, Տիգրան Սարգսյանը չի կարող սպառնալ Սերժի աթոռին, ինչն անխուսափելի կլիներ ցանկացած այլ ֆիգուրի պարագայում։

Սերժ Սարգսյանը չի կարող փոխել Տիգրան Սարգսյանին, քանզի չի կարող վարչապետի աթոռը վստահել քիչ թե շատ ադեկվատ մարդու։ Քանի որ ադեկվատ մարդն անմիջապես կառաջնորդվի ՀՀ սահմանադրությամբ։ Եվ եթե խորհրդարանն էլ ատամ ցույց տվեց, ապա ցանկացած ադեկվատ վարչապետ Սերժին կուղարկի Գյուլիստան։

Ահա այդ պատճառով էլ Տիգրան Սարգսյանը, չնայած իր խայտառակված ու վարկաբեկված լինելուն, մնում է վարչապետի աթոռին։ Ավելի հստակ՝ խայտառակված ու վարկաբեկված լինելն է Տիգրան Սարգսյանին դարձնում անփոխարինելի։ Ավելի խայտառակված ու վարկաբեկված դեմք Սերժը հազիվ թե գտնի։ Ահա և «տիրացուի» երկարակեցության գաղտնիքը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը