Մեկնաբանություն

19.11.2013 00:05


«Ստեղծագործական» դեժավյու

«Ստեղծագործական» դեժավյու

Նրանք, ովքեր անկախությունից հետո մասնակցել են բոլոր ստեղծագործական միությունների բոլոր համագումարներին, կհաստատեն, որ այդ ստալինյան կառույցները իրենց բնույթով ու բովանդակությամբ, գործելակերպով ու համագումարային «արարողակարգով» մնացել են նույնը: 1930-1940-ականներից այս կողմ ոչինչ չի փոխվել:

Միությունների վերջին համագումարները վերստին ապացուցեցին, որ այս դաշտում շարունակվում է նախորդ դարից փոխանցված «լավագույն ավանդույթները»:

Բուխարինյան հայտնի խոստովանությամբ՝ «կոնվեյներային սկզբունքով արտադրված» մտավորականները, որոնք ներկայացնում են արվեստի տարբեր բնագավառներ, հավաքվում են դահլիճներում եւ իրենց համագումարներն են անում:

Հենց սկզբից արդեն պարզ է, թե ինչպես են ընթանալու եւ ինչպես են ավարտվելու այդ հույժ «ստեղծագործական» ժողովները:

1990-ականներին այս միությունների ղեկավարները արագ հասկացան, որ պետք է կատարեն «սոցապ նախարարության» գործառույթ, լոբի ու ձեթ էին բաժանում եւ վերընտրվում էին:

Թվում էր, թե այդ փուլի ավարտից հետո համագումարներում պետք է վերջապես արծարծվեն ստեղծագործական խնդիրներ, մասնակիցները պետք է ոչ միայն լսեն ինչ-որ դզած-փչած ֆինանսական հաշվետվությունների մասին, այլեւ ժամանակի մեծ մասը պետք է նվիրված լինի ստեղծագործական հարցերին. ինչ նվաճումներ կամ ձախողումներ են արձանագրել, արվեստի չափանիշները որքանով են ձեւախեղվել, ինչ ստեղծագործական գաղափարներ են հղացվել եւ իրագործվել՝ հարստացնելով մշակութային դաշտը:

Ավաղ, նման բովանդակությամբ բանավեճեր ու ելույթներ չեն հնչում արդեն 23 տարի:

Կարեւորվում է միայն ղեկավար կազմի ընտրությունը եւ դրանով ամեն ինչ ավարտվում է:

Իսկ նոր ղեկավարություն չի ընտրվում երբեք: Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում միակ անակնկալը տեղի ունեցավ վերջերս կայացած Կոմպոզիտորների միությունում: Ինչ վերաբերվում է գրողների միությանը, ապա այստեղ, թեեւ «նոր առաջնորդի» «ընտրեցին», սակայն անունն է միայն ուրիշ, իրականում նախորդի երկարամյա կառավարման մեթոդի եւ «գրական ընթացքը» նույն պատկերացումներով «առաջ տանելու» կողմնակիցն ու հավատարիմ շարունակողն է: Այնպես, որ դժվար է ասել, թե այստեղ ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել:

Ի դեպ, երկու տասնամյակ նաեւ այս միություններում նույն մարդիկ են «ընտրվում» վարչության անդամներ:

Ավելորդ է ասել, որ իրենց ստեղծագործական համարող այս կառույցներում չի հանդուրժվում այլակարծությունը, մի քանի համարձակ անդամների ընդդիմախոսությունը եւ ընդվզումը՝ գարշահոտ ճահճի վերածված համքարության եւ ցմահ նախագահող ղեկավարների դեմ՝ բնում խեղդվում է:

Ահա՝ շաբաթ օրն էլ տեղի ունեցավ Ճարտարապետների միության, իսկ այսօր՝ Թատերական գործիչների միության համագումարները:

Թե ինչպես անցան այդ ժողովները՝ վերում արդեն նկարագրեցինք, եւ չարժե ներկայացնել:

Ավելի քան 18 տարի Ճարտարապետների միությունը ղեկավարող Մկրտիչ Մինասյանը նորից մնաց իր աթոռին, եւ նաեւ՝ աթոռը պահպանեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով չորրորդ անգամ «ընտրվեց»: Սակայն եթե նկատի առնենք, որ այդ աթոռը նա 2007-ին ժառանգել է հորից՝ Երվանդ Ղազանչյանից, ապա կարելի է ասել, որ այս միության «թագավորական տոհմը» իշխում է անհիշելի ժամանակներից:

Սակայն աբսուրդն այն էր, որ երկու համագումարներում էլ որոշվեց, որ պետք է քվեարկել բաց: Ինչեւէ, համագումարների պատվիրակները բաց «տոկոս խփեցին» ու հանգիստ հեռացան: Ընդ որում, երկու դեպքում էլ այլընտրանքային թեկնածուներ չերեւացին: Ճիշտ ԽՄԿԿ համագումարների ծաղրապատկեր:

Նկատենք նաեւ, որ ավելի քան 600 անդամներ ունեցող միությունների համագումարներում ներկա են լինում հազիվ 120 հոգի: Այսինքն՝ անդամների թվի 20 տոկոսն է մշտապես որոշում, թե ով է ղեկավարելու կառույցը:

Ի դեպ, վերջին տարիներին Ճարտարապետների միությունից հեռացել են տաղանդավոր եւ շնորհալի ճարտարապետները, որոնք առանց միության ակտիվորեն գործում են, ստեղծում հիանալի նախագծեր եւ այդ նախագծերով կառուցված շենքերն ու եկեղեցիները իսկապես թարմ ու հետաքրքիր ու ճաշակով են: Իսկ Մկրտիչ Մինասյանն էլ ակտիվորեն քննադատում է հեռացողների ստեղծած աշխատանքները եւ լռում այն ժամանակ, երբ տեսնում է իր միության անդամների կողմից ստեղծած՝ քաղաքաշինական խախտումներով եւ անճաշակ ու «կարոպկաների» նմանվող շենքերը:

Զավեշտալին նաեւ այն է, որ այս համագումարներում միշտ նույն մարդիկ են ելույթներ ունենում: Եվ առնվազն երկու տասնամյակ սրանք բողոքում են իրենց ոլորտին վերաբերող օրենքի բացակայությունից, ինչը ամեն տարի ԱԺ-ն արհամարհում է եւ օրակարգ չի մտցնում: 15 տարի առաջ, երբ լոբու եւ ձեթի բաժանման գործընթացի ավարտից հետո, այս միությունների համար գերխնդիրը դարձավ օրենքի ընդունումը:

Անհեթեթությունը ուր կարող է հասնել: Թվում է ստեղծագործող մարդիկ առաջինը պետք է գիտակցեն, որ ցանկացած օրենք արգելակող դրույթներ է պարունակում:

Հարց է առաջանում՝ ինչն է խանգարում, օրինակ թատրոններին առանց «Թատրոնի մասին» օրենքի՝ ստեղծել հրաշալի բեմադրություններ: Իրոք, զարմանալի է, այդ օրենքի ընդունման դեպքում կկարողանան ավելի լա՞վ բեմադրություններ անել:

Եթե արդեն երկու տասնամյակ թատրոնները, որոնք գործում են «ընտանեկան կապալի» սկզբունքով՝ չեն կարողանում եւ չեն ցանկանում որակյալ բեմադրություններ ստեղծել եւ այդ կերպ մրցակցել միմյանց հետ, ինչը կմեծացնի իրենց հանդիսատեսների քանակը, ապա այդ ամենը մի՞թե կարող է խթանել օրենքը: Իհարկե՝ ո՛չ:

Իսկապես, սրանց ինչին է պետք օրենքը: Իշխանական սպոնսորները փողը տալիս են՝ գավառական մակարդակի փառատոներ են անցկացնում, որոնք ոչնչով չեն հարստացնում կամ աշխուժացնում մշակութային դաշտը եւ վե՛րջ: Իրենք էլ գոհ ու երջանիկ են, որ իշխանավորները «կաթից» չեն զրկում իրենց:

Կամ՝ ի՞նչ է, եթե օրենք լիներ հայկական թատրոնները միջազգային հեղինակավոր փառատոներից «գրան-պրի՞» Էին բերելու: Իհարկե՝ ո՛չ, բերող լինեին՝ առանց օրենքի էլ կբերեին:

Ակնհայտ է, որ թատրոնները ոչ միայն չեն դիմանում սերիալների մրցակցությանը, այլեւ՝ նույն թատրոնների դերասանները վազում են խաղալու սերիալներում:

Սա խնդիր է, ինչի մասին միության ղեկավարը համառորեն լռում է: Մինչդեռ համագումարը այն տեղն է, ուր անկեղծորեն պետք է քննարկել նման հարցեր:

Ասում են միությունները պետք զբաղվեն նաեւ իրենց անդամների պաշտպանության գործով, կարեւորեն նրանց սոցիալական վիճակին վերաբերող հարցերը: Ավաղ, սա էլ չեն անում: Օրինակ, հիմա բոլորը զայրացած քննարկում եւ բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ:

Իսկ այս երկու համագումարներում բառ անգամ չասվեց այդ մասին: Ասես՝ այդ խնդիրը ճարտարապետներին ու թատերական գործիչներին չի վերաբերում:

Կամ՝ ստեղծագործական մտավորականությանը, որ իրեն այդպիսին է համարում եւ երկար տարիներ նաեւ վրդովված հետապնդում է մի խնդիր, որ իրենց միություններին չպետք է օրենքով հասարակական կազմակերպությունների կարգավիճակ տային՝ այդ «ստեղծագործականներին» մի՞թե չի հետաքրքրում երկրի արտաքին կողմնորոշման հարցը:

Մինչդեռ, սեպտեմբերի 3-ից մինչ օրս այս կողմերից ձայն-ծպտուն չկա:

Կարծես, հեռու իրենցից՝ մեռել են:

Այսինքն՝ սրանց ոչ միայն ստեղծագործական ու սոցիալական, այլեւ քաղաքական խնդիրները չեն հետաքրքրում:

Այդ դեպքում դարձյալ հարց է առաջանում՝ ինչպես կարող ենք արդարացնել ձեր գոյությունն ընդհանրապես:

Մեկ «արդարացում» կա՝ շարունակում են գործել, որպեսզի ինքնամոռաց ծառայեն իշխանություններին: Թեկուզ՝ հանցավոր լռությամբ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը